Սարգսյանն ընդունել է Չարչյանի կալանքի հարցով մտահոգ բժիշկներին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է մի խումբ բժիշկների` նրանց, ովքեր բաց նամակով դիմել էին նախագահին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորման հարցով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ բժշկական հանրության ավելի քան 500 ներկայացուցիչներ էին բաց նամակով դիմել նախագահին` խնդրելով վերացնել Չարչյանի խափանման միջոց կալանքը կամ էլ նպաստել վերացնելու կալանքը։

«Նախագահը բարձր է գնահատել պրոֆեսոր Արմեն Չարչյանի մասնագիտական ներդրումը և վաստակը ՀՀ առողջապահական համակարգի կայացման և զարգացման գործում, ինչպես նաև 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին տրամադրվող բժշկական օգնության հարցում: Հանրապետության նախագահը նշել է, որ իրավական հարցերը պետք է լուծվեն բացառապես իրավական հարթության մեջ»,–նշված է հաղորագրության մեջ։

Սարգսյանը միևնույն ժամանակ ընդգծել է օրենքի իրավաչափ կիրառման, իրավունքի գերակայության ապահովման կարևորությունը: Նշվել է, որ ՀՀ նախագահի լիազորությունները սահմանված են Սահմանադրությամբ, և ինքը գործում է բացառապես այդ լիազորությունների շրջանակում:

Բժիշկները շնորհակալություն են հայտնել նախագահի և նախագահի ինստիտուտի կողմից իրենց նկատմամբ դրսևորած հարգանքի և իրենց նամակին արձագանքելու համար, տեղեկացնում է Sputnik Armenia: