ԱԶԱՏՎԵԼՈՎ «ԱՆՑՅԱԼԻ ԲԵՌԻՑ» ԵՎ «ԿԱՂԱՊԱՐՆԵՐԻՑ»

Գործնականում ամեն օր մենք տեղեկություններ ենք ստանում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով Ադրբեջանի ձեռնարկած այս կամ այն սադրիչ քայլերի մասին։ Այն բանից հետո, երբ հպարտ Նիկոլ-չագուճիկը Ալիևին հանձնեց Արցախը՝ նախապես գերեզման ուղարկելով հինգ հազար տղաների, որպեսզի իրեն դավաճան չհամարեն, Ալիևն արդեն պաշտոնապես նկրտումներ է ներկայացնում Սյունիք-Զանգեզուրի նկատմամբ։

ՊԵՏՔ Է ԿՈՉԵԼ ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ։ Ալիևն ունի Սյունիքի փուլային բռնակցման երկարաժամկետ ծրագիր, և այդ ծրագիրն արդեն մեկնարկել է։ Ծրագիրն ունի ռազմական, տնտեսական և քարոզչական բաղադրիչներ։ Շեշտն առայժմ դրվում է տնտեսականի վրա։ Ալիևը մտադիր է ամենամոտ ապագայում հասնել Երևանի համաձայնությանը դեպի Նախիջևան երկու «միջանցքների» վերաբերյալ, այսինքն Ադրբեջանի արևմտյան շրջանները ինքնավարության հետ կապող երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության բացման։ Ընդ որում այդ շրջաններն Ալիևն արդեն անվանակոչել է «Արևելյան Զանգեզուր»։

Այդ տերմինը Սյունիքի բռնակցման ծրագրի քարոզչական բաղադրիչի մասն է։ Ալիևը մտադիր է աստիճանաբար միջազգային շրջանառության մեջ դնել այդ տերմինը, որպեսզի հետո բարձրացնի «Արևմտյան Զանգեզուրի» պատկանելության հարցը։ Եվ բուն հարցադրումն արդեն ոչ մեկին չի զարմացնի։

Դե, և իհարկե, բռնակցման ծրագիրն ունի նաև ռազմական բաղադրիչ։ Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը վստահ է, որ Ալիևը լոկ հարմար պահի է սպասում՝ հերթական ռազմական արկածախնդրությանը դիմելու համար:

Բաքվի օրակարգը բավականին պարզ է։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը Ադրբեջանի նախագահը քննարկել մտադիր չէ, քանի որ հայտարարում է, թե ինքը՝ Ալիևը, այդ հարցն արդեն լուծել է. չկա ո՛չ «Լեռնային Ղարաբաղ» հասկացություն, ո՛չ էլ կարգավիճակի խնդիր։ Եվ, ինչպես գոհունակությամբ ասում է Ալիևը, Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը շատ ճիշտ ու իմաստուն վարվեց, Բաքվում չհիշատակելով ո՛չ Լեռնային Ղարաբաղը, ո՛չ էլ «ինչ-որ» կարգավիճակի խնդիրը... Ինչ վերաբերում է Մինսկի խմբին, ապա Բաքվում դրան վերաբերվում են որպես անցյալի ուրվականի։ Եվ այդ ուրվականին վերակենդանացնելու անհրաժեշտություն չեն տեսնում։

Այսպիսով, Ալիևի նպատակը միջազգային օրակարգում Լեռնային Ղարաբաղի խնդիրը «Արևմտյան Զանգեզուրի» խնդրով փոխարինելն է։ Դրա համար էլ ներկայումս Բաքվի համար գլխավորը «միջանցքների» բացումն է, ինչը թույլ կտա շարունակել սեղմել օղակը Սյունիքի շուրջ, կա՛մ ուղիղ ճանապարհով, կա՛մ միջնորդավորված՝ Նիկոլին նվիրված օլիգարխների միջոցով ադրբեջանական ու թուրքական կապիտալի ներթափանցմանը զուգահեռ։ Հընթացս ամրապնդել ադրբեջանական զորքերի դիրքերը Սյունիքի սահմանների վրա՝ քայլ առ քայլ առաջ շարժվելով այնտեղ, որտեղ դա հնարավոր կլինի։ Վերջապես, սեղմելով օղակը Սյունիքի շուրջ՝ պահանջել պայմանագրի ստորագրում, որով Հայաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Դե, իսկ հետո պահանջել անկլավների վերադարձ, Արցախում ռուս խաղաղապահների աստիճանական փոխարինում ադրբեջանցիներով՝ ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին Բաքվի անդամակցության դիմաց։

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ՀԱԿԱԴՐԵԼ ԵՐԵՎԱՆՆ ԱՅԴ ՍՑԵՆԱՐԻՆ։ Կարելի է պարզապես ուղարկել գրողի ծոցը՝ հայտարարելով, որ համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության, մինչև որ վերջին ռազմագերիները չվերադառնան, որևէ լրացուցիչ քննարկում չի լինելու։ Բայց դրա համար պետք է բոլորովին այլ իշխանություն, ամուր իշխանություն, հուսալի դաշնակիցներով, որոնք միջազգային ասպարեզում կընդունեն և կաջակցեն նման դիրքորոշմանը։

Ներկայիս իշխանությունը կոշտ ուղեգիծ իրականացնել ի վիճակի չէ։ Եվ չի էլ ցանկանում։ Պատահական չէ, որ Փաշինյանն ու իր կողմնակիցները դեռևս տարիներ առաջ փակ ու կիսափակ զրույցներում հայտարարում էին, որ ուղեգիծ են վերցնում դեպի եվրաատլանտյան ինտեգրում՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղության միջոցով։ Ահա և գնում ենք դեպի այդ խաղաղություն։ Քայլ առ քայլ, ազատվելով «անցյալի բեռից» և «կաղապարներից»։ Ինչի մասին ընկեր Բոլթոնը Փաշինյանին կոչ արեց դեռևս 2018-ին…

Այստեղ խնդիրն այն է, որ Արևմուտքի համար միևնույնն է, թե եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին ինչ գնով Փաշինյանը խաղաղության կհասնի Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Ինչպիսի՞ն կլինի այդ խաղաղությունը։ Արցախում հայերի առկայությամբ, թե՞ առանց նրանց։ Սյունիքով՝ որպես Հայաստանի մաս, թե՞ ինչ-որ արտատարածքային միավոր։ Գլխավորը «խաղաղությունն» է։