ՀԱՅ ԴԱՏԸ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՀՌՉԱԿԵՑ ԱՐՑԱԽԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՃԱՆԱՉՈՒՄԸ. Ի՞ՆՉ Է ԱՆԵԼՈՒ ՄԱԿՈՒՆՑԸ

Օգոստոսի 7-ին ՀՅԴ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ առցանց խորհրդակցություն, որին մասնակցում էին Հայ Դատի տարածաշրջանային հանձնախմբերի և գրասենյակների ներկայացուցիչներ աշխարհի ավելի քան 30 երկրներից: Հիմնական օրակարգը վերաբերում էր Արցախի հետ կապված մի շարք հարցերի։ «Հաշվի առնելով 44-օրյա պատերազմից հետո ստեղծված նոր իրավիճակը և անցած ամիսների զարգացումները՝ կատարվել են քաղաքական առաջնահերթությունների հստակեցումներ ու մարտավարական ճշգրտումներ, որոնք միտված են շուրջ մեկ տասնյակի հասնող ուղղություններում իրազեկման (լոբբիստական) գործիքակազմի համալիր կիրառությամբ առաջ մղել Արցախի ժողովրդի իրավունքներն ու օրինական շահերը»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Խորհրդակցության արդյունքներով որոշում է կայացվել առաջիկա ամիսների ընթացքում նոր թափ հաղորդել Արցախի շահերի պաշտպանությանը, այդ թվում՝ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի և անկախության ճանաչմանը, ինչպես նաև միջազգային հարաբերությունների շեշտակի ընդլայնմանը։ «Նպատակադրված աշխատանք է կատարվելու նաև Արցախում հասունացած մարդասիրական (հումանիտար) ճգնաժամի հաղթահարման, բռնազավթված տարածքներում գտնվող մշակութային ժառանգության պաշտպանության, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների վերադարձի, նրանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ադրբեջանաթուրքական տեղեկատվական սադրանքների չեզոքացման ուղղություններով»,- նշվում Է հայտարարության մեջ:

Ընդգծվում է նաև, որ «Արցախի մեր հայրենակիցները շոշափելիորեն պետք է զգան համայն հայության զորակցությունը ստեղծված ծանրագույն իրավիճակի հաղթահարման և առավել քան 30 տարի առաջ սկսված ազգային ազատագրական պայքարը հաղթական ավարտին հասցնելու համար»։

Ըստ էության, սա յուրօրինակ մանիֆեստ է, որով ՀՅԴ-ն հայտարարում է 1988-ի իդեալների համար պայքարը շարունակելու, Արցախի ազատագրական պայքարի նոր փուլի համար հայության ներուժը համախմբելու վճռականության մասին։ Առանձնահատուկ նշենք առավել սուր և արդիական բոլոր խնդիրների ընդգրկումը, այդ թվում՝ հայկական իշխանությունների անգործության պայմաններում առանձնակի կարևոր դիմակայումը Բաքվի և Անկարայի տեղեկատվական սադրանքներին։

Ըստ էության, այսպիսի կամ համանման փաստաթուղթ պետք է ընդուներ հայկական պետությունը, բայց մի պայմանով, եթե լիներ ազգային կողմնորոշում ունեցող իշխանություն։ Իսկ երբ երկրի ղեկավարությունը որդեգրել է ճիշտ հակառակ ուղեգիծ՝ գործնականում անթաքույց աշխատելով ի նպաստ երրորդ երկրների, առաջին հերթին՝ թշնամական պետությունների շահերի, Արցախի և նրա ժողովրդի շահերի պաշտպանությունը միանգամից մի քանի ուղղություններով դարձել է հասարակական-քաղաքական խնդիր, որի լուծմանը ձեռնամուխ են եղել ընդդիմադիր կուսակցություններն ու կազմակերպությունները։

Ու թեև նախկինում էլ հնչել են մի շարք համանման հայտարարություններ, այդուհանդերձ հենց ՀՅԴ-ի որոշումն է առավել նշանակալի բնույթ ստանում՝ առաջին հերթին ողջ աշխարհում կազմակերպված կառույցների ամուր ցանցի առկայության պատճառով։ Արցախի համար պայքարի էպիկենտրոնը որոշ չափով փոխադրվում է Սփյուռք, առաջին հերթին՝ Հայ Դատի հանձնախմբեր։ Սա ոչ այնքան ցանկալի և դառը իրականություն է՝ կապված Հայաստանում դեռևս շարունակվող հանրային տարանջատության և ընդդիմադիր դաշտի անկազմակերպության, ինչպես նաև հստակ մշակված ծրագրի, առաջիկա ռազմավարության և մարտավարության բացակայության հետ։

Անշուշտ, ՀՅԴ-ն այդ օրակարգն առաջ է մղելու նաև Հայաստանում։ Սակայն ընդունված հայտարարության մի շարք դրույթներ խոսում են այն մասին, որ աշխատանք է տարվելու առավելապես այլ երկրներում։ Հենց այդ մասին է վկայում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ակտիվացումը։ Հետպատերազմյան 9 բարդագույն ամիսների ընթացքում հայ լոբբիստները հասել են Արցախի անկախության ճանաչմանը երկու նահանգների՝ Այդահոյի (ապրիլ) և Նյու Ջերսիի (հունիս) կողմից, ինչպես նաև կարողացել են Ներկայացուցիչների պալատում անցկացնել «Փալոնեի շտկումը», որով արգելվում է ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին. այնուհետ դա պետք է հաստատեն Սենատն ու նախագահը։ Նաև քայլեր են ձեռնարկվել ԱՄՆ-ի կողմից Արցախին ֆինանսական օգնություն ցուցաբերելու և մի ամբողջ շարք այլ նախաձեռնությունների ուղղությամբ։ Այս աշխատանքը գնալով ավելի մեծ թափ կառնի։

Սակայն այստեղ ի հայտ է գալիս մի չափազանց լուրջ խնդիր. որքանո՞վ է հայկական դիվանագիտությունն աջակցելու հայ լոբբիստների գործողություններին։ Չէ՞ որ նախորդ տարիներին այդ աշխատանքը բավական արդյունավետ իրականացվում էր համատեղ, իսկ ջանքերը գործադրվում էին զուգահեռաբար, որովհետև ի սկզբանե կար ընդհանուր նպատակ։ Այսօր Հայաստանի իշխանությունների նպատակներն ու գործողությունները արմատապես չեն համընկնում ազգային շահերի հետ, իսկ ՀՀ ղեկավարությունը և վարչապետը, ըստ էության, բացահայտ աշխատում են ի նպաստ թշնամական երկրների շահերի և նպատակների։ Փաշինյանի թիմի և հայ ժողովրդի ազգային կողմնորոշված հատվածի, այդ թվում ՝ Սփյուռքի միջև առկա խոր և սկզբունքային ջրբաժանը համոզիչ կերպով դրսևորվեց վերջերս խորհրդարանում Արցախի հարցով հանձնաժողովի ստեղծման հարցի քննարկման ժամանակ:

Այս խորապատկերին, հատկապես ՀՀ դեսպանի պաշտոնում Փաշինյանի մերձավոր թիմակից Լիլիթ Մակունցի սկանդալային նշանակումից հետո, դժվար է համակարգված աշխատանք ակնկալել ի պաշտպանություն Արցախի շահերի։ Այն պայմաններում, երբ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում հանրապետության միջազգային ճանաչման համար, երբ Արցախի հարցը փաստացի հանված է Երևանի արտաքին քաղաքական օրակարգից ու համառորեն շրջանառվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին փաստաթղթի ստորագրման փաստը, հայ լոբբիստների հետ ՀՀ դեսպանության ի՞նչ համագործակցության մասին կարող է խոսք լինել:

Թե ինչ օրակարգով է Վաշինգտոն մեկնում Մակունցը, հայտնի չէ, բայց վստահորեն կարելի է ենթադրել, որ Արցախի շահերի պաշտպանությունն ու ճանաչումը դրա մեջ չեն մտնում։ Ամենայն հավանականությամբ, տարածաշրջանային առումով նա կաշխատի «խաղաղասիրության» և «խաղաղարարության», թուրքերի հետ շփումների կարգավորման ու համատեղ տնտեսական նախագծերի կեղծ օրակարգով։ Ելնելով դրանից և ՀՅԴ հայտարարությունից՝ կարելի է վստահաբար ենթադրել, որ լոբբիստական կազմակերպությունների և ՀՀ դեսպանության շփման կետերը քիչ կլինեն։ Քանզի հենց Դաշնակցությունն է, որ ԱՄՆ-ում ունի առավել հզոր և ազդեցիկ կառույց՝ ամերիկյան իսթեբլիշմենթում և հասարակական-քաղաքական դաշտում աշխատանքի հսկայական փորձառությամբ։

Օրերս Հարութ Սասունյանը News.am-ին տված հարցազրույցում բացեիբաց խոսեց այն մասին, որ «անիրազեկ ու անփորձ» Լիլիթ Մակունցին դեսպան նշանակելը «շատ վատ հետևանքներ կունենա ինչպես Հայաստանի, այնպես էլ հայության շահերի համար, կխզի դրական կապերը ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերություններում, բացասաբար կազդի ամերիկահայերի վրա, որոնք դեմ են այդ նշանակմանը»:

Մեր կողմից հավելենք, որ հարցը միայն Մակունցի անիրազեկությունն ու դիլետանտիզմը չէ։ Խնդիրը շատ ավելի լայն է և թաքնված է Արցախի ու Հայաստանի ապագայի նկատմամբ ՀՀ իշխանությունների և Սփյուռքի կազմակերպությունների, մասնավորապես՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մոտեցումների արմատական անհամապատասխանության մեջ։ Այս առումով դեսպանի անձից քիչ բան է կախված. այդ պաշտոնում Փաշինյանի նշանակած ցանկացած ոք պարտավոր կլիներ վարել այն քաղաքականությունը, որն ընդունված է պաշտոնական Երևանի կողմից։ Եվ եթե իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախի հարցում, ապա ԱՄՆ-ում, ինչպեսև ցանկացած այլ երկրում ՀՀ դեսպանն էլ համապատասխան քաղաքականություն է վարելու։

Այսպիսով, միանգամայն իրական է պարադոքսալ իրավիճակը, երբ լոբբիստներն առաջ են մղում այն, ինչը բոլորովին դուր չի գալիս ՀՀ ղեկավարությանը, իսկ ամերիկացի կոնգրեսականները շատ ավելի հայանպաստ դիրքորոշում են ցուցաբերում, քան Հայաստանի դեսպանը։ Ի՞նչ է անելու Մակունցը. լուռ հանդուրժելու է Հայ Դատի գործունեությունը և չի միջամտելու գործընթացներին, սքողված պայքար է մղելու ՀՅԴ-ի դեմ՝ Սփյուռքի այլ, ավելի հնազանդ և Փաշինյանին սատարող կազմակերպությունների օգնությամբ, թե՞ այնուամենայնիվ օգնելու է դաշնակցականներին։

Կա, ի դեպ, նաև այլ ճանապարհ. միանալ թուրքական լոբբիստներին՝ հայկական կառույցների դեմ նրանց պայքարում։ Անհավանակա՞ն է։ Քա՜վ լիցի. քանի դեռ Փաշինյանն ու մակունցները իշխանության ղեկին են, հնարավոր է ամեն ինչ, ներառյալ այն, ինչը նախկինում անհավանական էր թվում, բայց վաղուց դարձել է ակնհայտ։