3 ԱՄԻՍ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՌՆԱԶԱՎԹՄԱՆ ՕՐՎԱՆԻՑ

Վտանգավոր նախադեպ. բռնազավթումը սկսվեց առանց գեթ մեկ կրակոցի

Կոլեգիայի նիստում պաշտպանության նախարար Արշակ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հնչեցրած հրամանը՝ Հայաստանի սահմանն անցնելու փորձի դեպքում ադրբեջանցի զինվորականների ոչնչացման մասին, ոչ միանշանակ արձագանք հարուցեց մայիսի 12-ից հետո ստեղծված իրողությունների խորապատկերին։

Է՛լ ավելի մեծ տարակուսանք առաջացրեց պետական սահմանի խախտմանը համարժեք արձագանքի բացակայության դեպքում հրամանատարների պատասխանատվության մասին արտահայտությունը. չէ՞ որ մայիսի 12-ից ի վեր մենք ականատես ենք հենց այդ արձագանքի բացակայությանը։

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նախարարի որոշումն անվանեց ուշացած։ Գեներալը հաղորդեց մի շատ կարևոր տեղեկություն, ըստ որի՝ կրակելու բանավոր հրամանն ամրագրվել է ՊՆ ստորաբաժանումներին և ԱԱԾ-ի կազմում սահմանապահ ստորաբաժանումներին տրված հանձնարարականով. իրենց մոտ ունենալ ձեռնամարտ վարելու միջոցներ։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր հերթին հիշեցրեց, որ մինչ օրս ոչ ոք ո՛չ քրեական, ո՛չ էլ քաղաքական պատասխանատվության չի ենթարկվել այն բանի համար, որ հայկական զինված ուժերը չեն կրակել մայիսի 12-ին սահմանը խախտողների վրա: «Դա շատ վտանգավոր նախադեպ է ստեղծել»,- ընդգծեց պատգամավորը:

Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի տարածքների բռնազավթումը տեղի ունեցավ առանց հայկական կողմից արձակված գեթ մեկ կրակոցի։ Հայկական զինված ուժերը ոչ մի կերպ չարձագանքեցին ադրբեջանցիների առաջխաղացմանը երկրի խորք, մարտական դիրքերի կառուցմանն ու կահավորմանը, թեև ակնհայտ է, որ այդ դիրքերը կառուցվում ու ամրացվում էին առաջիկա մարտական գործողությունների նկատառումով։ Ուրիշ ինչի՞ համար են դիրքեր կառուցում ու կահավորում։ Մայիսի 12-ից ի վեր Հայաստանի տարածքում ադրբեջանցիների բոլոր գործողություններն իրականացվել են իշխանությունների լուռ թողտվությամբ։ Ակնհայտ է, որ բանավոր հրամանը, որի մասին խոսում է Օհանյանը, բխել է Փաշինյանից։

Պայմանավորված բռնազավթում՝ պայմանավորված պատերազմից հետո

Ակնհայտ է, որ պայմանավորված պատերազմից և Արցախի Հանրապետության տարածքի 75%-ը հանձնելուց հետո մենք գործ ունենք Հայաստանի տարածքի պայմանավորված բռնազավթման հետ։ Մինչև հունիսի 20-ը զավթիչները չեն կրակել, իսկ արտահերթ ընտրություններից հետո օկուպացիան մտել է թեժ փուլ։

Բայց նույնիսկ այն ժամանակ, երբ ադրբեջանցիները ականանետներով ու նռնականետներով գնդակոծում էին հայկական ԶՈՒ դիրքերը և կրակ բացում համայնքների ուղղությամբ, հայկական կողմից մշտապես հայտարարություններ էին հնչում այն մասին, թե հայկական ԶՈՒ-ն պատասխան կրակ է բացել՝ պաշտպանելով իր դիրքերն ու քաղաքացիական բնակչությանը, ասել է թե՝ մենք օկուպանտներին ձեռք չենք տվել, մենք միայն պաշտպանվել ենք:

Եթե նախարարը հրամայում է ոչնչացնել պետական սահմանը խախտողներին, ուրեմն մինչ այդ գործել է այլ հրաման, և դրա կատարմանը ականատես է եղել երկրի ողջ բնակչությունը։ Ուրեմն ո՞վ է տվել զավթիչների վրա չկրակելու հրամանը, որը գործել է մայիսի 12-ից մինչև օգոստոսի 5-ը։ Այդ մարդու անունը պետք է հնչի պաշտոնապես: Նա, ով տվել է այդ հրամանը, հանցագործություն է կատարել։ Չկրակել բռնազավթիչների վրա, թույլ տալ նրանց կողմից մարտական դիրքերի շինարարություն և կահավորում, թողտվություն ցուցաբերել խաղաղ բնակիչներին ծեծի ենթարկելու, զինվորականների առևանգման, արոտավայրերի խլման, թալանի ու անասնագողության նկատմամբ՝ սա դավաճանություն է։ Այն դրսևորվել է զավթիչների վրա չկրակելու արգելանքով։

Արդյունքում սահմանամերձ համայնքները զավթիչներից պաշտպանում են տեղի աշխարհազորայինները՝ համայնքների ղեկավարների գլխավորությամբ, մայիսի 12-ին զինված ադրբեջանցիներին արոտավայրերում բախվել են հովիվները։ Բռնազավթման թեժ փուլի սկսվելուց հետո զոհվել է երեք, վիրավորվել հինգ զինվորական։ Ո՞վ է պատիժ կրելու դրա համար։ Գուցե նա, ով հաստատ գիտե՞ր, որ մինչև ընտրությունները զավթիչները չեն կրակելու։ Գիտեր նաև, որ ռազմական գործողություններ կարող են բռնկվել հունիսի 20-ից հետո ցանկացած օր…

Ամենայն հավանականությամբ, հենց բռնազավթման թեման է թեժ բանավեճի պատճառ դարձել Կարապետյանի և Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի միջև, երբ զրուցակիցներն աթոռներ ու գրասենյակային այլ առարկաներ են նետել իրար վրա։ Հարաբերությունների բուռն պարզաբանման պատմությունը արտահոսեց ՊՆ-ից, այդ թեմայով առաջին հրապարակումներից հետո երկու գեներալները հայտարարեցին, թե նման բան չի եղել։ Եղե՛լ է։ Միայն թե այդ ժամանակ Կարապետյանը դեռ նախարար չէր, ուստի Դավթյանը նրան չէր ենթարկվում…

Իսկ ինչպե՞ս են վարվելու բռնազավթիչների հետ

Որպես պաշտպանության նախարարի պաշտոնակատար, առաջին փոխնախարարի պաշտոնում նշանակված Կարապետյանը հուլիսի 27-ին Մոսկվայում հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, այնուհետ տեղի է ունեցել Կարապետյանի հանդիպումը ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ: Երկու դեպքում էլ խոսքը վերաբերել է սահմանների վրա տիրող իրավիճակին։

Ինքնիշխան Հայաստանի սահմանը խախտելու փորձի դեպքում ադրբեջանցի զինվորականներին ոչնչացնելու հրամանը հնչեցվեց այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ Ոսկեպար համայնքի (Տավուշի մարզ) տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, որոնք այնտեղ սահմանապահ կետերի ամրապնդման շինարարական աշխատանքներ են կատարում: Հայկական սահմանները հանձնել են ռուս սահմանապահներին՝ Հայաստանի ինքնիշխանության մասին նիկոլական քարոզչամեքենայի ամպագոռգոռ հայտարարությունների ներքո։ Հասարակությունը ոչ միանշանակ վերաբերմունք է արտահայտում ռուս սահմանապահների տեղակայմանը։

Իսկ ինչպե՞ս են վարվելու այն ադրբեջանցիների հետ, որոնք անցել են սահմանը մայիսի 12-ին և այդ օրից ի վեր դիրքեր են կառուցել ու ամրացրել ինքնիշխան պետության տարածքում։ Զավթիչների վրա կրակելու հրամանը հետադարձ ուժ ունի, թե՞ խոսքը միայն սահմանի խախտման հետագա փորձերի մասին է։ Իսկ ինչպե՞ս վարվել նրանց հետ, ովքեր մայիսի 12-ից դիրքերում են։ Ի դեպ, նորաթուխ պաշտպանության նախարարի հրամանին բռնազավթիչները օգոստոսի 6-ին պատասխանեցին Երասխում հայկական զինված ուժերի դիրքերի գնդակոծությամբ։

Հարցերը շատ են, կարծում եմ՝ Կարապետյանը ստիպված կլինի պատասխանել դրանց խորհրդարանական քառօրյայի առաջին իսկ նիստի ժամանակ, երբ կառավարության անդամները պետք է պատասխանեն պատգամավորների հարցերին: Գուցե այդ ժամանակ վերջնականապես պարզվի, թե ինչ է մտադիր ձեռնարկել հայկական զինուժի հրամանատարությունը զավթիչների նկատմամբ։ Եթե մինչև հիմա չկրակելու հրամանը հավասարեցվում էր Հայաստանի տարածքում ռազմական ահագնացումից խուսափելու փորձին, ապա ի՞նչ է փոխվել Կարապետյանի Մոսկվա կատարած այցից հետո։ Հիմա մենք չե՞նք վախենում ահագնացումից և Ադրբեջանի հետ նոր լայնածավալ պատերազմից։