ՈՐՏԵՂ ԵՎ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Շոյգուն՝ տեղեկատվական գրոհների պատրաստման ռազմավարական կենտրոնների մասին

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն օրերս հայտարարեց, որ Ռիգայում, Տալլինում, Վարշավայում և այլ քաղաքներում գործում են Ռուսաստանի դեմ տեղեկատվական գրոհների նախապատրաստման ռազմավարական կենտրոններ: Այդ գրոհները վարելու համար ներգրավում են ռուսաստանցիների. ընտրությունը կատարվում է սոցցանցերում, հիմք ընդունելով ՌԴ քաղաքացիների արտահայտությունների բովանդակությունը։ Այդ արտահայտությունները հստակ հեռարձակում են համապատասխան վճարի դիմաց ազգային շահերին դավաճանելու այս կամ այն անձի պատրաստակամությունը։

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԻՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ է ՏՐՎՈՒՄ: ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐՎՈՒՄ Է ՇԱՏ ԼՐՋՈՐԵՆ։ Նախարարն ընդգծեց, որ արևմտյան կենտրոններում Ռուսաստանի համար ընդդիմություն են պատրաստում հենց Ռուսաստանի քաղաքացիներից։ Նրա խոսքերով՝ տեղեկատվական գրոհների արագացված դասընթացների տասնյակ շրջանավարտներ ամեն եռամսյակ վերադառնում են հայրենիք՝ արտաքին ուժերի առաջադրանքով աշխատելու համար։

Այսօր հարկ չկա տարիներով դիվերսանտներ պատրաստել և ապահովել լեզվի լավ իմացությամբ լրտեսների ներդրումը՝ գաղտնի միկրոսխեմաների առևանգման և ռազմական օբյեկտներում դիվերսիաների համար։ XXI դարում շատ ավելի կարևոր է գրոհը մարդկային ուղեղների վրա, մենք մտել ենք մի դարաշրջան, երբ մեկ արտահայտությունը կարող է առաջացնել հարյուրավոր կիլոգրամ տրոտիլի գործողության հետ համեմատելի ավերածություններ: Խառնակչության գծով գործակալների առաքելությունը վաղուց արդեն կատարում են նրանք, ովքեր քաղաքական տրամադրություններ են սերմանում վիրտուալ տարածքում։

Շոյգուի հայտարարությունը կարելի է կապել Պետդումայի սեպտեմբերի 19-ին կայանալիք ընտրությունների հետ, բայց արևմտյան հատուկ ծառայությունների ակտիվացման պատճառը չի սահմանափակվում ընտրությունների նախապատրաստմամբ: Ընտրությունների ելքը մեծ հաշվով կանխատեսելի է, Ռուսաստանն առհասարակ կանխատեսելի պետություն է, որտեղ փոքր է այնպիսի արտառոց իրադարձությունների հավանականությունը, ինչպիսին Կապիտոլիումի շենքի գրավումն էր ԱՄՆ-ում՝ ի նշան ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ բողոքի։ ԱՄՆ-ում դեռևս բռնաճնշումներ են ընթանում Թրամփի կողմնակիցների դեմ…

Հայ հանրությանը զոմբիացրել են տեղում

Հայաստանում 2018թ. գարնանը հակասահմանադրական իշխանափոխության նախապատրաստման փուլում գործում էր զանգվածային գիտակցության մշակման նույն սկզբունքը, սակայն ազդեցության հայ գործակալների պատրաստմամբ զբաղվում էին ոչ միայն ԱՄՆ-ի ու Եվրոպայի հատուկ ռազմավարական կենտրոններում, այլև բուն Հայաստանում։

ՌԴ տարածքում նման նախապատրաստում անցկացնել հնարավոր չէ, ուստի հավանական դավաճաններին սովորելու են հրավիրում այլ երկրների ռազմավարական կենտրոններ: Մեզանում դեռահասի գիտակցությամբ երիտասարդների մոլորեցումը ժողովրդավարական կարգախոսներով իրականացվում էր գլխավորապես Սորոսի հետևորդների և նախագահի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի ջանքերով։ Արցախի ապագայի մասին Երևանում նրա կարդացած դասախոսություններին մենք ժամանակին անդրադարձել ենք բազմաթիվ հրապարակումներով

Այլ կերպ ասած՝ հայ երիտասարդներին զոմբիացրել են տեղում, նոր սերնդի դավաճաններ պատրաստելով անմիջական կամ սոցցանցային շփումների միջոցով։ 2018-ի գարնան փողոցային ակցիաների ավանգարդի մեծ մասը Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ի և «Հիմա՛» շարժման ծոցից ելածներն էին, այդ հարությունը վաղ տարիքից ներծծված էր այն մտքով, թե Արցախը մեզ պետք չէ…

Երբ տեղեկատվական գրոհների կարգի երևույթի մասին խոսում է ռազմական առումով ամենից անխոցելի տերության պաշտպանության նախարարը, դա նշանակում է, որ երկիրը պատրաստ է իրեն պաշտպանել ոչ միայն նորագույն սպառազինությունների միջոցով հարձակումներից, այլև նոր գլոբալ զենքից։

Հայաստանը պատրաստ չէր դիմակայել վիրտուալ գրոհներին։ Երկրում իսպառ բացակայում էր պետության ծրագրերում քաղաքացիների ներգրավման համակարգը, իսկ տեղեկատվական-քարոզչական համակարգը բնավ լավագույն վիճակում չէր։ Պետական շահի և ազգային արժեքների հանրահռչակման ասպարեզում բնակռել էին ստահակներն ու դիլետանտները, ինչը բազմիցս մատնանշվել է «Գոլոս»-ի հրապարակումներում։ Արդյունքում նախկին իշխող ընտրախավը անպատրաստ գտնվեց տեղեկատվական գրոհներին, ընդ որում ընդդիմության ճամբարում նրա գործունեության 3 տարիների ընթացքում առանձնապես ոչինչ չի փոխվել...

Ռուսաստանում քաղաքացիների ուղեղի համար պայքարի անհրաժեշտության մասին խոսում է պաշտպանության նախարարը: Դա պետության պաշտպանական քաղաքականության մասն է։ Պետությունը փորձում է իրեն պաշտպանել օտար տարրերի ներթափանցումից, պետության ներսում պառակտման ու թշնամանքի քաղաքականության սերմանումից։

Արտաքին հետախուզության ծառայություն

Հայաստանում բանն այնտեղ է հասել, որ կապիտուլյացիայի և պետական շահերին դավաճանելու մեջ մեղադրում են ոչ թե 44-օրյա պատերազմի պահի դրությամբ ինքնահռչակ «գերագույն գլխավոր հրամանատարին», այլ նախկին իշխանությանը։

Այսօր մեր բազմաթիվ համաքաղաքացիներ լիովին համոզված են, թե Արցախի Հանրապետության 75%-ը հանձնել է ոչ թե Նիկոլը, այլ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Նաև հավատում են, թե Նիկոլը 30 հազար կյանք է փրկել, իսկ պատերազմը տանուլ ենք տվել այն պատճառով, որ դավաճանություն է եղել ներսից, իբր՝ Վազգեն Մանուկյանը մարտական գործողությունների թեժ պահին զանգել է առաջնագիծ՝ գեներալներին, և առաջարկել գալ Երևան ու վերցնել իշխանությունը։

Իսկ վերջերս անցումային կառավարության վարչապետի պաշտոնում Հայրենիքի փրկության շարժման թեկնածուն դիմեց դատարան՝ չհեռանալու մասին ստորագրության տեսքով խափանման միջոցը չեղարկելու համար, սակայն նրան մերժեցին։ Իշխանական քարոզչամեքենան անմիջապես սկսեց ճղավել, թե իբր՝ Մանուկյանն ուզում էր փախչել երկրից, բայց իշխանությունը կանխեց այդ փորձը։ Փաշինյանի քարոզչամեքենայի առանցքային թեզերը վերապատմել կարելի է անվերջ։ 8-րդ գումարման խորհրդարանում իրական ընդդիմության ներկայությունը՝ գրպանայինի փոխարեն, ինչպիսին նստած էր 7-րդ գումարման խորհրդարանում, լոկ ուժգնացրել է իշխանական քարոզչամեքենայի գրոհները զանգվածային գիտակցության վրա։

Իշխանությանը մերկացնելու ընդդիմության մարտավարությունը խթանակի դեր խաղաց, ինչին հաջորդեց զանգվածային գիտակցության վրա իշխանությունների գրոհի նոր ալիքը երկրի ամենաբարձր ամբիոնից։ Այդ մարտերը ոչինչ չտվեցին. այն ամենը, ինչի մասին խոսվեց 8-րդ գումարման խորհրդարանի ամբիոնից, վաղուց ու լավ հայտնի է մտածող հանրությանը, իսկ քաղքենի զանգվածը շարունակում է հետևել իշխանական քարոզչամեքենայի առանցքային թեզերին։

Պետական կառավարման համակարգում օտարերկրյա գործակալների ճնշիչ ազդեցության խորապատկերին, ինչի մասին Փաշինյանը հայտարարեց վարչապետի կարգավիճակով Թեհրան կատարած առաջին այցի ընթացքում, Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է արտաքին հետախուզության ծառայություն ստեղծելու իշխանության ծրագրերի մասին: Եվ դա այն պայմաններում, երբ Հայաստանում ամենաբարձր մակարդակով գործում են օտարերկրյա պետությունների գործակալներ։ Ո՞վ կգնա ծառայելու արտաքին հետախուզության համակարգում, եթե ռեզիդենտների ցուցակները ցանկացած պահի կարող են հայտնվել օտարերկրյա պետությունների դեսպանների սեղանին։ Ի դեպ, պաշտպանության հանձնաժողովի ղեկավարը խորհրդարանի ամբիոնից պախարակեց պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանին ու Վիգեն Սարգսյանին այն բանի համար, որ նրանք գտնվում են ՌԴ-ում և ԱՄՆ-ում: «Չէ՞ որ նրանք տեղեկատվության հսկայական շերտի կրողներ են»,- բացականչեց Քոչարյանը։

Ընդդիմությունը պատասխանեց այն փաստի վկայակոչումով, որ ԱԱԾ ղեկավարի պաշտոնը զբաղեցրել էր վարչապետի ամենաերիտասարդ դրածո Արգիշտի Քյարամյանը, որից հետո «անսպասելիորեն» սկսվեց թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ։ «Իսկ եթե այն սկսվել է ոչ «անսպասելիորեն», ապա պետք է արդեն այլ հարցեր տալ...»,- հայտարարեց Արամ Վարդևանյանը: Հիշեցնեմ, որ ընդդիմության ներկայացուցիչները Քյարամյանին մեղադրում են 44-օրյա պատերազմի ժամանակ հայերենին տիրապետող ադրբեջանցիներին հարյուրավոր հայկական անձնագրեր տալու մեջ։

Основная тема:
Теги: