Զասը անհիմն է համարում Աֆղանստան զորք մտցնելու մտավախությունը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) զորքեր չի ուղարկի Աֆղանստան: Ըստ BelTA-ի՝ այս մասին STV-ի եթերում ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

 «Աֆղանստանը թակարդ չի՞ դառնա, արդյո՞ք մենք ստիպված չենք լինի նորից մեր որդիներին այնտեղ ուղարկել: Իհարկե ոչ։ Սրանք բացարձակապես անհիմն վախեր են», – ասել է Զասը: Նա նշել է, որ ՀԱՊԿ-ը «բացառապես պաշտպանական ռազմաքաղաքական կազմակերպություն է»: Այն կարող է օգտագործել հավաքական պաշտպանական ուժեր միայն «ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, այսինքն՝ անդամ պետությունների սահմաններում»:

Ստանիսլավ Զասը ասել է, որ կազմակերպությունը մշակել է մի շարք միջոցառումներ` թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ահաբեկչության և անօրինական միգրացիայի սպառնալիքները նվազագույնի հասցնելու համար:

«Այժմ այնտեղ իրավիճակը փոխվում է, այն պետք է մանրազնին ուսումնասիրվի և հաշվի առնվի մեր գործունեության մեջ, այդ թվում՝ այս սպառնալիքների դեմ պայքարի առումով, որոնք չեն վերացել, մասամբ նույնիսկ ընդհակառակը՝ իրականացվել են»,- ավելացրել է գլխավոր քարտուղարը, տեղեկացնում է ArmeniaToday.news-ը: