Վարդևանյան․ Դատախազներն Չարչյանի գործով շահագրգռված չեն արդարության սկզբունքով
Եթե Դատախազության համար գերակայող լիներ իրավունքը, հումանիստական վարքագիծը, որը գրված է օրենքով, ապա «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի փոփոխման հարցով անհապաղ դատական նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես կգար։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Եվ այս պայմաններում դեռ չենք լսել Դատախազության կողմից որևէ գործողության մասին, չենք լսել, օրինակ՝ անհապաղ դատական նիստ է հրավիրվում. սա լուրջ խնդիր է։ Այս ամենը քաղաքական վրեժխնդրություն է, սա զուտ խոշտանգում չէ, սա մարդու կյանքի իրավունքի ոտնահարում է։ Պետք է կալանքն անհապաղ վերացվի։ Դատախազներն այստեղ շահագրգռված չեն իրավունքով, արդարության սկզբունքով»,- նշեց պատգամավորը։
Վարդևանյանի խոսքով՝ Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, ըստ նրա, այստեղ երկրորդ կարծիքի հնարավորությունը չկա.
«Կալանավորումը տեղի է ունեցել օրենքի կոպտագույն խախտմամբ Վերաքննիչ քրեական դատարանի փաստացի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի կողմից։ Այն, որ պարոն Չարչյանն ուներ առողջական խնդիրներ, բոլորին էր հայտնի՝ թե իրավապահներին, թե դատախազին, թե դատարանին։ Չնայած պատգամավորի անձեռնմխելիությանը, դրսևորած պատշաճ վարքագծին, առողջական խնդիրներին, կալանավորումն ընտրեցին որպես խափանման միջոց։ Փաստն այն է, որ պրոֆեսոր Չարչյանի առողջական վիճակը ծայրահեղ վատթարացել է»։