Այս անգամ էլ Ադրբեջանի գլխավոր դատախազն է բողոքել ռուս խաղաղապահներից

Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է «հանցանքների» մասին, որոնք կատարել են հայերը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, հաղորդում է ԱՊԱ-ն։

«Մեզ հայտնի է հանցանքների մասին, որոնք կատարել են անօրինական հայկական զինված խմբավորումները Ադրբեջանի տարածքներում, որտեղ ժամանակավոր տեղակայվել են ռուս խաղաղապահներ»,-ասել է Ալիևը։

Թե ինչ է Ալիևը ենթադրում, պարզ չէ։ Արդյոք Լեռնային Ղարաբաղն անվանվում է «Ադրբեջանի տարածք, որտեղ ժամանակավոր տեղակայվել են ռուս խաղաղապահներ» կամ ինչ-որ այլ բան։ «Եթե նման դեպքեր են գրանցվում, ապա մեր կողմից քրեական գործ է հարուցվում, քանի որ դա ադրբեջանական տարածք է, և անհրաժեշտության դեպքում մենք իրավական մեխանիզմներ ենք կիրառում և կկիրառենք։ Նման դեպքերի հետ կապված տարբեր մակարդակներով բանակցություններ են ընթանում։ Այդ հարցերով զբաղվում են մեր համապատասխան կառույցները»,-ասել է Ալիևը, տեղեկացնում է News.am։