ՇՔԵՐԹ

Ժողովրդին նվաստացնելու ևս մեկ փորձ

Հիշո՞ւմ եք 2006թ. սեպտեմբերի 21-ի զորահանդեսը Հանրապետության հրապարակում, որն ընդունում էր պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։ Շքերթը նվիրված էր Հայաստանի անկախության 15-ամյակին։ Որքա՜ն հզորություն ու արժանապատվություն կար այդ զորահանդեսում, ինչպիսի՜ վստահ ու հատու քայլքով էին անցնում Հայոց բանակի ընտիր ստորաբաժանումները։ Իսկ հիշո՞ւմ եք 2016թ. սեպտեմբերի 21-ի զորահանդեսը, երբ երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը դիտում էին, թե ինչպես էին Հանրապետության հրապարակով անցնում «Իսկանդերները»՝ հենց այն մարտական համալիրները, որ չունեին Թուրքիան և Ադրբեջանը, իսկ մենք ունեինք։

ԱՅԴ ԶՈՐԱՀԱՆԴԵՍԻՑ ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՆՑ իշխանությունը երկրում զավթեց թուրք-սորոսական հինգերորդ շարասյունը, իսկ զավթումից հետո սկսվեց սրընթաց հետադիմությունը:

Իշխանության զավթման պահից հետադիմության աստիճանը մինչև 44-օրյա պատերազմի ողբերգական ելք կարելի է չափել կապիտուլյանտի այն հայտարարությամբ, թե «Իսկանդերների» արկերը պայթել են ընդամենը 10 տոկոսով։ Մարտական համալիրի մշակման մասնակից՝ ինժեներ-կոնստրուկտոր Վլադիմիր Կովալյովը «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի միջոցով հաղորդեց կապիտուլյանտին, որ մարտագլխիկը չի պայթում միայն այն ժամանակ, երբ այն բացակայում է կրող հրթիռի վրա:

Սեպտեմբերի 21-ին գունագեղ տոնակատարություն անցկացնելու Փաշինյանի որոշումը ժողովրդին նվաստացնելու ևս մեկ փորձ է։ Այս որոշումը նույն այն շարքից է, ինչ նկուղ նետված պարկերը՝ հայ զինվորների աճյուններով։ Օրերս Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, պատասխանելով Թուրքիայի նախապայմանների մասին հարցին, հայտարարեց. «Արցախից և Ցեղասպանության ճանաչումից հրաժարումը չի կարող խաղաղություն և զարգացում բերել Հայաստանին։ Մենք չենք պատկերացնում, որ պաշտոնական Երևանը կարող է ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս։ Դա անհնար է։ Եթե նախապայմանը լինի Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս, չեմ պատկերացնում, թե նման բան կարող է լինել»։ Փոխարենը դա շատ լավ է պատկերացնում Էրդողանը, նրա «դրական ազդակների» ենթատեքստում այն գիտակցումն է, թե Արցախի հարցը լուծված է վերջնականապես։

Արցախում բոլորը սպասում էին փրկօղակի

Ստեփանակերտում, իհարկե, լսեցին, թե ինչպես Փաշինյանը, խոսելով հաղորդակցության ուղիների բացման մասին, հիշատակեց «Արևմտյան Ադրբեջանը», որը պետք է կապել Նախիջևանի հետ։ Թուրքերն ու ադրբեջանցիները «Արևմտյան Ադրբեջան» են անվանում Արցախը։

ՀԻՄԱ ՆՐԱՆՑ Է ՄԻԱՑԵԼ ՆԱԵՎ ՓԱՇԻՆՅԱՆԸ։ Իսկ պաշտոնական Ստեփանակերտը ձևացնում է, թե չի լսել ասվածը. թեպետ, պաշտոնական Ստեփանակերտը այլ ելք չունի։ Փոխարենը լիակատար անորոշություն է տիրում Արցախի Հանրապետության ապագայի վերաբերյալ։

«Արցախում բոլորը սպասում էին, թե Հայաստանում փրկօղակ է գոյանալու, որը կօգնի նաև Արցախին։ Քանի որ դա տեղի չունեցավ, մնում է միայն ինքնակազմակերպվել»,- օրերս հայտարարեց Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Իսկ ահա թե ինչ հայտարարեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը. «Հայաստանում կապիտուլյանտների «թեթև ձեռքով» առաջ է մղվում պանթուրքիզմի օրակարգը։ Հայաստանը «թուրքական վիլայեթ» դարձնելու գործընթացը գործնական «ռելսերի» վրա է դրվում։

Այլևս պաշտոնական Երևանի բառամթերքից բացակայում են «Արցախի անկախությունն այլըտրանք չունի», «Թուրքիան պետք է առերեսվի սեփական պատմության հետ», «պայքար թուրքական ժխտողականության դեմ» և վերջապես «Շուշին ու Հադրութը օկուպացված են Ադրբեջանի կողմից» եզրույթները։ Փոխարենը հրապարակ են նետվում «Թուրքիայից կան դրական ազդակներ»,«մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ նման խոսակցության», «ապաշրջափակում և խաղաղասիրություն», «դեմարկացիա» ու «դելիմիտացիա» հասկացությունները»։

Փաշինյանի բոլոր խոսակցությունները՝ դրական ազդակների, դեմարկացիայի ու դելիմիտացիայի, պաշտոնական Երևանի կողմից կոնկրետ քայլերի պատրաստակամության մասին, ցույց են տալիս Հայաստանի և Արցախի ապագայի վերաբերյալ հստակ պատկերացումների իսպառ բացակայությունը: Իրավիճակը գլորվում է իներցիայով, ուստի սպառնում է անկանխատեսելի հետևանքներով։ Փաշինյանը չնչին իսկ պատկերացում չունի Արցախի ապագայի մասին։ Իսկ Արցախում չեն ուզում հավատալ, որ Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչման հետևում նշմարվում է մեծ դավաճանության շարունակության ուրվականը։

Փաշինյանի համար շատ կարևոր է հասկացնել Բաքվում և Անկարայում նստած իր տերերին, որ ժողովուրդն իր կանչով հլու-հնազանդ կգա հրապարակ՝ տոնելու անկախության 30-րդ տարեդարձը, երբ թշնամին գնդակոծում է Երևանից 60 կմ հեռավորության վրա գտնվող հայկական գյուղերը։ Իմանալով թշնամու ձեռագիրը՝ դժվար չէ ենթադրել, որ սեպտեմբերի 21-ից մեկ-երկու օր առաջ ադրբեջանցի զավթիչներն անպայման կգնդակոծեն խաղաղ համայնքներն ու հայկական դիրքերը Արցախում և Հայաստանում։ Իմանալով կապիտուլյանտի ձեռագիրը՝ դժվար չէ ենթադրել, որ նա չի չեղարկի Երևանում տոնական միջոցառումները նույնիսկ այն դեպքում, եթե ադրբեջանական սադրանքները հանգեցնեն նոր զոհերի։ Նա պետք է ցույց տա, որ հայ ժողովրդին նախրի վերածելու գործընթացը բարեհաջող կերպով ավարտված է, իսկ սեպտեմբերի 21-ին տեղի կունենա այդ փոխակերպման հանդիսավոր ցուցադրությունը երկրի գլխավոր հրապարակում։

Որպես օրինակ՝ հիշեցնեմ հայտնի դրվագը, երբ գերեվարված զինվորների ծնողների հետ Փաշինյանի հանդիպման ժամանակ մայրերից մեկն առաջարկեց մյուսներին. «Եկեք չափից ավելի ճնշում չգործադրենք վարչապետի վրա, պատկերացնենք, թե մեր երեխաները ժամանակավոր գնացել են խոպան ու ամեն ամիս 300 հազար դրամ են ուղարկում մեզ»: Ես չգիտեմ, թե ինչ էր կատարվում այդ կնոջ գլխում, բայց ուղեղի համանման պարունակություն ունեցող մարդիկ սեպտեմբերի 21-ին կգնան Հանրապետության հրապարակ, որպեսզի Նիկոլի մյուս հետևորդների օրինակով կրկնեն, թե «Շուշին ադրբեջանական քաղաք է»։

Բռնազավթման հինգերորդ ամիսն է

Արդեն հինգերորդ ամիսն է, ինչ ադրբեջանական զավթիչները բնակռել են ինքնիշխան Հայաստանի տարածքում: Ամեն օր լուրեր են ստացվում այն մասին, որ նրանք ինժեներական աշխատանքներ են կատարում, վերահսկում ճանապարհները, հրկիզում խոտհարքները, գնդակոծում բնակելի տներն ու հայկական ԶՈՒ դիրքերը։

ՌԵԺԻՄՆ ԱՌ ԱՅՍՕՐ ՉԻ ԲԱՐԵՀԱՃԵԼ ՆՈՒՅՆԻՍԿ ՆՇԵԼ ԲՌՆԱԶԱՎԹԻՉՆԵՐԻ ՃՇԳՐԻՏ ԹԻՎԸ: Իներցիայով խոսում ենք 1000-ի մասին, սակայն ոչ ոք չի կարող երաշխավորել, որ նրանք 3, 4 կամ 5 հազար չեն։ Մի ամբողջ համալիր է սպասարկում մեր երկրի տարածքում զավթիչների երկարատև ներկայությունը, ակներև է ադրբեջանցիների կանոնավոր մատակարարումը մթերքով, դիրքերի կահավորման և ամրացման շինանյութերով, մշտական գնդակոծությունների համար մարտական սպառազինությամբ…

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանն ասաց, որ հպարտանում է 44-օրյա պատերազմում կրած պարտությամբ, հետո հավելեց, թե «նոր սերունդը չգիտի, որ Սյունիքում Ադրբեջան ա եղել», նաև ասաց, որ գերիները կարող են սպասել ևս 2-3 ամիս: Օրերս նա կապակցեց գալիք տոնակատարությունը զոհվածների հիշատակի հետ՝ հաստատելով այն աքսիոմը, որ թուրքական փոխանորդի սրբապղծությունը չափ ու սահման չի ճանաչում։ Սեպտեմբերի 21-ին նա կրկին ինչ-որ բան կասի իր ձեռքերի կապերն արձակած պողպատե մանդատի, ինչպես նաև երաժշտությամբ ու հրավառությամբ ուղեկցվող «մասշտաբային ու գունագեղ տոնակատարությանը» քաղաքացիների զանգվածային մասնակցության մասին։

Հարց. ո՞վ է իրեն ավելի նվաստացած զգում, գերեվարված հայ զինվո՞րը, որին ադրբեջանցիները կնոջ զգեստ են հագցրել և ստիպել ուտել հատակից, թե՞ Հայաստանի և Արցախի Հանրապետության մտածող քաղաքացիները, որոնց կապիտուլյանտը կանչել է Հանրապետության հրապարակ, որպեսզի իր հետ միասին ուրախ տոնեն Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձը: