Մակրոն․ Ֆրանսիան կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության վերսկսմանը

Ֆրանսիան ջանք չի խնայելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում գտնելու ԼՂ հակամարտության տևական լուծում և հանգելու Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման՝ ի նպաստ տարածաշրջանի զարգացման և բարգավաճման: Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հղած իր շնորհավորական ուղերձում այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Ֆրանսիան ցանկանում է տարածաշրջանում խաղաղության դերակատար լինել, և այդ ոգով է, որ Հայաստանի կողքին է՝ օգնելու նրան հաղթահարել ԼՂ արյունալի պատերազմից մեկ տարի անց իր առջև ծառացած մարտահրավերները: Դա ենթադրում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության վերսկսում՝ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Ֆրանսիան, որպես համանախագահող երկիր, պատրաստակամ է իր աջակցությունը ցուցաբերել այդ հարցում»,–ասել է Մակրոնն իր ուղերձում։

Բացի այդ, ըստ Մակրոնի, Ֆրանսիան ձեռնամուխ կլինի տարածաշրջանի մշակութային և հոգևոր ժառանգության պահպանմանը, որն արտացոլում է Հարավային Կովկասի առանձնահատկությունն ու հարստությունը:

Ֆրանսիայի նախագահը հույս է հայտնել, որ հայ-ֆրանսիական կապն ավելի կխորանա համագործակցության ամենատարբեր ոլորտներում, ինչպիսիք են մշակույթը, կրթությունը, առողջապահությունն ու տնտեսությունը, տեղեկացնում է Sputnik Արմենիա: