ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԵՂՔԸ

Մեկ տարի է անցել Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի սկսվելու օրից: Նիկոլ Փաշինյանի մեղքն անվիճելի է։ Առաջին հերթին՝ այն, որ նա իրավիճակը հասցրեց պատերազմի։ Դա դրսևորվեց առաջին հերթին բանակցային գործընթացի ընթացքում անհամարժեք քայլերով, որոնք հանգեցրին հայկական կողմի դիրքերի սասանմանն ու դաշնակիցների հետ կապերի թուլացմանը։ Երկրորդ. ո՛չ հայկական պետությունը, ո՛չ հայ հասարակությունը, ո՛չ էլ հայկական բանակը պատրաստ չէին պատերազմի։ Բոլորը զբաղված էին քաղաքական շոուներով, որոնք գրեթե ամեն օր ցուցադրում էր իշխող թիմը։ Հասարակական ընկալումներում երկրորդ պլան էին մղվել բանակում վարչապետի ձեռնարկած կադրային զտումները, 2016-ի ռազմական գործողություններից հետո ընդունված սպառազինության ծրագրի փոփոխությունը։

Փաստորեն 2018 թվականին Փաշինյանի իշխանության գալը ոչ միայն չէր լուծել հայոց պետականության առջև ծառացած խնդիրները, այլև հակառակը, մի շարք խնդիրներ խորացել էին և ավելացել նորերը: Ազգային անվտանգության կառույցները ստիպված էին զբաղվել խնդիրների այդ խճճված կծիկը քանդելով՝ իրենց անմիջական պարտականություններով զբաղվելու փոխարեն։ Արթուր Վանեցյանի հրաժարականը այդ գործընթացների վկայությունն էր։

Իլհամ Ալիևը հարմար պահ ընտրեց Արցախի դեմ ագրեսիայի համար. աշխարհը զբաղված էր համավարակով, Հայաստանը՝ թաղված ներքաղաքական ու մերձքաղաքական խժդժությունների մեջ, ագրեսիա սկսելը կարելի էր «արդարացնել» բանակցային գործընթացի փակուղիով և Բաքվի տեսանկյունից սադրիչ փաշինյանական հայտարարություններով։ Մարտական գործողությունների ընթացքը ցույց տվեց ադրբեջանական բանակի գերազանցությունը որակյալ ժամանակակից սպառազինության առումով, ինչը վճռորոշ դեր խաղաց Արցախի Պաշտպանության բանակի դիմադրությունը հանրապետության հարավում ճեղքելու գործում:

Նիկոլ Փաշինյանը, ինչպես պարզվեց ավելի ուշ, երկու անգամ հնարավորություն է ունեցել դադարեցնելու ռազմական գործողությունները. հոկտեմբերի 7-ին և հոկտեմբերի 19-ին։ Ընդ որում վարչապետին այդ ժամանակ արդեն ներկայացվել էր Գլխավոր շտաբի դիրքորոշումը ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտության մասին։ Փաշինյանը ոչ միայն երկու անգամ մերժել է առաջարկները, այլև առնվազն երկրորդ դեպքում այդ հնարավորության մասին տեղյակ չի պահել Ազգային անվտանգության ծառայությանը։

Ավելի ուշ վարչապետն իր դիրքորոշումը պատճառաբանեց դավաճան չհամարվելու ցանկությամբ։ Այսինքն այդ ցանկությունը նրա համար ավելի կարևոր էր, քան մարդկային հազարավոր կորուստները, որ կրեցին հայկական բանակի ստորաբաժանումները շարունակվող պատերազմի ընթացքում։

Նման դիրքորոշումը միայն հաստատում է, որ 2018 թվականին Հայաստանում իշխանության է եկել երկիր ղեկավարելու համար (մանավանդ չլուծված միջազգային հակամարտությամբ երկիր) բացարձակապես ոչ պիտանի մարդ։ Մարդ, որը զուրկ է երկրի և ժողովրդի հանդեպ պատասխանատվության զգացումից։ Մարդ, որի համար կարևոր է միայն մեկ բան. պահել իր իշխանությունը։

Ինչպես վկայում է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և արցախյան գործիչներից մեկի հեռախոսազրույցի համացանցում զետեղված ձայնագրությունը, պատերազմի վերջին 10 օրերին Երևանը դե ֆակտո դադարեցրել է տրամադրել Ստեփանակերտի խնդրած օգնությունը... Այսինքն Փաշինյանն արդեն հասկանում էր, որ պատերազմը տանուլ է տրված, բայց շարունակում էր սպասել՝ մինչ Ադրբեջանի պայմանների տակ ստորագրելը։ Ինչի՞ն էր սպասում։ Թե ե՞րբ վերջապես կավարտվի Շուշիի գրավման ադրբեջանցի զինվորականների գործողությունը։ Այն քաղաքի, որն այնուհետ ի արդարացում իրեն Փաշինյանը կանվանի դժգույն ու դժբախտ…

Այսօր՝ պատերազմի սկսվելուց մեկ տարի անց, Փաշինյանը առաջվա պես իշխանության ղեկին է։ Թե ինչու՝ այլ հարց է, այստեղ կարելի է թվարկել մի շարք գործոններ։ Բայց դա չի փոխում խնդրի էությունը. Հայաստանում իշխանության ղեկին անպատասխանատու քաղաքական գործիչ է, որն ունի մեկ խնդիր ունի. պահել իշխանությունը և ուրիշների վրա բարդել պատերազմում կրած պարտության մեղքը։ Եվ ամենացավալին այն է, որ միջազգային հանրությանը Հայաստանի այսպիսի առաջնորդն ընդհանուր առմամբ միանգամայն գոհացնում է։ Անողնաշար առաջնորդ, որը հնազանդորեն կկատարի այն, ինչ իրեն թելադրում են այս աշխարհի հզորները։

Основная тема:
Теги: