Կլիմայի փոփոխությունը կխորացնի ռեսուրսների դեգրադացիան և հակամարտությունը
Արատավոր շրջանակը, որը կապում է բնական պաշարների սպառումը բռնի հակամարտությունների հետ, հնարավոր է աշխարհի որոշ մասերում անցել է անդառնալի կետը և, ամենայն հավանականությամբ, կսրվի կլիմայի փոփոխությունից, գրում է Reuters-ը:
Ըստ Տնտեսագիտության և խաղաղության ինստիտուտի (IEP) վերլուծական կենտրոնի՝ սննդի անվտանգության բացակայությունը, ջրի անբավարարությունը և տարերային աղետների հետևանքները, որոնք զուգորդվում են բնակչության բարձր աճով, հակամարտություններ են բորբոքում և մարդկանց տեղափոխում են խոցելի տարածքներ:
IEP-ն իր «Բնապահպանական սպառնալիքների ռեեստր»-ում օգտագործում է ՄԱԿ-ի և այլ աղբյուրների տվյալները, որպեսզի կանխատեսի այն երկրներն ու տարածաշրջանները, որոնք առավել վտանգված են:
Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի IEP-ի գծով տնօրեն Սերժ Ստրոբանցը ասել է, որ զեկույցում 30 երկիր, որտեղ 1,26 միլիարդ մարդ է ապրում, առավել վտանգված են: Վերլուծությունը հիմնված է ռեսուրսների անբավարարության և բնական աղետների հինգ չափանիշների վրա, ներառյալ ջրհեղեղները, երաշտները և ջերմաստիճանի բարձրացումը:
«Մեզ նույնիսկ կլիմայի փոփոխություն պետք չէ` համակարգի պոտենցիալ փլուզումը տեսնելու համար, միայն շրջակա միջավայրի այս ութ սպառնալիքների ազդեցությունը կարող է հանգեցնել դրան, իհարկե՝ կլիմայի փոփոխությունը ուժգնացնում է այն»,- ասել է Ստրոբանցը։
Զեկույցում Աֆղանստանը ստացել է ամենավատ գնահատականը, որում ասվում է, որ շարունակվող հակամարտությունը խաթարել է ջրի և սննդի մատակարարման, կլիմայի փոփոխության և ջրհեղեղների ու երաշտների հերթագայության դեմ պայքարելու նրա կարողությունները:
Ըստ եզրակացությունների՝ հակամարտությունն իր հերթին հանգեցնում է ռեսուրսների հետագա դեգրադացիայի:
Անցյալ տարի կառավարությունների, ռազմական հաստատությունների և զարգացման խմբերի մասնակցությամբ անցկացված վեց սեմինարները ցույց են տվել, որ «դժվար թե միջազգային հանրությունը կոտրի արատավոր շրջանակը աշխարհի որոշ մասերում»,- ասել է IEP-ը:
Մասնավորապես, դա վերաբերում է Սահելին և Աֆրիկայի եղջյուրին, որտեղ վերջին տասնամյակում նկատվում է հակամարտությունների աճ և սրում, ասվում է զեկույցում: «Հաշվի առնելով, որ լարվածությունն արդեն աճում է, կարելի է միայն սպասել, որ կլիմայի փոփոխությունը կարող է սրել այս մարտահրավերներից շատերը»,- ասվում է զեկույցում, տեղեկացնում է News.am-ը: