Խորհրդարանն իր աշխատանքը սկսեց հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հարգելով
Ուղիղ 22 տարի առաջ այս դահլիճում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը. Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ նիստի սկզբում հայտարարեց նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
Ներկաները ոտքի կանգնեցին և լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:
Այնուհետև խորհրդարանն անցավ նախօրեին քննարկված նախագծերի քվեարկությանը:
Հիշեցնենք, որ ուղիղ 22 տարի առաջ` հոկտեմբերի 27-ին, ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեցին Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ և դիմահար կրակոցներով սպանեցին կառավարության և խորհրդարանի անդամներին:
Ահաբեկչության զոհ դարձան երկրի վարչապետ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը:
Ահաբեկիչների նկատմամբ դատավարությունը տևեց 2001-2003 թվականները: 6 ահաբեկիչները, այդ թվում` նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա քեռին՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:
3 տարի տևած դատավարությունն այդպես էլ չկարողացավ կամ չցանկացավ վեր հանել ահաբեկչության կազմակերպիչներին և մինչ օրս էլ հասարակությունը լուրջ կասկածներ ունի կազմակերպիչների մասով, տեղեկացնում է News.am-ը: