ԲԱՐԵԿԱՄ ԻՐԱՆԸ՝ ՄԵԶՆԻՑ ՆԱԽԱՆՁԱԽՆԴԻՐ ՄԵՐ ՇԱՀԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ

Էրդողանի սպառնալից հոխորտանքը զավթված Կովսականից, թե կգա օրը, երբ թուրքերը կկարողանան Զանգեզուրից հասնել Ստամբուլ, բնավ չհարուցեց հայաստանյան իշխանության և հանրույթի վրդովմունքն ու ցասումը։ Փոխարենը, կարծես մեզնից շատ ավելի հետամուտ, Զանգեզուրի միջանցքի բացման թեմայով թուրք-ադրբեջանական հայտարարություններին բավական կտրուկ և միանշանակ արձագանքում է հարևան Իրանը։ Տպավորությունն այն է, որ այդ միջանցքը ոչ թե մեր, այլ հենց Իրանի ինքնիշխան տարածքով է անցնելու։

Տարածաշրջանային գերտերություն լինելով, միաժամանակ՝ հազարամյակների պետականության անխախտ ավանդույթ ունենալով՝ Իրանը մշտապես հասցեական է արձագանքել, ըստ անհրաժեշտության՝ գործողությունների է դիմել իր հարևանությամբ կատարվող իրադարձություններին, որոնք որևէ կերպ կարող են վերաբերվել իր շահերին։ Այդպիսին էին, օրինակ, վերջերս Արաքս գետի երկայնքով անցկացված լայնամասշտաբ զորավարժությունները, որի անթաքույց նպատակն, իհարկե, Ադրբեջանին զսպելն էր։

Ինչ վերաբերում է արցախյան հակամարտության երկարաժամկետ հանգուցալուծմանը, Թեհրանը հասկանալիորեն երբևէ կտրուկ հայտարարություններ չի արել այդ թեմայով։ Իրանի դիրքորոշումն առհասարակ հախուռն չէ, այլ կշռադատված է և հաշվի է առնում միաժամանակ երկու կողմի շահերն էլ։ Սակայն հարկ եղած դեպքում երկրի կրոնական, քաղաքական և ռազմական վերնախավերը թիրախային գնահատական են տալիս սպառնալիքին, այս դեպքում՝ Ադրբեջանին, ավելի ճիշտ՝ տարածաշրջանային անկայունություն հրահրելու նրա փորձերին։

Այստեղ է, ահա, որ հայաստանյան դիվանագիտությունը, գործունակ լինելու դեպքում, պետք է լայնորեն օգտագործեր Իրանի հետ շահերի փոխադարձ այս համընկնումը, բայց ի զորու չէ կամ ցանկություն չունի այդպես անելու։ Իրանը սովորականից մի քանի անգամ ավելի աչալրջությամբ հսկում է սեփական հյուսիսային սահմանը՝ Արցախից Ադրբեջանին անցած Արաքս գետի երկայնքով, նաև տարածաշրջանի խոշոր խաղացողներից միակն է, որ առայսօր հիշեցնում է՝ իր քթի տակ ահաբեկիչներ և ծայրահեղական տարրեր չպետք է լինեն:

Պատերազմի օրերին մեզ թվում էր, թե վարձկաններին Արցախ բերելը Թուրքիայի և Ադրբեջանի վրա թանկ է նստելու, մինչդեռ պարզվեց՝ Արևմուտքի սիրելի թեման՝ հակաահաբեկչական պայքարը, իսպառ մոռացվեց, իսկ ահաբեկչության համար մեղադրվող երկիրը՝ Իրանը, շարունակաբար թմբկահարում է իր սահմաններից ծայրահեղական վարձկաններին հեռացնելու կամ նրանց ոչնչացնելու անհրաժեշտության մասին: Ինչպես այս, այնպես էլ Զանգեզուրի միջանցքի բացման անթույլատրելիության մասին պաշտոնական Թեհրանը խոսում է շատ ավելի ինտենսիվ, հետևողական և հասցեական, քան Երևանը։

Իրավիճակն այնքան է լրջացել, որ իրանական որոշ շրջանակներ պահանջում են անգամ զորակայան տեղակայել Սյունիքի մարզում՝ բացառելու թուրք-ադրբեջանական ցամաքային կապի հաստատումը։ Այսքանից հետո՝ Իրանի և Հայաստանի բնական դաշնակիցներ լինելու անհերքելի փաստերի վկայակոչմամբ, մենք դեռևս սպասում ենք, թե ով ինչ է անելու մեր անվտանգության ապահովման համար՝ ՀԱՊԿ-ի կողմից ղազախ և բելառուս խաղաղապահնե՞ր են տեղակայվելու Սյունիքում, թե՞ իրանական զորակայան:

Ադրբեջանն Իրանի հիմնական հակառակորդ Իսրայելում նոր է միայն դեսպանություն բացում, մենք դա արել ենք տարիներ առաջ, և նույնիսկ դեսպանի հետկանչի ու հետախուզման մեջ գտնվելու պարագայում այն ձևականորեն գործում է, փակված չէ։ Խոսքը մի երկրի մասին է, որը նույնիսկ պատերազմի ընթացքում դույզն-ինչ չսահմանափակեց զենքի առաքումն Ադրբեջան։ Այս ֆոնին առավել ևս ակնհայտ է, որ մենք և Իրանը միմյանց նկատմամբ ունենք բարոյական պարտավորություններ, Իրանը դրանք պահպանում է, մենք՝ ոչ։ Մնում է պարզել՝ ո՞ւմ պատվերով կամ հավանությամբ ենք այս հարցում էլ գործում սեփական ազգային շահերի դեմ։