ՁԱԽՈՂՈՒՄ ԲՈԼՈՐ ՃԱԿԱՏՆԵՐՈՒՄ

Օրերս գործող իշխանության կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը, առաջարկություն արեց Պետեկամուտների կոմիտեի ղեկավարին. առևտրի օբյեկտներից ելնելիս տուգանել այն քաղաքացիներին, ոորոնք իրենց մոտ չունեն գնումը հաստատող ՀԴՄ կտրոններ: Ռուստամ Բադասյանը մերժեց առաջարկը, բայց շատ կոռեկտ և վերապահումներով։ Այն է՝ այդ նախաձեռնությունն իրականացնելու համար անհրաժեշտ են ՊԵԿ-ի 100 հազար աշխատակիցներ և բյուջեի հարյուրապատիկ ավելացում։ Իսկ բացի այդ, ՊԵԿ ղեկավարը նշեց, որ երբեմն նույնիսկ իրեն ՀԴՄ կտրոն չեն տալիս

Հասարակությունը տարբեր կերպ արձագանքեց այդ երկխոսությանը։ Ոմանց իր ցինիզմով ցնցեց «ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» կարգախոսով իշխանության եկած թիմի ներկայացուցչի գաղափարը։ Մյուսներին զվարճացրեց աբսուրդի ժանրին պատկանող աղազարյանական միտքը։ Սակայն հայկական իրականության այս դրվագում կա ևս մեկ տեսանկյուն։

Բանն այն է, որ Բադասյանի և Աղազարյանի շուրթերով՝ գործող իշխանությունն, ըստ էության, արձանագրեց իր հերթական ձախողումը։ «Թավիշի» սկսվելու պահից ի վեր պետության տնտեսական քաղաքականության հիմքում դրված էր ՀԴՄ կտրոնների հետամտումը։ Ե՛վ ինքը՝ Փաշինյանը, և՛ իր թիմը պարզապես համակված էին երկրի տոտալ «կտրոնացման» մոլուցքով։ ՊԵԿ-ը պարբերաբար հաշվարկում էր տրված կտրոնների քանակը, գրանցում այդ ցուցանիշի աճ, իսկ վարչապետն արձանագրում էր մի ձեռքբերումը մյուսի հետևից, մի հաջողությունը մյուսի հետևից, մի աննախադեպությունը մյուսի հետևից... Եվ ահա այսօր պարզվում է, որ ողջ այդ կտրոնային վիպերգությունը ոչ այլ ինչ էր, քան օճառի պղպջակ։

Գրեթե 4 տարիների ընթացքում այս իշխանությանն այդպես էլ չհաջողվեց հասարակության համապատասխան վերաբերմունք ձևավորել կտրոնների նկատմամբ։ Գործարար շրջանակներում, բիզնեսում այդ պարտավորությունը չի աշխատում, ինչն արձանագրում է Բադասյանը՝ տրտնջալով, որ նույնիսկ իրեն կտրոն չեն տալիս։ Սպառողների շրջանում նույնպես «կտրոնամոլությունը» չի արմատավորվում, դրա համար էլ Աղազարյանն առաջարկում է տուգանել կտրոններ չվերցնող անձանց։ Ըստ էության, ակներև է իշխող թիմի հերթական ձախողումը։ Ընդ որում այստեղ հարկ է նշել ևս մեկ կարևոր հանգամանք. խոսքը զուտ «թավշե» ձեռնարկումների ձախողման մասին է։ Եվ հենց «թավիշի» խափանած «թավշե» գաղափարների այդ շարքում չի կարելի չընդգրկել հակակոռուպցիոն պայքարը, օլիգարխիայի վերացումը, շուկաների ապամենաշնորհացումը... Եվ դա՝ լոկ տնտեսության մասով։

Այս համատեքստում ավելորդ չի լինի ուշադրություն հրավիրել նաև ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում կառավարության նախաձեռնությունների վրա։ Ի դեպ, այստեղ նույնպես իշխանությունն օրերս խոստովանեց սեփական ձեռնարկումների լիակատար ձախողումը։ Մասնավորապես, իշխանության մեկ այլ կարկառուն ներկայացուցիչ՝ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը գանգատվեց ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքների բալային համակարգի անարդյունավետությունից, դրանում մեղադրելով անկարգապահ վարորդներին, որոնք գտնում են պատժամիջոցներից խուսափելու միջոցներ։ Ընդ որում պարզվեց, որ այդ համակարգը ներդնելուց հետո ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը ոչ թե նվազել է, այլ հակառակը, ավելացել։

Բայց վերադառնանք տնտեսությանը։ Առհասարակ խոսել այն մասին, որ այս կառավարությունը վարել և վարում է տնտեսական ձախողված քաղաքականություն, այնքան էլ ճիշտ չէ։ Դա ավելի շուտ որպես հաճոյախոսություն է հնչում գործող իշխանության հասցեին։ Իրականում այդպիսի քաղաքականություն չկա և չի եղել։ Չկան և չեն եղել իրական տնտեսական զարգացման ծրագրեր, կոնկրետություն առաջնահերթությունների և նպատակների մեջ ։ Որպես ասվածի ապացույց բերենք միայն մեկ օրինակ։

Այս տարեսկզբին կառավարությունը հաստատեց 2022-2024 թվականների տնտեսական զարգացման ռազմավարությունը։ Եթե ոմանք մոռացել են, ապա հիշեցնեմ, որ խոսքը հենց այն ռազմավարության մասին է, համաձայն որի՝ առաջիկա տարիներին երկրի տնտեսական զարգացման հիմնական ուղղություններ պետք է դառնան գյուղատնտեսությունը և բնակարանաշինության ոլորտը։ Սա՝ ընդհանրապես, իսկ մասնավորապես՝ կանեփի արդյունաբերական արտադրությունը (գյուղատնտեսության մասով) և էլիտար բնակարանները (շինարարությանԱյսպիսով, կառավարությունն արձանագրել է գլխավոր առաջնահերթությունները։

Իհարկե, առաջնահերթությունները, մեղմ ասած, կասկածելի են։ Բայց նույնիսկ դրանք այս իշխանությունը չկարողացավ պահպանել։ Վերջերս, ներկայացնելով 2022 թվականի բյուջեն, Նիկոլ Փաշինյանն առանձնացրեց կառավարության համար առաջնահերթ նշանակություն ունեցող երեք ոլորտ. անվտանգության համակարգի բարեփոխում ու կատարելագործում, ենթակառուցվածքի զարգացում, կրթության և գիտության արդիականացում։ Ընդ որում նա չհիշեց ո՛չ կանեփի, ո՛չ էլ էլիտար շինարարության մասին։ «Տնտեսական զարգացման ռազմավարություն» հավակնոտ անվանումով փաստաթուղթն ընդհանրապես չհիշատակվեց…

Այս կառավարությունը փոխում է առաջնահերթությունները ձեռնոցների պես։ Ուստի դժվար է նրա գործունեության մեջ առհասարակ նշմարել տնտեսական քաղաքականություն կամ ինչ-որ հասկանալի ուղեգիծ։ Կան ըստ որում նաև տեղային գաղափարներ։ Սակայն դրանք էլ ձախողվում են մեկը մյուսի հետևից։ Ցանկացած ոլորտում։ Անվտանգության բնագավառում, արտաքին քաղաքականության, տնտեսության մեջ, սոցիալական ոլորտում... Գրեթե 4 տարվա ընթացքում՝ ոչինչ, բացի համատարած ձախողումից։

Երբ 2018 -ին ձևավորվում էր «թավշե» կառավարությունը, երբ բարձր ու պատասխանատու պաշտոններ էին ստանում ո՛չ փորձով, ո՛չ գիտելիքներով, ո՛չ էլ մասնագիտական կրթությամբ չծանրաբեռնված անձինք, հասարակության մեջ շրջանառվում էր այդպիսի կադրային քաղաքականության արդարացումը։ Իբր՝ ոչինչ, ժամանակի հետ կսովորեն։ Անցել է գրեթե 4 տարի, և գործնականում միակ բանը, որ սովորել են «թավշե» տղաներն ու աղջիկները, դա այն ամենի փլուզումն է, ինչին դիպչում են