ԱՊՐԵԼ ԻՆՉՊԵՍ ՀՐԱՁԳԱՐԱՆՈՒ՞Մ

Ադրբեջանի ԱԳՆ-ը փաստորեն արդարացրեց Արցախում ջրատարի նորոգման բրիգադի աշխատող Մարտիկ Երեմյանի սպանությունը, հայտարարելով, թե ջրատարի վերանորոգումը Շուշիի մոտակայքում, այն ժամանակ, երբ այնտեղ է գտնվում Իլհամ Ալիևը, «բազմաթիվ հարցեր է առաջացնում»: Այստեղ կարելի է զերծ մնալ մեկնաբանություններից. հասկանալի է, որ չնայած ռուսական խաղաղապահ զորակազմի հավաստիացումներին, թե ընթանում է միջադեպի հետաքննություն, Բաքուն մարդասպանին չի հանձնի և չի պատժի: Չէ՞ որ, ըստ Բաքվի ԱԳՆ-ի տրամաբանության, նա «փրկել է Ալիևի կյանքը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ անպատիժ մնաց Մարտակերտի շրջանում հայ տրակտորիստին սպանած ադրբեջանցի դիպուկահարը։ Ընդ որում տրակտորիստի կողքին է եղել ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայող։

Այս ամենն ապացուցում է, որ առնվազն այսօրվա դրությամբ խոսակցությունները տարածաշրջանում «խաղաղության դարաշրջանի» վերաբերյալ, որի մասին այնքա՜ն սիրում է խոսել Փաշինյանը, առայժմ ոչ այլ ինչ են, քան պատրանքներ։ Տարածաշրջանում խաղաղությունը պահպանվում է ռուսական խաղաղապահ զորակազմի ջանքերով, որը, սակայն, միշտ չէ, որ հասցնում է արձագանքել Իլհամ Ալիևի հանցախմբերի գործողություններին: Ըստ երևույթին, այդ իրողությունների գիտակցմամբ է բացատրվում նաև եռակողմ հայտարարության ստորագրման տարելիցի օրը նախատեսված Պուտինի, Ալիևի և Փաշինյանի տեսակոնֆերանսի հետաձգումը, որի մասին ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Իսկապես, օրինակ, հաղորդակցության ի՞նչ ապաշրջափակման մասին կարելի է խոսել նման պայմաններում։ Ո՞ր մի խելամիտ հայը կօգտվի ադրբեջանական երկաթուղու ծառայություններից, հասկանալով, որ իրեն կարող են անպատիժ գնդակահարել, ասենք՝ այն պատրվակով, թե հայը Բաքվի միջով անցնող գնացքում է եղել այն ժամանակ, երբ այնտեղ էր Իլհամ Ալիևը... Եվ այս իրավիճակում արցախահայերից դեռ պահանջում են լուծարել բանակը։

Սոցիալական ցանցերի օգտատերերից մեկը գրում է. «Փաստացի դա նշանակում է՝ նստեք տեղներդ, չլպտաք, զենքը հանձնեք, խրամատներ չփորեք, պատկերացրեք, թե կյանքը շարունակվում է... Բայց ձեր վրա պարբերաբար կկրակեն՝ ինչպես հրաձգարանում, իսկ պատասխանել պետք չէ, չէ՞ որ «վատ խաղաղությունը պատերազմից լավ է»:

Հասկանալի է, որ Արցախը նման վիճակի հետ չի հաշտվի երբեք։ Անկախ Փաշինյանի, Տեր-Պետրոսյանի, Արայիկ Հարությունյանի պատրանքներից... Եվ անկախ Փաշինյանի մտերիմ օլիգարխի բյուրեղյա երազանքից՝ թուրքական բենզին վաճառելու Հայաստանում։ Չենք խոսում արդեն այն մասին, որ Արցախի բնակիչների սպանությունները վարկաբեկում են ռուսական զորակազմի առաքելությունը, Մոսկվայի ջանքերն ընդհանրապես։

Ինչպիսի՞ն կարող է լինել լուծումը: Կա միայն մեկ ելք. եթե դիմացինդ հասկանում է միայն ուժի լեզուն, ապա նրա հետ պետք է խոսել այդ լեզվով, ամրապնդել Հայաստանի և ԼՂՀ զինված ուժերը։ Դրա այլընտրանքը միայն ՀՀ-ն և Արցախը քայլ առ քայլ հանձնելն է։ Ավաղ, մեզանում դեռևս ոչ բոլորն են գիտակցել այդ փաստը, թեև թուրք-ադրբեջանական տանդեմն իր ծրագրերը ոչ միայն չի թաքցնում, այլև հաստատում է դրանք կոնկրետ գործողություններով։

Երեկ երեկոյան տեղեկություն ստացվեց Վայոց Ձորի Խաչիկ գյուղի բնակչի՝ դաշտում աշխատող տրակտորիստի վրա արձակված կրակոցների մասին. նրան հրաշքով հաջողվել է փրկվել։ Սա լոկ մեկն է՝ արդեն տեղի ունեցած բազմաթիվ միջադեպերից, որոնք ապացուցում են խաղաղության մասին փաշինյանական զառանցանքների բացարձակ անիրագործելիությունը։ Ընդ որում առանձնապես կարևոր չէ՝ Արցախի մասին է արդյոք խոսքը, թե Հայաստանի. հայերն ամենուր լոկ թիրախ են թշնամու համար, որը համառորեն չի ցանկանում պարզապես «խաղաղ հարևան» լինել Փաշինյանի համար։

Հուսանք, որ Հայաստանի ղեկավարությունը, թեկուզև այսպիսի կազմով, այնուամենայնիվ կգործի իրողություններին համապատասխան, և այդ համատեքստում առաջին ծիծեռնակը Հայաստանի պաշտպանության նախարարի այցն է Արցախ։ Ի վերջո, դա է պահանջում ինքնապահպանման տարրական բնազդը…

Երբ նյութն արդեն պատրաստ էր, հաղորդագրություն ստացվեց այն մասին, որ ՀՀ զինված ուժերը նոր հենակետ են տեղադրել Սև լճի շրջանում, որտեղ ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են Հայաստանի սահմանները: Դատելով առաջին հաղորդագրություններից՝ հայկական հենակետը ադրբեջանական ԶՈՒ-ի դիրքերի հետևում է՝ փաստացի կտրելով թիկունքից։ Հաղորդվում է, որ ծեծկռտուք է տեղի ունեցել, ադրբեջանցիները պահանջում են հեռացնել նոր հենակետը, հայկական կողմը հրաժարվում է և պահանջում հեռացնել ադրբեջանականը, քանի որ այն գտնվում է Հայաստանի տարածքում…

Այստեղ գլխավորն այն է, որ Փաշինյանը կրկին մեջ չընկնի

Основная тема:
Теги: