ԱՌԱՆՑ ՁԵՌՔԵՐԻ, ԲԱՅՑ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Մինչ խորհրդարանական հանձնաժողովներում ընթանում են գալիք տարվա բյուջեի քննարկումները, մինչ չինովնիկները պատմում են հեռանկարային նախագծերի, մտահղացումների և ծրագրերի մասին, մինչ կառավարության ներկայացուցիչները պնդում են, թե ներդրումները գործնականում հոսում են գետի պես, իսկ օտարերկրյա գործընկերները պարզապես երազում են ֆինանսական աջակցություն ցուցաբերել մեզ, երկրի տնտեսությունը կանգնած է ահռելի խնդրի առջև: Շուտով աշխատող չի մնա։ Չի մնա ներդրումներն իրացնող և ծրագրերն իրականացնող։ Աշխատանքի շուկայում գործընթացները, մեղմ ասած, տագնապահարույց են

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով՝ Հայաստանում աշխատանքային ռեսուրսները կրճատվել են 9,7 տոկոսով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Իսկ ավելի կոնկրետ, եթե մեկ տարի առաջ աշխատանքային ռեսուրսների ցուցանիշը կազմում էր 2 մլն 157 հազար, ապա ներկայումս այդ թիվը կրճատվել է մինչև 1 մլն 948 հազարի։ Բնականաբար, սա ահազանգ է։ Բայց ոչ միակն ու ոչ ամենահնչեղը։ Տխուր պատկեր է ուրվագծվում նաև աշխատուժի առումով. մեկ տարվա ընթացքում այն նվազել է 6,2%-ով։

Եթե այս միտումներն աշխատաշուկայում պահպանվեն (իսկ դրանք կպահպանվեն, եթե հաշվի առնենք արտագաղթի աննախադեպ ալիքը), ապա գործող կառավարության երկարաժամկետ վիթխարի ծրագրերի գործնական իրականացման համար պարզապես աշխատող ձեռք չի մնա։ Ինչպես ասում են, ջուրն են ընկնում շինարարական ոլորտի, գյուղատնտեսության հետ կապված բոլոր գաղափարները, ենթակառուցվածքային նախագծերը... Չենք խոսում արդեն այն մասին, որ նույնիսկ բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի ծրագիրն ուղղակի անհնար կլինի կատարել։ Ներունակ աշխատող ձեռքերի պակասուրդն ակնհայտ է արդեն այսօր և, դատելով ամենից, տեսանելի հեռանկարում լոկ խորանալու է։

Իսկ ի՞նչ կարող է անել կառավարությունն առանց ձեռքերի։ Ոչինչ. թերևս միայն՝ տալ հավակնոտ, բայց դատարկ հերթական խոստումները։

Դեռ մի քանի ամիս առաջ կառավարության անդամներն ինքնամոռաց պատմում էին այն մասին, որ ԵՄ-ն որոշել է ավելի քան 2 մլրդ եվրոյի ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայաստանին։ Եվրոպական որոշ չինովնիկներ հաստատում էին այդ հաղորդագրությունը, ինչն առաջին հայացքից վկայում էր գաղափարի իրատեսական լինելու մասին։ Մի կողմ թողնենք այն փաստը, որ խոստացված փողերի մեծ մասը վարկային է լինելու և ավելացնելու է Հայաստանի առանց այդ էլ ահռելի պետական պարտքը. սա առանձին հարց է։ Տվյալ դեպքում խոսքն այն մասին է, որ իրացնել միջոցների այդպիսի ծավալ երկիրն այսօր պարզապես ի վիճակի չէ։ Եվ առաջին հերթին՝ աշխատուժի ահագնացող պակասի պատճառով։

Խոսելով աշխատաշուկայի մասին՝ կառավարությունը մշտապես գործածում է միայն մեկ ցուցանիշ. աշխատողների թվաքանակը։ Եվ այդ բնութագրիչով արձանագրում է մի ռեկորդը մյուսի հետևից։ Մինչդեռ այդպես էլ առեղծված է մնում, թե որտե՞ղ, ո՞ր ոլորտներում են բացվում կամ ստվերից դուրս գալիս նորանոր աշխատատեղեր։ Այս կարգի հարցերին որոշակի պատասխաններ կարող է տալ կրկին իսկ վիճակագրությունը:

Ընթացիկ տարվա սեպտեմբերին Հայաստանում աշխատող անձանց ընդհանուր թիվը հասել է 666 հազարի։ Տարեսկզբի համեմատ թիվն ավելացել է 55 հազարով։ Եվ այդ թիվը կառավարության կողմից ներկայացվում է որպես իշխանության վիթխարի և ռեկորդային նվաճումների հերթական օրինակ։ Այնինչ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ այդ ցուցանիշն աճել է ընդամենը 18 հազարով։ Ակնհայտ է, որ հերթական անգամ մանիպուլյացիա է արվում վիճակագրական տվյալներով։

Ինչևէ, կառավարության հավակնոտ ծրագրերը բացարձակապես համարժեք չեն հայրենի աշխատաշուկայում տիրող իրավիճակին։ Որակյալ աշխատուժի պակասը սովորական դատարկախոսության է վերածում ցանկացած, նույնիսկ ամենաիրատեսական գաղափար…