ԴԻԼԵՏԱՆՏՈՒԹՅԱՆ ՇՔԵՐԹ. ԻՆՉՈ՞Ւ ՄԱԿՈՒՆՑԸ ԱՌ ԱՅՍՕՐ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԸ ԲԱՅԴԵՆԻՆ

Նոյեմբերի 12-ին նախագահ Արմեն Սարգսյանը երկու հրամանագիր է ստորագրել Հայաստանի դեսպաններ նշանակելու մասին. Վիկտոր Ենգիբարյանին՝ Գերմանիայում, Սոս Ավետիսյանին՝ Իսպանիայում: Երկուսն էլ Փաշինյանի հավատարիմ կողմնակիցներն են, իշխող կուսակցության նախկին պատգամավորներ, երկուսն էլ երբեք չեն աշխատել ԱԳՆ-ում։ 40-ամյա Ենգիբարյանը և 32-ամյա Ավետիսյանը համալրեցին դեսպանների պաշտոնում Փաշինյանի մերձավոր շրջապատին պատկանող և կարիերային դիվանագետ չհանդիսացող մարդկանց «քաղաքական» նշանակումների ցանկը:

Բայց չէ՞ որ խոսքը, հատկապես Ենգիբարյանի դեպքում, վերաբերում է Եվրամիության երկու առաջնորդներից մեկին, ցանկացած պետության համար անչափ կարևոր երկրին՝ Գերմանիային։ Ասենք, Իսպանիան էլ բնավ երկրորդական երկիր չէ։ Չենք խոսում արդեն այն մասին, որ դեսպանն առհասարակ բարձրաստիճան պաշտոն է, որին ընդունված է նշանակել դիվանագիտական ոլորտում որոշակի ուղի անցած մարդկանց, ԱԳՆ-ի կադրային աշխատակիցներին, որոնք տիրապետում են համապատասխան գիտելիքների, հմտությունների ու փորձառության:

Այս ամենը, սակայն, բացարձակապես ոչ մի դեր չի խաղում Փաշինյանի համար, քանզի պետական շահն այդ սուբյեկտի համար ոչ ավելին է, քան դատարկ հնչյուն, հատկապես իր անձնական շահերի լույսի ներքո։ Իսկ քանի որ արևմտյան բարեկեցիկ երկրներում աշխատելն առանձնակի «համեղ պատառ» է համարվում այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է, ապա Նիկոլի համար այդ նշանակումները դարձել են մեկ հարվածով երկու նապաստակ սպանելու հնարավորություն։ Նախ, Արևմուտքում ունենալ հնարավորինս մեծ թվով վստահելի և հավատարիմ մարդկանց, և երկրորդ, պարգևատրել թիմակիցներին անձնապես իրեն՝ Նիկոլին նվիրվածության և անվերապահ ծառայության համար։

Մամուլում կարծիք է արտահայտվել նաև այն մասին, որ բոլոր այդ դեսպան կոչեցյալները հավանական փախստակներ են, որոնք իրենց շեֆի հրաժարականի դեպքում չեն էլ մտածի վերադառնալ Հայաստան։ Այսինքն Փաշինյանը պետական շահերի և հայ հարկատուների գրպանի հաշվին նաև անվտանգության երաշխիք և պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն է ապահովում իր ամենամտերիմ մեղսակիցների համար։

Այդօրինակ առաջին «քաղաքական» նշանակումը, իսկ իրականում՝ ՔՊ-ական «մեջ-մեջ անելը» Լիլիթ Մակունցի սկանդալային նշանակումն էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում. պաշտոն, որը կադրային դիվանագետները ստանում են ԱԳՆ-ում երկար տարիներ աշխատելուց հետո։ Չենք կրկնի բազմաթիվ հակափաստարկները՝ Հայաստանի համար ամենակարևոր երկրներից մեկում ուսուցչուհուն դեսպան նշանակելու վերաբերյալ, հակառակ առողջ դատողությանը, համաշխարհային պրակտիկային և նույնիսկ ԱՄՆ-ում հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների և կազմակերպությունների բացահայտ արտահայտած դժգոհությանը։ Հոկտեմբերին «ԳԱ»-ում հոդված հրապարակվեց արդեն անմիջականորեն Վաշինգտոնում Մակունցի «գործունեության» և համայնքի ներկայացուցիչների նկատմամբ նրա վերաբերմունքի մասին: Թե ինչով է զբաղված այդ ինքնասիրահարված տիկինը, որն առաջին իսկ հարցազրույցում հայտարարեց, թե իր նշանակումը համարում է քաղաքական, բայց ճիշտ ընտրություն, կարելի է դատել ինչպես դեսպանատան ֆեյսբուքյան էջից, այնպես էլ փորձագետների գնահատականներից։

Ինչ վերաբերում է սոցցանցերին, նշենք, որ հաճախ Մակունցը պարզապես փակում է դեսպանատան գրառումների տակ մեկնաբանություններ թողնելու հնարավորությունը, ինչն արդեն ինքնին խոսուն է։ Փորձագետների գնահատականները նույնպես ոչ մի կերպ հաճելի չես անվանի. այսպես, բառացիորեն օրերս միջազգային հարաբերությունների ոլորտում մեր առաջատար մասնագետներից մեկը՝ ամերիկագետ Սուրեն Սարգսյանը, օգտագործեց «ԱՄՆ-ում Հայաստանի գոյություն չունեցող դեսպան» պերճախոս արտահայտությունը։ Թերևս դժվար է ավելի դիպուկ բնորոշել Մակունցի գործունեությունը Վաշինգտոնում գտնվելու գրեթե 4 ամիսների ընթացքում։

Բավական է ասել, որ առ այսօր նա ԱՄՆ նախագահին չի հանձնել իր հավատարմագրերը։ Դա բացատրում են նրանով, թե իբր՝ Բայդենը համավարակի պատճառով առերես հանդիպումներ չի անցկացնում, ուստի հավատարմագրերն ուղարկվել են փոստով: Մինչդեռ Սպիտակ տան կայքում կարելի է տեսնել հաղորդագրությունները հանդիպումների մասին, որոնք Սպիտակ տան տերն անցկացնում է բավական ինտենսիվ և ամենօրյա ռեժիմով։

Ավելին, Մակունցին դեռևս չեն ընդունել նաև Պետդեպարտամենտում, որտեղ, ըստ ընթացակարգի, դեսպանը սկզբի համար ներկայացնում է հավատարմագրերի պատճենները: Ասում են, որ այդ տիկնոջը պարզապես չեն հրավիրում այնտեղ։ Արժե՞ արդյոք զարմանալ, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ նրա շփման շրջանակն առայժմ սահմանափակվում է հիմնականում Հայկական կոկուսի ավանդական անդամ կոնգրեսականներով։

Այո, ժամանակին Վաշինգտոնը ագրեման է տվել Մակունցի նշանակմանը։ Սակայն ամերիկյան աշխատակազմի կողմից փաստացի անտեսումը վկայում է նույնիսկ ոչ երկրի նկատմամբ վերաբերմունքի մասին. ավելի շուտ դա վերաբերմունք է հենց ուսուցչուհու նշանակմանը, որը դիվանագիտական աշխատանքի չնչին իսկ փորձ և համապատասխան գիտելիքներ չունի այն պաշտոնի համար, որը սովորաբար վստահում են լավագույն դիվանագետներին: Դեսպանի կարգն ու պրոֆեսիոնալիզմը ցույց են տալիս տվյալ պետության հարգանքը հյուրընկալող երկրի նկատմամբ, ընդգծում նրա նշանակությունն ու դերը։

Այժմ հարց. ի՞նչ պիտի մտածեին ամերիկացիները՝ դիլետանտին ու ինքնավստահ դուրսպրծուկին իրենց երկրում դեսպան նշանակելու պարագայում, որի միակ «արժանիքը» անձնական մտերմությունն է վարչապետի ու նրա ընտանիքի հետ։

Երկրորդ կարևորագույն տեսանկյունը ՀՀ դեսպանների փոխհարաբերություններն են տեղի համայնքի և Սփյուռքի կազմակերպությունների հետ։ Ավաղ, այդ առումով էլ փաշինյանական դրածոները պարծենալու բան չունեն։ Մակունցը մինչ օրս հանդիպումներ չի ունեցել ԱՄՆ-ի լոբբիստական դաշտում հայ գլխավոր դերակատարների՝ ԱՀԱԿ-ի և ԱՀՀ-ի հետ։ Փոխարենը նա ոստիկանություն էր կանչել՝ երիտասարդ դաշնակցականների բողոքի ցույցը ցրելու պահանջով, որից հետո ՀՅԴ մի քանի անդամներ պահանջեցին և հանդիպում ունեցան նրա հետ, որպեսզի զգուշացնեն, որ նրա կառավարության հետագա զիջումներն անընդունելի են իրենց համար։ Ահա և դեսպանի բոլոր շփումները ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ողջ աշխարհում հայկական Սփյուռքի գլխավոր կազմակերպության հետ։

Թե ինչպես է Մակունցը մտադիր նման պայմաններում համագործակցություն կարգավորել հայրենակիցների հետ և ունի արդյոք առհասարակ այդպիսի ծրագրեր, անհասկանալի է: Թեև, մյուս կողմից, միանգամայն հասկանալի է, հաշվի առնելով նրա «աշխատանքի» նպատակն ու մեթոդները, որում հայկական պետության շահերը դժվար թե առաջին տեղում են։ Բավական է հիշել, թե ինչպես վերոհիշյալ նույն հարցազրույցում նա հայտարարեց, որ Հայաստանը միջազգային օգնություն չի խնդրում արցախցի փախստականների հարցով, սակայն «տնտեսական և անվտանգության աջակցություն է խնդրում՝ խաղաղության և Ադրբեջանի հետ սահմանազատման տեսքով»։ Մեկնաբանությունները թողնենք ընթերցողներին…

ԵՎ ԷԼԻ ՄԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՓԱՍՏ. Հոկտեմբերի 22-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը ընթրիք էր կազմակերպվել «Մերիդիան» կազմակերպությանն աջակցելու համար, որի նպատակն է ԱՄՆ-ի ազդեցության տարածումն ու դերի հզորացումը ողջ աշխարհում՝ «դիվանագիտության, գլոբալ առաջնորդության և մշակույթի միջոցով»: Թե ինչ կապ ունի Հայաստանի դեսպանը, առավելևս՝ հայոց պետությունը «ԱՄՆ-ի դերի հզորացման» հետ, այդպես էլ մնաց առեղծված։

Սփյուռքի կառույցների հետ ՀՀ իշխանությունների փոխգործակցությունը անկախության բոլոր 30 տարիներին եղել է այն հիմքը, որի վրա կառուցվում էր ԱԳՆ-ի և տեղերում դեսպանների գործունեությունը: Հիմա դա չկա, չկա բացարձակապես. հիշենք թեկուզ «ջերմ ընդունելությունը», որ ցուցաբերեցին Կիպրոսի հայերն Ալեն Սիմոնյանին, ինչի համար նա հետո արդարանում էր՝ հայտարարելով, թե իրեն, իբր, աղուհացով են ընդունել։ Գուցե գտնվել են այդպիսիք, բայց դժվար թե դրանք համայնքի ազդեցիկ ու հեղինակավոր անդամներ լինեին։

Թե ինչպես են այս պայմաններում մտադիր աշխատել Փաշինյանի դրածոները, կարելի էր միայն գուշակել, եթե... Եթե այդ մարդիկ, մասնավորապես, դեսպաններն Ուկրաինայում (որտեղ, հիշեցնենք, մեր երկիրը ներկայացնում է տեր-պետրոսյանական ֆավորիտ Վլադիմիր Կարապետյանը), ԱՄՆ-ում, հիմա նաև Գերմանիայում և Իսպանիայում իսկապես այնտեղ ուղարկված լինեին Հայաստանի շահերը պաշտպանելու հստակ առաքելությամբ։

Բայց, հաշվի առնելով նրանց անքակտելի կապը ապաշնորհների և թուրքական շահերը սպասարկող դավաճանների թիմի հետ, հաշվի առնելով, թե կոնկրետ ով է նշանակել նրանց՝ բացառապես ի նշան երախտագիտության անձնական հավատարության համար, կասկածից վեր է, որ ո՛չ իրենք՝ «դեսպանները», ո՛չ էլ իրենց գործունեությունը ոչ մի ընդհանուր բան չունեն ո՛չ Հայաստանի և Արցախի, ո՛չ հայ ժողովրդի և հայկական Սփյուռքի հետ։

Լուսանկարում՝ Մակունցը Ներկայացուցիչների պալատի խոսնակի օգնական, կոնգրեսական Քեթրին Քլարկի հետ։ Լուսանկարը վերցված է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից: