ՄԱՐՏՈՒՆԵՑԻ ՀՈՎԻՎԸ, ԻՆՉՊԵՍԵՎ ՄՅՈՒՍ ԲՈԼՈՐԸ, ՍՊԱՆՎԵԼ Է ԱԼԻԵՎԻ ՀՐԱՄԱՆՈՎ

Հոկտեմբերի 9-ին Արցախում դիպուկահարի կրակոցից սպանվեց Մարտակերտի շրջանի խաղաղ բնակիչ Արամ Տեփնանցը, որն աշխատում էր իր տրակտորի ղեկին, նրա կողքին ռուս խաղապահ էր նստած, ևս մի քանի ռուս զինվորներ, ինչպես իրենց էր թվում, ապահովում էին գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը դաշտում: Նոյեմբերի 8-ին Շուշիի ճանապարհի խաչմերուկում ջրատարի նորոգման աշխատանքներ կատարելիս ադրբեջանցի ավազակի դիմահար կրակոցից սպանվեց 22-ամյա Մարտիկ Երեմյանը, նրա երեք գործընկերները վիրավորվեցին: Մոտ մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 3-ին, չեզոք գոտում գերեվարվել և ադրբեջանական դիրքերում սպանվել է Մարտունու շրջանի բնակիչ, 65-ամյա հովիվ Սեյրան Սարգսյանը:

Ըստ էության, յուրաքանչյուր ամսվա սկզբին Ադրբեջանը միտումնավոր սպանում է Արցախի քաղաքացու։ «Ընդմիջումների» ժամանակ կազմակերպվում են սադրանքներ, կրակոցներ արձակվում բնակավայրերի ուղղությամբ, հարձակումներ ձեռնարկվում հայկական դիրքերի վրա ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանի սահմանամերձ շրջաններում: «Խաղաղ դարաշրջանի» սկիզբը, որի մասին երազում է ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող սուբյեկտը, ոչ այլ ինչ է, քան պատերազմի շարունակություն՝ սողացող ագրեսիայի և հայկական երկու հանրապետությունների դեմ անվերջանալի ահաբեկչական գործողության տեսքով, միանգամայն հստակ ու ակնհայտ նպատակներով։

Հոկտեմբերին սպանված տրակտորիստի մահվան համար ոչ ոք չի պատասխանատվության չենթարկվեց, նոյեմբերին անզեն աշխատողի սպանության ու ևս երեք մարդու վիրավորելու համար՝ նույնպես: Ռուս խաղաղապահների հրամանատարությունը փորձում է ներկայացնել այդ ցուցադրական սպանություններն իբրև պատահական միջադեպեր, սակայն տարածաշրջանի իրավիճակին ծանոթ յուրաքանչյուրին ակնհայտ է, որ դրանք բոլորը «Հայ ժողովրդի ցեղասպանության թուրքական քաղաքականություն» անվանումով մեկ երկար շղթայի օղակներն են։ Շղթա, որը ձգվում է XIX դարավերջից:

Ընդ որում Բաքուն գործում է ցինիկաբար, բացահայտ և լպիրշորեն։ Այսպես, ջրատարը նորոգող բանվորների դիմահար գնդակահարությունը Ադրբեջանի ԱԳՆ-ը անվանեց «հայկական կողմի սադրանք՝ ուղղված ռուս խաղաղապահների վարկաբեկմանը»։ Թե ինչու պիտի հայկական կողմը ցանկանա վարկաբեկել Արցախի բնակիչների անվտանգությունն ապահովող խաղաղապահներին, այդ մասին Բաքվում նախընտրեցին, բնականաբար, լռել։ Ռուսական կողմը սահմանափակվեց հետաքննության անցկացման մասին հերթապահ հաղորդագրություններով։

Դեկտեմբերի 3-ին նախ հաղորդումներ ստացվեցին այն մասին, որ Մարտակերտի շրջանի բնակիչը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Այնուհետ պարզվեց, որ գյուղացին անասուններին արածեցրել է չեզոք գոտում։ Նրա սպանության մասին հաղորդագրությունից հետո Բաքվից հայտարարեցին, թե իբր՝ «դիրքերից մեկում մարտական հերթապահություն իրականացնող ադրբեջանցի զինծառայողը հարձակման է ենթարկվել հայկական ծագում ունեցող անձի կողմից, ինչի արդյունքում ադրբեջանցի զինծառայողը ինքնապաշտպանական նպատակներով չեզոքացրել է հարձակվողին»։ Թե ինչու պիտի հայ հովիվը հարձակվեր զինված զինվորի վրա, այդ մասին նույնպես ադրբեջանցի քարոզիչները լռեցին։

Փոխարենը համացանցում անմիջապես հայտնվեց տեղի ունեցածի տեսագրությունը։ Ըստ Արցախի դատախազության, «Արցախյան կողմը ունի համոզիչ ու անհերքելի բավարար ապացույցներ, այդ թվում ամբողջական տեսագրություն, որը փաստում է ադրբեջանական մի խումբ զինվորականների կողմից Արցախի քաղաքացուն այս պահին որպես չեզոք գոտի դիտարկվող «Ղուրուսու» կոչվող տեղամասից հարկադրաբար և բռնություն գործադրելով առևանգելու, ոտքերից ու ձեռքերից բռնած վիճակում ադրբեջանական հենակետ տեղափոխելու գործողությունները»: Սարգսյանին, դատելով ամենից, տեղափոխել են «Կոհակ» բարձունքի վրա տեղակայված ադրբեջանական մարտական դիրք, որտեղ էլ սպանել են։ Ավելի ուշ Արցախի իրավապահ մարմինները պարզեցին մարդասպանի ինքնությունը. դա շարքային Ռահիմզադե Դավիդ Գաբիլ օղլըն է:

Դեկտեմբերի 4-ին, երբ սպանված անասնապահի մարմինը հանձնվեց հայկական կողմին, Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տեղեկագրում ասվում էր հետևյալը. «Դեկտեմբերի 4-ին Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում: Ադրբեջանական պահակետում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) բնակիչ: Ռուսական խաղաղապահ զորախմբի օպերատիվ խմբի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի Ֆիզուլիի կայազորի զինվորական դատախազության ներկայացուցիչների աշխատանքի արդյունքներով ադրբեջանական կողմը դեպքի վայրում հարուցել է քրեական գործ՝ խաղաղ բնակչի մահվան փաստով»:

Ընդգծենք, պաշտոնական Բաքուն չհաստատեց քրեական գործի հարուցման փաստը։ Թեև կասկածից վեր է, որ եթե անգամ դա ձևականորեն արվել է, մարդասպանը չի պատժվելու: Եվ կրկին հարց է առաջանում. իսկ այդ ինչո՞ւ են գործ հարուցում, եթե ավելի վաղ հաղորդվել էր, թե Սեյրան Սարգսյանը հարձակվել է ադրբեջանցի զինծառայողի վրա։ Ստացվում է, որ առաջին հաղորդագրությունը սուտ էր և ապատեղեկատվությո՞ւն։ Կամ երկրորդ տարբերակը. ոչ մի գործ էլ չի հարուցվել, ռուսական կողմը փորձում է մարել կրքերն ու հերթական անգամ կոծկել Ադրբեջանի հանցագործությունը, որը, ինչպես անշուշտ հասկանում են Մոսկվայում, ստվեր է գցում առաջին հերթին խաղաղապահների գործունեության արդյունավետության վրա։

Հայկական կողմից հնչեցին անհրաժեշտ բոլոր գնահատականները. հանդես եկան Արցախի ԱԳՆ-ը և Մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանի ԱԳՆ-ն ու Մարդու իրավունքների պաշտպանը: Ճիշտ է, ՀՀ ԱԳՆ ղեկավար Միրզոյանը, որը հենց այդ օրերին մեկը մյուսի հետևից հանդիպումներ էր անցկացնում Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում, մի բառ անգամ չասաց խաղաղ բնակիչների դեմ Բաքվի հերթական հանցագործության մասին, թեև պարտավոր էր բարձրաձայն հայտարարել այդ մասին հենց տեղում՝ չսահմանափակվելով իր մամլո խոսնակի հայտարարությամբ։

Ստիպված ենք հերթական անգամ արձանագրել հանրահայտ և կասկածից վեր փաստերը։ Արցախի խաղաղ բնակչության դեմ անընդմեջ ահաբեկչության քաղաքականությամբ Ադրբեջանը հետապնդում է միանգամից մի քանի նպատակ։ Նախ՝ վախի մթնոլորտ ստեղծել և ստիպել հանրապետության բնակիչներին հեռանալ Հայրենիքից։ Այլ կերպ, քան էթնիկ զտումներ և ցեղասպանություն, դա չես անվանի. հիշեցնենք, որ ցեղասպանության հանցագործության չափորոշիչներից մեկը, ըստ ՄԱԿ-ի կոնվենցիայի, «որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումն է, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»։

Երկրորդ, Բաքվի այդ գործողությունները միանգամայն հստակ միտված են ռուսական խաղաղապահ զորակազմի վարկաբեկմանը, որպեսզի այն դուրս բերվի 4 տարի անց, իսկ ցանկալի է՝ է՛լ ավելի շուտ։ Մարդասպանների անպատժելիությունը և խաղաղապահների պասիվությունն ակամայից դժգոհություն և հուսահատության զգացում կառաջացնեն Արցախի բնակիչների շրջանում, իսկ ինչքան ավելի քիչ հայեր մնան հանրապետությունում, այնքան անօգուտ ու չարդարացված կլինի խաղաղապահների ներկայությունը: Եվ դա շատ լավ հասկանում են Բաքվում։

Միամտություն կլիներ կարծել, թե Մոսկվայում չեն գիտակցում թուրքական քաղաքականության նպատակներն ու հետևանքները. ամեն ինչ ընկած է մակերեսին։ Այլ հարց է, որ այնտեղ չեն ուզում սրել իրավիճակը, փորձելով խլացնել հայերի դժգոհությունը և միաժամանակ «չնեղացնել» Ալիևին։ Բայց նույնքան ակնհայտ է, որ անպատժելիությունը լոկ խրախուսում է Բաքվին նոր հանցագործությունների, և լռության մատնելու ու «հրդեհը մարելու» քաղաքականությունը ամեն կոնկրետ դեպքում սպառնում է հավանական մեծ խնդիրներով, այդ թվում՝ հենց Ռուսաստանի համար։

Իրավիճակը պահանջում է նախ եվ առաջ Երևանի և Մոսկվայի քաղաքական քայլեր։ Ադրբեջանցի ոչ մի զինծառայող չի կրակի տրակտորիստի վրա, որի կողքին ռուս խաղաղապահ է նստած, չի գնդակահարի անզեն բանվորներին, չի գողանա ու սպանի հովվին, եթե վստահ չլինի իր անպատժելիության մեջ: Ավելին, նա չի համարձակվի դա անել, եթե հայերի նկատմամբ բռնության ու սպանությունների քարտ-բլանշ չի ստացել ռազմական և քաղաքական ղեկավարության կողմից։ Ի վերջո, նա չի անի դա ամիսը մեկ՝ որոշակի ամսաթվերի, եթե դրա հրամանը չի ստացել վերևից։

«Նման ահաբեկչական, բարբարոսական արարքը Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյաց և ցեղասպան քաղաքականության դրսևորում է և իրականացվել է Ադրբեջանի բարձրագույն իշխանության ցուցումների ներքո։ Դրա ապացույցներից է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված կեղծ հաղորդագրությունը, որտեղ արդարացվում է Ադրբեջանի զինված ուժերի ահաբեկչական գործողությունը»։

Սա մեջբերում է Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունից։ Դրան կարելի է հավելել մեկ բան. Ադրբեջանի և նրա նախագահ Ալիևի հանցավոր, ցեղասպան և ահաբեկչական քաղաքականության ապացույցները լիառատ են, քանզի դեռևս 2006 թվականին Եվրոպայի կենտրոնում մոլագար Սաֆարովի գործով դատավարության ժամանակ բարձրաձայն և գործնականում պաշտոնապես ազդարարվեց. հայի սպանությունը Ադրբեջանում չի համարվում հանցագործություն: