ԱԶԱՏ ԱՆԿՄԱՆ ՌԵԺԻՄՈՒՄ

Հավանաբար կգա մի օր, երբ կգնահատվի թավշե իշխանության կողմից Հայաստանին հասցված վնասի ողջ մասշտաբը, բայց արդեն այսօր ակնհայտ է, որ դա աստղաբաշխական է։ Տվյալ դեպքում խոսքը պատերազմի և դրա հետևանքների մասին չէ, մարդկային հազարավոր կյանքերի և հսկայական տարածքների կորստի մասին չէ, ոչ էլ շարունակվող կապիտուլյանտային քաղաքականության ու երկրի անվտանգության կորստի։ Խոսքը հայկական պետությանը թավիշի բերած տեղային աղետների մասին է։ Իսկ ավելի ճիշտ՝ մի պատուհասի մասին, որը պերճախոս կերպով բնորոշում է «հեղափոխությամբ ծնված» իշխանության վնասաբեր էությունը։

Փաշինյանի «հեղափոխական» առաջին նախաձեռնություններից մեկը կառավարության կառուցվածքի «բարեփոխումն» էր, որի արդյունքում լուծարվեց, մասնավորապես, Գյուղատնտեսության նախարարությունը: Իհարկե, նայելով, թե ինչպես են մնացած նախարարություններն իբր կարգավորում իրենց պատասխանատվության տակ գտնդող ոլորտները, կարելի է ասել, որ Փաշինյանի կառավարության կազմում գյուղնախարարության առկայությունից կամ բացակայությունից քիչ բան կարող է կախված լինել։ Այդուհանդերձ փաստն այն է, որ 2018-ից հետո ոլորտն անցել է ազատ անկման ռեժիմի և շարունակում է ցած գահավիժել:

Այդ անկման չափորոշիչներ կարող են ծառայել ՀՀ Վիճակագրական կոմիտեի կողմից վերջերս հրապարակված տվյալները։ Ներկայացնենք դրանցից մի քանիսը։ Առաջին հերթին հարկ է նշել, որ եթե նախքան թավիշի գալը (2017-ին) գյուղատնտեսական հիմնական մշակաբույսերի ցանքատարածությունները կազմում էին 353,4 հազար հա, ապա 2020-ին այդ տարածքները կրճատվել են մինչև 222,7 հազար հեկտարի։ Կրճատումն ահռելի է. 38%-ով։ Ընդամենը երեք տարում։

Իհարկե, դա չէր կարող բացասաբար չանդրադառնալ համախառն բերքի ցուցանիշի վրա։ Եվ ահա պարզվում է, որ նշված ժամանակահատվածում (2017-2020) ցորենի համախառն բերքը 176 հազար տոննայից նվազել է 132 հազարի, կարտոֆիլը՝ 547 հազար տոննայից 437 հազարի, բանջարեղենը՝ 861-ից մինչև 692 հազար տոննայի, բոստանային մշակաբույսերը՝ 215-ից նվազել 126 հազարի, պտուղներն ու հատապտուղները՝ 361 հազարից 274 հազարի: Բերքի աճ կա միայն խաղողի մասով։ Մնացած բոլոր բնութագրիչներով գրանցվել է առավել քան լուրջ անկում։

Քիչ ավելի լավ են գործերը անասնաբուծության ոլորտում։ Համենայնդեպս խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը նշված ժամանակահատվածում կրճատվել է ոչ այդչափ արմատականորեն. մոտավորապես 1000 գլխով։ Մի քանի հազարով ավելացել է ոչխարների և այծերի քանակը։ Թռչունների քանակը փոքր-ինչ նվազել է, իսկ խոզերինը՝ ավելացել։ Մի խոսքով, անասնաբուծության ոլորտում պատկերն այնքան էլ մռայլ չէ։ Այդուհանդերձ պետք է նշել, որ կենդանական ծագման գյուղմթերքի արտադրությունը նշված ժամանակահատվածում նվազել է։ Եթե 2017-ին այդ ցուցանիշը կազմում էր 192 հազար տոննա, ապա 2020-ին՝ արդեն 189 հազար տոննա։

Գյուղատնտեսության ոլորտում արձանագրվող անկման հետ մեկտեղ՝ վերջին տարիներին սկսել են աճել արտասահմանից գյուղմթերքի ներկրման ծավալները։ Ընդ որում բավական տպավորիչ աճ է գրանցվել գրեթե բոլոր հիմնական ապրանքային խմբերի պարագայում։ Այսպես, 38 հազար տոննայով ավելացել է ցորենի ներկրումը, հազար տոննայով՝ ալյուրինը, գրեթե կրկնապատկվել է շաքարի ներկրումը, 4 հազար տոննայով ավելացել է բուսայուղի ներկրումը, հազար տոննայով՝ տավարի մսինը, 2 հազար տոննայով աճել է կաթի ներկրումը, գրեթե երկու անգամ ավելացել է բանջարեղենի, մրգերի ներմուծումը, նույնիսկ պանիր սկսել են ավելի շատ ներկրել։

Այսպիսով, կարելի է արձանագրել հետևյալը։ Մի կողմից՝ հայրենի ագրարային ոլորտը վերջին երեք տարիներին սրընթաց կորցրել է իր ծավալը, մյուս կողմից՝ աճել է գյուղմթերքի ներկրման ծավալը։ Իսկ դա, բացի ամենից, նաև հզորագույն հարված է երկրի պարենային անվտանգությանը։

Կարելի է, իհարկե, այս ամենի մեջ տեսնել փաշինյանական թիմի ներկայացուցիչների դիլետանտիզմի, անփորձության, տգիտության արդյունքը։ Սակայն հաշվի առնելով առանձին վերցրած ոլորտի նկատմամբ վնասարարության մասշտաբը, որի խորհրդանշական մեկնարկը Գյուղատնտեսության նախարարության միանգամայն գիտակցված լուծարումն էր, այնուամենայնիվ ավելի համոզիչ է թվում նպատակաուղղված գործընթացի վարկածը: Ասենք, դա այդքան էլ կարևոր չէ ։ Շատ ավելի կարևոր է այն, որ պարենային ապահովման առումով Հայաստանն աստիճանաբար նստում է ներկրման ասեղին, որից ազատվելը շատ դժվար կլինի։ Մանավանդ եթե հաշվի առնենք, որ նման ծրագրեր (ներկրման ասեղից հրաժարվելու) կառավարությունը չունի։ Նկատեք, պարենային ինքնապահովման մակարդակի նվազման խորապատկերին Հայաստանի իշխանությունները ծրագրում են զարգացնել երկրի գյուղատնտեսությունը՝ կանեփի աճեցումը խթանելու ճանապարհով։ Եվ այդ ծրագիրն ամրագրել են մինչև 2024 թվականի տնտեսական զարգացման ռազմավարության մեջ։