Փաշինյանը նախապատրաստում է Արցախի կորստին. «5165»–ը զորակցում է Արցախի ԱԺ–ին

«5165 շարժումն» իր զորակցությունն է հայտնում Արցախի Ազգային ժողովին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակազգային ու հակապետական վարքագիծը դատապարտող հայտարարության առնչությամբ: Շարժումը ֆեյսբուքյան իր էջում է նման հայտարարությամբ հանդես եկել։

Հայտնել էինք, որ հանրության կողմից խիստ քննադատվեց վարչապետի հայտարարություններից մեկը, ըստ որի՝ բանակցային բովանդակության մեջ, որում խոսվում էր ԼՂ-ի վերջնական կարգավիճակի ճշգրտման համար նախատեսվող հանրաքվեի մասին, խոսքը ԼՂ ողջ բնակչության մասին էր, ինչը նշանակում է ոչ միայն հայկական, այլև ադրբեջանական բնակչություն:

Արցախի ԱԺ–ն իր հերթին անդրադարձել էր Փաշինյանի ասածին` հայտնելով, որ անընդունելի է առանց Արցախի իշխանությունների տեսակետը հաշվի առնելու դիրքորոշում հայտնելը, քանի որ Արցախի ապագայի հարցով որոշում ընդունելու իրավասություն ունեն միայն Արցախի քաղաքացիների կողմից ընտրությունների միջոցով ձևավորված իշխանությունները։

«Նիկոլ Փաշինյանի՝ վերջին օրերին արված հայտարարությունները վկայում են որդեգրված այնպիսի քաղաքական գծի մասին, որն իմաստազրկում է Արցախյան շարժումը, կասկածի տակ առնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, դնում հայկական այդ երկրամասի հայաթափման հիմքերը: Նրա ձևակերպումները նսեմացնում են արցախյան գոյապայքարում հազարավոր հայորդիների նահատակության գնով ձեռք բերված ռազմական հաղթանակները, փոշիացնում բանակցային գործընթացում արձանագրված դիվանագիտական հիմնարար ու անշրջելի ամրագրումները՝ հայ ժողովրդին նախապատրաստելով Արցախի կորստին»,–ասված է «5165» շարժման հայտարարության մեջ։

Ըստ շարժման` Փաշինյանն, ըստ էության, ուղերձ է հղում հայ ժողովրդին, որ այլևս անիմաստ է պայքարել հայրենիքի, հայ ժողովրդի արդար ու պատմական իրավունքների համար՝ հակադրելով «լավ ապրելու» կեղծ ու անիրական հեռանկարը:

«5165 շարժման» գործունեությունը հստակորեն ուղղված է ազգակործան այս քաղաքական տրամաբանության դեմ և այս հիմքով են ձգտում Փաշինյանի հեռացմանը: Միաժամանակ, շարժումը կոչ է անում այս հրամայականի ներքո ստորադասել կուսակցական ու ներքաղաքական բոլոր օրակարգերը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: