Փաշինյան․ ՀԱՊԿ-ը բանակ չէ, առաջին հերթին ռազմաքաղաքական կազմակերպություն է

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ արված հայտարարությունը ՀԱՊԿ մասին։ «Հենց հարձակումը սկսվում է, պարզվում է, որ չէ, ՀԱՊԿ-ի պայմանագիրը էդ դեպքի համար չէ: Մեր թշնամուն ՀԱՊԿ-ն է զինում, մեր թշնամուն ՀԱՊԿ-ն է աջակցում ամենաշատը, Ղազախստանն ու Բելառուսը դրա ամենատիպիկ օրինակն են: Մենք մեր նախընտրական ծրագրում դրա համար գրել ենք, որ հստակեցում մտցվի՝ ի՞նչ պարտավորություններ ունենք ՀԱՊԿ շրջանակներում։ Իրականում էդ ՀԱՊԿ-ն ի՞նչ է, մի հատ հասկանանք` դա մեզ օգուտ ա, թե վնաս։ Եվ այս առումով շատ կարևոր է, որ ՀՀ-ն անվտանգության ոլորտում նախ պարզաբանի Ղազախստանը մեր նկատմամբ ին պարտավորություն ունի, մենք Ղազախստանի նկատմամբ՝ ինչ։ Եվ հետո անվտանգության ոլորտում այլընտրանքներ, այո, պետք է փնտրվի»,- ասել էր Փաշինյանը՝ նախքան վարչապետ լինելը։

Ագնեսա Խամոյանը հարցրեց «Մենք Ղազախստանի նկատմամբ ի՞նչ պարտավորություններ ունենք ի վերջո, որ հայ զինվորը գնացել էր ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծելու»։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց «Դուք ճշգրիտ ըստ էության հրապարակեցիք այն օրակարգը, որը ես ՀՀ վարչապետի պաշտոնն ստանձնելով՝ քննարկել եմ ՀԱՊԿ-ում։ Իհարկե, մի քիչ այլ բառապաշարով, այլ տոնայնությամբ, այլ դեմքի արտահայտությամբ, այլ կարգավիճակով։ Մենք ասել ենք, որ ՀԱՊԿ-ում մեր առաջնահերթությունը ՀԱՊԿ արագ արձագանքման, ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմների կատարելագործումն է, որպեսզի հասկանանք՝ այդտեղ աշխատող մեխանիզմ կա, թե՞ չկա։ Երբ ասվում է՝ ՀԱՊԿ-ին ինչի՞ չենք դիմել, էս ամբիոնից հայտարարվել է այդ ամենի մասին, պետք չէ հանրահայտ փաստերի մասին անընդհատ հարցեր տալ»։

Նիկոլ Փաշինյանը հավելեց «Այդ ձայնագրության մեջ նշված ամեն ինչը հնչել է ՀԱՊԿ աշխատանքային մակարդակով։ Եվ երբ եկել է պահը, երբ մենք պիտի գործողություն ձեռնարկենք մեր ամբողջ օրակարգի վերաբերյալ, այո, ես կայացրել եմ որոշում, իհարկե, ՀԱՊԿ մեր մյուս գործընկերների հետ։ Եվ առաջին անգամ ՀԱՊԿ պատմության մեջ գործել է արագ արձագանքման մեխանիզմ։ Լա՞վ է սա Հայաստանի շահերի համար, թե՞ վատ։ Իհարկե, լավ է։ Արդյոք սրանով բոլոր հարցերի պատասխանները տրվա՞ծ են, ոչ, տրված չեն»։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ երբ ընդդիմադիրներն ասում են՝ ՀՀ տարածքից 40 քառակուսի կմ տարածք կորցրել ենք, նախկինում 70-ից ավելի քառակուսի կմ տարածք եղել է և մինչև այսօր էլ շարունակում է մնալ ոչ մեր հսկողության տակ։ «Բա ինչի՞ նախկինում ՀԱՊԿ-ին չեն դիմել էդ հարցերով»,- հավելեց նա։ Ըստ Փաշինյանի՝ ՀԱՊԿ կանոնադրության մեջ գրված է, որ ՀԱՊԿ-ը առաջին հերթին գործողությունները ձեռնարկում է քաղաքական-դիվանագիտական մեթոդներով։ ՀԱՊԿ-ը բանակ չէ, առաջին հերթին ռազմաքաղաքական կազմակերպություն է։

«Շատ լավ է, որ ՀԱՊԿ Բրյուս Լին դուք եք։ Ի՞նչն է ձեզ խանգարում ՀԱՊԿ-ին դիմել 4-րդ հոդվածով, որպեսզի Ադրբեջանի զինծառայողները դուրս շպրտվեն Հայաստանի սուվերեն տարածքից։ Դուք հանգուցալուծում եք Ղազախստանի ներքաղաքական կյանքը, ինչո՞ւ չեք հանգուցալուծում Հայաստանի սահմաններում տիրող իրավիճակը», Նիկոլ Փաշինյանին դիմեց Ագնեսա Խամոյանը։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց «Ինչպես գիտեք՝ մի հատ է եղել Բրյուս Լի և Բրյուս Լին ՀԱՊԿ-ում չի եղել։ Բայց ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ալամ ՀԱՊԿ-ում եղել ա մի տղամարդ, որի կարգավիճակը հիմա իր կողմնակիցներն են հրապարակային կասկածի տակ դնում։ Մենք այդպիսի հավակնություններ չունենք։ Ինչ վերաբերում է Ղազախստանի հետ կապված որոշմանը, դրա վերաբերյալ բավարար պարզաբանումներ հնչել են, ես լրացուցիչ պարզաբանումների անհրաժեշտություն չեմ տեսնում։ Հայաստանի կառավարությունն ունի բավարար լիազորություններ՝ անհրաժեշտության դեպքում և ըստ նպատակահարմարության՝ կայացնել որոշումներ։ Եվ այն դեպքում, երբ նպատակահարմար ու արդյունավետ չէ այդ որոշումը, չկայացնել այդ որոշումները», տեղեկացնում է Lragir.am։