Պետական դավաճանություն կատարած անձանցից մեկն Արցախի ԱԻՊԾ աշխատակից է եղել

 

Հավանաբար բոլորդ եք տեսել պետական դավաճանություն կատարած անձանց ձերբակալելու տեսանյութն ու ԱԱԾ տարածած հաղորդագրությունը: Համազգեստից պարզ երևում է, որ նրանցից մեկը ԱԻ պետական ծառայության աշխատակից է: Համակարգում նա բոլորովին վերջերս է ընդունվել աշխատանքի, շատերս անգամ չենք հասցրել ծանոթանալ նրա հետ: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Արցախի ԱԻՊԾ ՆԳՆ խոնսակ Հունան Թադևոսյանը։

«Գրեթե մեկ ամիս, նա կրել է մի կառույցի համազգեստ, որի ծառայողները վերջին պատերազմի ընթացքում արել են առավելագունը: Ուստի, նա չպետք է չափման միավոր հանդիսանա և ազդեցություն թողնի փրկարար ոլորտի վարկանիշի վրա: Մենք չպետք է թուլացնենք մեր հավատն ու հարգանքը Արցախի փրկարարի հանդեպ:

Ցավոք, վերջին իրադարձություններն ապացուցում են, որ մեզ հետ՝ մեր կողքին, ապրում են նաև թերություններ: Մենք անվերապահորեն դատապարտում ենք հայրենիքի հանդեպ դավաճանական ցանկացած դրսևորում:

Իսկ ընդհանրապես ամեն ինչ ավելի պարզ ու հայտնի կդառնա քրեական դատավարությունից հետո՝ օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,-պարզաբանել է Թադևոսյանը։

Նշենք, որ ԱԱԾ-ն այսօր հաղորդագրություն էր տարածել, ըստ որ՝ ռազմական հակահետախուզության և քննչական դեպարտամենտների աշխատակիցների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական ու համակցված քրեադատավարական միջոցառումների արդյունքում բացահայտվել և չեզոքացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված հերթական գործակալական ցանցի գործունեությունը, որի կազմում ներգրավված են եղել զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայության մեջ գտնվող անձինք, ինչպես նաև նախկին զինծառայողներ և Արցախի Հանրապետության պետական մարմինների որոշ աշխատակիցներ, տեղեկացնում է ArmeniaToday.news։