ԽՈՍԵ՞ՆՔ ՀԱՆԱՊԱԶՕՐԻ ՄԱՍԻՆ

Ցորենի պաշարների մասին տեղեկությունը գաղտնի է և հրապարակման ենթակա չէ, ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով առկա ռիսկերի մասին հարցին, հաղորդում է Sputnik Արմենիան:

«Ցորենն այն ռիսկերից մեկն է, որը կարող է բխել ռուս-ուկրաինական ճգնաժամից։ Բայց ինչո՞ւ են բոլորը կենտրոնանում դրա վրա: Ի վերջո, կան այլ խնդիրներ։ Միգուցե, դրանք շատ ավելի կարևոր են, քան ցորենը»,- ասել է Աղաջանյանը։

Էկոնոմիկայի նախարարությունը, «Քաղաքացիական պայմանագրի» մեկ այլ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի պնդմամբ, անում է ամեն ինչ, որպեսզի ռիսկերը կառավարելի լինեն։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ԱՌՆՎԱԶՆ ՏԱՐՕՐԻՆԱԿ Է, որ Աղաջանյանին զարմացնում է հետաքրքրությունը հատկապես ցորենի պաշարների հետ կապված իրավիճակի նկատմամբ։ Դա տարրական բան է. ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում համաշխարհային շուկայում կանխատեսվում է ցորենի էական դեֆիցիտ, և գներն արդեն կտրուկ աճել են։ Այստեղ նշենք, որ ցորենի համաշխարհային ողջ շուկայի 30%-ը ապահովում են Ռուսաստանը և Ուկրաինան։ Մյուս կողմից, Հայաստանում սպառվող ցորենի գրեթե երկու երրորդը ներկրվում է երկիր։ Ըստ էության, այս երկու գործոնները բավարար են ցորենով երկրի հետագա ապահովման և դրա էական թանկացման հեռանկարների մասին մտահոգվելու համար։

Սակայն Աղաջանյանն ինչ-որ առումով իրավացի է։ Իսկապես, ոչ միայն ցորենի հետ պետք է կապված լինեն մեր մտավախությունները։ Երկրի պարենային անվտանգությունն, ընդհանուր առմամբ, ամենահսկայական խնդիրներից մեկն է այսօր։

Դեռևս նախքան պատերազմն ու համավարակը առաջին անհրաժեշտության ապրանքների ինքնաբավության մակարդակը Հայաստանում նվազել էր։ Այսպես, 2019-ին դա (մակարդակը) կազմել է 52,5%, 5 տարում կրճատվելով 7,5%-ով։ Հենց նույն ցորենի մասով անկումն առավելևս վիթխարի էր։ Եթե 2014-ին Հայաստանում արտադրվում էր սպառվող ցորենի 48%-ը, ապա 2019-ին՝ արդեն 30,7%-ը։ Փլուզվեցին ինքնապահովման ցուցանիշները նաև բուսական յուղի մասով (13,2% -ից 1,4%-ի), և շաքարի մասով (93,1%-ից 76,4%-ի)։

Թվում է, թե արձագանքելով պարենային անվտանգության տեսանկյունից այդչափ բացասական միտումներին և ինքնապահովման մակարդակի նվազմանը՝ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկեր գյուղատնտեսության ոլորտի շուտափույթ վերակենդանացման ուղղությամբ։ Սակայն, ինչպես հայտնի է, նա գնաց այլ ճանապարհով, ընդհանրապես նետելով ոլորտը երկրի տնտեսական կյանքի մայթեզր։ Եվ արեց դա առավել քան արտառոց կերպով. իսպառ լուծարելով գյուղնախարարությունը։ Իսկ որպես նման որոշման հիմնավորում վկայակոչվում էր ինտուիցիան։ Շատերն արդեն մոռացել են, բայց արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը, խորհրդարանում ներկայացնելով կառավարության նոր կառուցվածքը, որտեղ տեղ չէր գտնվել գյուղատնտեսության նախարարության համար, ամենայն լրջությամբ պնդում էր, թե իրեն ինտուիցիան է հուշել, որ այդպես ավելի արդյունավետ կլինի։ Զեյնալյանի ներքին ձայնը ծանր կացության մեջ գցեց և՛ իր ղեկավարությանը, և՛ Հայաստանի բոլոր քաղաքացիներին։ Կրկնեմ. պարենային անվտանգության մակարդակը սկսեց ընկնել։

Այս համատեքստում արժե ուշադրություն դարձնել ևս մի քանի ցուցանիշների։ 2020-ի դրությամբ Հայաստանում հիմնական գյուղատնտեսական մշակաբույսերի ընդհանուր ցանքատարածքները կազմել են 222,7 հազար հա: Մինչթավիշային 2017-ի համեմատ այդ տարածքը կրճատվել է 38%-ով: Արդյունքում ցորենի բերքը նվազել է 44 հազար տոննայով, կարտոֆիլինը՝ 110 հազար տոննայով, բանջարեղենը՝ 169 հազար տոննայով

Այդ ամենը պատերազմից ու համավարակից առաջ էր։ Բայց հետո վիճակը բնավ չբարելավվեց։ Նույնիսկ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2021-ին գյուղատնտեսական արտադրանքի ծավալը նվազել է 1%-ով՝ 2020-ի համեմատ։ Եվ դա՝ գների էական աճի պայմաններում։

Իհարկե, այն իշխանության ներկայացուցիչը, որը մեթոդաբար կործանում է երկրի նաև ագրարային մասնահատվածը, անհարմարավետության զգացումով է պատասխանում այն հարցերին, որոնք վերաբերում են ցորենի պաշարների ընթացիկ վիճակին՝ ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքների հետ կապված ռիսկերի համատեքստում։ Իհարկե, նա կնախընտրեր մեկնաբանել ավելի «կարևոր խնդիրներ»։ Օրինակ, խոսել հանապազօրի մասին՝ խանութների դարակներին կաթնամթերքի դասավորության: Համենայնդեպս Հայաստանի կառավարությունը գերադասում է ներկա իրավիճակում ուշադրությունը կենտրոնացնել հենց այդօրինակ խնդիրների վրա։