ԳՈՒՑԵ ՍԵՂԱՆԻ ՀԱ՞ՑՆ ԷԼ ԱՐԳԵԼԵՔ

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կատարած օպերատիվ վերլուծության հիման վրա՝ 2021 թվականին ցորենի ինքնապահովման մակարդակը կազմում է մոտ 26,4%: Այդ մասին հաղորդել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հանրային կապերի բաժնից՝ ի պատասխան NEWS.am-ի գրավոր հարցմանը։

2021 թվականին հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունը կազմել է 123 314 հա, որից ցորենինը՝ 58 967 հա: 2021 թվականին աշնանացանը կատարվել է 53 335 հա տարածքում:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ԱՅՍ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՆՄԽԻԹԱՐԱԿԱՆ Է։ Այն առանձնակի տագնապահարույց է՝ հաշվի առնելով, որ աշխարհը կանգնած է համաշխարհային պարենային ճգնաժամի շեմին, իսկ հենց ցորենի մասով կանխատեսվում է համատարած դեֆիցիտ, չենք խոսում արդեն այն մասին, որ այդ ապրանքի համաշխարհային գներն արդեն գերազանցել են բազմամյա ռեկորդները և դեռ հաստատ ավելի են գերազանցելու։ Եվ ահա պարզվում է, որ Հայաստանը նույնիսկ ոչ թե պատրաստ չէ նման փորձությունների, այլև մեթոդաբար, տարեցտարի վատթարացրել է իր վիճակը ցորենի ինքնապահովման ոլորտում։ Ընդամենը երեք տարվա ընթացքում կառավարությունը հաջողացրել է նվազեցնել այդ ցուցանիշը մոտ մեկ երրորդից մեկ քառորդի։ Այսպես, դեռևս 2019-ին ինքնապահովման մակարդակը կազմում էր 30,7%, այժմ՝ 26,4%։

Այս համատեքստում, թերևս, պետք է ուշադրություն դարձնել ներկայիս իրավիճակը բնութագրող մի քանի ցուցանիշների։ Ցորենի ներքին սպառման ծավալն արդեն մի քանի տարի շարունակ կազմում է տարեկան մոտ 500 հազար տոննա։ Մինչդեռ արտադրությունը միայն վերջին տարում կրճատվել է 2 հազար տոննայով և այժմ կազմում է 130 հազար տոննա։ Ավելին, վերջին մեկ տարվա ընթացքում հսկայական նվազում է արձանագրվել պաշարների գծով. 35,8%-ով։ Այսօր այդ պաշարները կազմում են ներքին սպառման ծավալի ընդամենը 10%-ը։

Գուցեև դեռ վաղ է խոսել հայրենի շուկայում ցորենի դեֆիցիտի մասին, գուցեև կառավարությանը հաջողվի ՌԴ-ի հետ պայմանավորվել լրացուցիչ մատակարարումների մասին և ինչ-որ կերպ ժամանակավորապես լուծել շտեմարաններում ցորենի պակասի խնդիրը: Սակայն ակնհայտ է, որ միջնաժամկետ հեռանկարում այս հարցը պահանջում է սկզբունքային և օպերատիվ լուծումներ։ Ակնհայտ է, որ ռուսական ցորենի համաշխարհային պահանջարկի աննախադեպ վերելքի դեպքում Հայաստանի համար գնալով ավելի դժվար կլինի առաջիկա տարիներին ապահովել իր ներքին պահանջարկը ներկրման հաշվին։ Միակ այլընտրանք այստեղ կարող է լինել տեղական արտադրության ծավալների էական ավելացումը։

Թվում է, թե ստեղծված իրավիճակում կառավարությունը պետք է մոբիլիզացնի իր բոլոր ջանքերն ու ռեսուրսները՝ անկման ընթացքն արագ կասեցնելու համար, և նախաձեռնի ծրագրեր, որոնք ուղղված կլինեն տեղական արտադրության ընդլայնմանն ու այսօր այնքան արդիական պարենային անվտանգության բարձիկի ձևավորմանը՝ ընդհանրապես, և ցորենինը՝ մասնավորապես: Բայց ... Կառավարության կողմից այդ ուղղությամբ ոչ մի շարժում չի երևում։ Հնչում են թերևս միայն խուճապի չմատնվելու կոչեր և դատարկ հավաստիացումներ, թե դեֆիցիտ չի լինելու։ Ավելին, որոշումներ չկան նույնիսկ գյուղատնտեսության ոլորտում նախկինում հռչակված առաջնահերթությունների վերանայման վերաբերյալ։

Մինչ օրս կառավարությունն ապրում է իր ընդունած տնտեսական ռազմավարության շրջանակներում, որտեղ ագրարային ոլորտի զարգացման հիմք է վերցված կանեփի արդյունաբերական արտադրությունը։ Ըստ էության, գործադիր իշխանությունը շարունակում է տեսնել երկրի գյուղատնտեսական հեռանկարները կանեփի դաշտերում, ընդ որում կրճատելով ցորենի դաշտերը։ Եվ դա այն դեպքում, երբ ցորենով երկրի ինքնապահովման մակարդակը հասել է նվազագույնի, իսկ աշխարհում արդեն ակնհայտ է այդ արտադրանքի դեֆիցիտը։

Եվ էլի մի բան։ Չեմ զարմանա, եթե վաղը առողջապահության նախարարությունը հանդես գա հանրային սննդի այն օբյեկտները տուգանելու նախաձեռնությամբ, որոնց սեղաններին հաց է նկատվել։ Այնպես, ինչպես արեցին աղի պարագայում։ Ի՞նչ վատ միջոց է ցորենի դեֆիցիտի խնդիրը լուծելու համար: Կվկայակոչեն հացի վնասակարության մասին ԱՀԿ-ի ուսումնասիրություններն ու կսկսեն կրճատել դրա օգտագործումը…