ԱԽՊԵՐԱՀԱՎԱՔԸ ԿՈՉՎԱԾ Է ԳՈՐԾԵԼՈՒ

Վերջին չորս շաբաթվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը երկու անգամ հանդիպում է ունեցել այսպես կոչված արտախորհրդարանական ուժերի խորհրդակցական ժողովի հետ։ Դրան կարելի էր ուշադրություն չդարձնել, եթե այդ խառնակույտում կենտրոնացած չլինեին բացառապես փաշինյանական գրպանային «գործիչները», որոնք բոլորն անխտիր զբաղված են Հայաստանում ռուսատյացության ալիք բորբոքելով։ Այդօրինակ վերջին հանդիպումը տեղի է ունեցել անցած շաբաթ օրը։

Այդ հանդիպումների օրակարգը, որպես կանոն, գաղտնի է պահվում, հասարակայնությանը տրամադրվում է լոկ սահմանափակ տեղեկատվություն, թե ով, երբ, ում հետ։ Համենայնդեպս, այդ արտախորհրդարանական ուժերի և Փաշինյանի վերջին երկու ժողովիկների մասին տեղեկատվությունը խստիվ դոզավորված է. հայտնի է միայն, որ փետրվարի 26-ին և մարտի 26-ին «Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին», և որ «նիստին ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը և Տիգրան Արզաքանցյանը»: Ոչ մի բառ՝ քննարկված թեմաների, այդ կերպարների կողմից բարձրացված հարցերի մասին։

Թեմաները բացահայտվում են ավելի ուշ, երբ հավաքի մասնակիցներն արդեն պոստֆակտում սկսում են սոցցանցերում գրառումների տեսքով ներկայացնել իրենց հայտարարությունները: Այսպես, օրինակ, Արամ Սարգսյանը փետրվարի 27-ին՝ հանդիպման հաջորդ օրը, հայտարարություն տարածեց, թե «այսօրվա մեր անտարբերությունը այլոց հանդեպ անթույլատրելի է մեր կարգավիճակում գտնվող պետության համար և կարող է նույն կերպ դրսևորվել մեր պարագայում», ուստի, իբր՝«հարգում և գնահատում ենք Ուկրաինա պետության ինքնիշխանությունը, նրա ժողովրդի՝ ինքնուրույն դաշինքներ և պաշպանության համակարգեր ընտրելու իրավունքը և խստորեն դատապարտում ենք ՌԴ-ի ներխուժումը Ուկրաինա, համարելով ժողովրդավարության, ինքնիշխանության և գոյություն ունեցող միջազգային օրենքների դեմ ուղղված արհամարհանք և կոպտագույն խախտում»։ Իսկ Տիգրան Խզմալյանն այդ հանդիպումից ընդամենը երկու օր առաջ, և դրանից հետո էլ ակցիաներ էր անցկացնում ի պաշտպանություն Ուկրաինայի, իսկ ՖԲ-ում հրապարակում զառանցանքը Ստեփանավանի «վերանվանման» մասին... Ստեփանավանի, բայց արդեն ոչ թե Ստեփան Շահումյանի, այլ... Ստեպան Բանդերայի պատվին։

Արցախի և Հայաստանի համար բարդագույն այս օրերին Փաշինյանը մարտի 26-ին կրկին հավաքեց իր այդ ախպերությանը։ Նույն օրը երեկոյան Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, մասնավորապես, որ «Հայաստանի անկախությունը քննարկման ենթակա չի ու չի կարող լինել, Արցախը ցանկացած կարգավիճակով Ադրբեջանի կազմում չի կարող լինել», և որ «տարբեր շրջանակների կողմից փորձելու են նորից վախ սերմանել, թե եթե ուզում ենք չկոտորվենք, ապա պետք է… Արցախը տանք, որ Հայաստանը պահենք»։ Ասվածն, իհարկե, անվիճելի է։ Բայց ահա հարց. ի՞նչ գործ ունի այդ «գործիչը» Նիկոլի կազմակերպած ախպերահավաքում։

Ինչպես պարզվեց իր իսկ մեկնաբանություններից, այդ հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են միութենական պետության կազմում Հայաստանի ընգրկվելու հարցը։ Եվ բոլորը դեմ են եղել։ Ճիշտ է, Սանասարյանն այդպես էլ չպատասխանեց այն հարցին, թե՝ իսկ Փաշինյանը դե՞մ է։ Այսինքն բաց է մնում նաև այն հարցը, թե նույն Սանասարյանը, որը պնդում է, որ «Արցախը ցանկացած կարգավիճակով Ադրբեջանի կազմում չի կարող լինել», ինչո՞ւ է մասնակցում այն մարդու հետ հանդիպմանը, որը վերջին չորս ամիսների ընթացքում բազմիցս. և՛ 2021 թվականի դեկտեմբերի 24-ի «ասուլիսում», և՛ խորհրդարանական ամբիոնից միանգամայն միանշանակ հայտարարել է, թե «Արցախը կորցրել է Ադրբեջանի կազմում չլինելու ինչպես տեսական, այնպես էլ գործնական հնարավորությունները»: Ի՞նչ ունես քննարկելու պետության ղեկավարի հետ, որի մոտեցումներն արմատապես տարբերվում են քո համոզմունքներից։ Եվ ո՞ւմ են պետք նման բոցաշունչ հայտարարությունները այդպիսի հանդիպում-հավաքույթներից հետո։

ՊԱՐԶՎԵՑ, ՈՐ ԴԱ ՈՉ ԹԵ ԲՈՑԱՇՈՒՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է, ԱՅԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ։ Այն կարմիր գծերի, որոնց մասին իշխող ուժը՝ իր նախարարներով ու պատգամավորներով հանդերձ, լսել անգամ չի ուզում։ Իսկ խոսել՝ առավելևս։ Հիշեցնենք, որ անցած շաբաթ ո՛չ խորհրդարանական հանձնաժողովում, ո՛չ ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում ընդդիմությանն այդպես էլ չհաջողվեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից միանշանակ հայտարարություն կորզել ղարաբաղյան կարգավորման որևէ տարբերակի անընդունելիության մասին, որը ենթադրում է Ադրբեջանի կազմում Արցախի ընդգրկում որևէ կարգավիճակով։ Կարմիր գծերը (եթե գոնե տեսականորեն համարենք, թե դրանք առկա են) այնքան անորոշ են, որ ՔՊ-ականները մի ամբողջ տեսություն են հարմարեցրել իրենց վախերին։ Եթե ՔՊ-ականները բարենպաստ պայմանների տակ ենթադրում են անձնական, այլ ոչ թե ազգային ու պետական շահերի առաջմղում, ապա նրանց ողջ վարքագիծն ու ասածը (և չասածը նույնպես) միանգամայն տեղավորվում են այդ տրամաբանության շրջանակներում։ Եվ սանասարյաններն ու արտախորհրդարանական ուժերի ողջ այդ «խորհրդակցական» ընկերախումբը՝ իրենց տերերով հանդերձ, օժանդակում են նրանց։

Ի դեպ, օժանդակության մասին: Դրանով հերթական անգամ լույս ընկավ տխրահռչակ Մարուքյանը (այժմ արդեն ի պաշտոնե հատուկ հանձնարարություններով դեսպանը)՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանի ՊՆ-ն և ԱԳՆ-ը, պատասխան հայտարարություններ հասցեագրելով ՌԴ ՊՆ-ին և ԱՄՆ Պետքարտուղարությանը, նշել են Ադրբեջանի տարածքում «Լեռնային Ղարաբաղ» տարածքային միավորի բացակայությունը։ Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է. «Այսպիսով, պաշտոնական Ադրբեջանը իր երկու գերատեսչությունների հայտարարություններով ևս հաստատում է, որ Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղ\Արցախ գոյություն չունի: Ա՛յ նաև հենց այդ պատճառով է, որ թե՛ մենք և թե՛ միջազգային հանրությունն անդադար պնդում ենք, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը կարգավորված չէ, Արցախի ժողովրդի իրավունքների երաշխավորման հարցը կարգավորված չէ, և Ադրբեջանը չի կարող լինել այդ հարցերի կարգավորողն ու երաշխավորը»։ Միջազգային հանրությունը գուցեև ասել է նման բան, բայց այ «մենք», այսինքն պաշտոնական Երևանը՝ ոչ։ Այնպես որ հատուկ հանձնարարություններով դեսպանին այլևս չի հաջողվի փրկել իր բոսս Փաշինյանի դեմքը։