ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԸՆԴԴԵՄ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ

Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունների կապակցությամբ բազմաթիվ մեկնաբաններ ուշադրություն են դարձրել մի չափազանց ցուցանշական հանգամանքի։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երեք երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան դատապարտեցին Ադրբեջանի վերջին ագրեսիվ քայլերը, Արցախի տարածք ներխուժելու և նոր պատերազմ սանձազերծելու փորձերը, ինչպես նաև Բաքվի խաղերը՝ կապված Հայաստանից Լեռնային Ղարաբաղ գազատարի կափույրի հետ։

Ռուսաստանը, ԱՄՆ-ը ԵՎ Ֆրանսիան, յուրաքանչյուր երկիրն առանձին և յուրովի, բայց կոնկրետ քայլեր ձեռնարկեցին և դատապարտեցին Բաքվի գործողությունները հասցեական հայտարարություններով, նշելով, որ Ադրբեջանը խախտել է Արցախում հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը:

Ներկայիս ուկրաինական ճգնաժամի խորապատկերին դա գրեթե անհավանական է թվում, բայց փաստ է։ Որքան էլ որ դրանից կատաղեն Ուկրաինայում ու Ադրբեջանում, բայց, ըստ երևույթին, Լեռնային Ղարաբաղի հարթակն այսօր թերևս միակն է, որտեղ Վաշինգտոնը, Մոսկվան և Փարիզն ընդհանուր մոտեցումներ են ցուցաբերում։ Ալիևը դեսուդեն է ընկնում աշխարհում՝ ճղավելով, թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի ընդհանրապես, քանի որ ինքը՝ Ալիևը, այդպես է որոշել, իսկ նրան ցույց են տալիս իր տեղը, որտեղ պետք է հանգիստ նստի ու առանձնապես չցատկոտի։

Հարց է ծագում. եթե Վաշինգտոնը, Մոսկվան և Փարիզը կարող էին ընդհանուր մոտեցումներ մշակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ, մի՞թե այդքան դժվար էր մշակել նույն մոտեցումները այլ, փոքրիշատե համանման բախումների լուծման հիմունքների նկատմամբ։ Աշխարհին նոր համաշխարհային պատերազմով վախեցնելու փոխարեն։ Եվ բորբոքելու ռուսատյացություն, որն իր բարբարոսական դրսևորումներով ավելի ու ավելի հաճախ է հիշեցնում 30-ականների նացիստական հրեատյացությունը... Մնում է միայն գրքեր այրեն, և բացառված չէ, որ դրան էլ ականատես լինենք XXI դարի «ազատ ու ժողովրդավարական» Եվրոպայում։

Ահավասիկ ի՞նչ էր առաջարկվում միջնորդների կողմից Ղարաբաղի առնչությամբ՝ նախքան 2020 թվականի Բաքվի և Անկարայի ռազմական ագրեսիան։ Առաջարկվում էր պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքների խելամիտ համադրում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի հետ։ Առաջարկվում էր, որ հայկական կողմն իր զորքերը դուրս բերի 90-ականների ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի գրավված տարածքներից, իսկ Լեռնային Ղարաբաղը միջնորդների հովանու ներքո իրականացնի ինքնորոշման իր իրավունքը նոր հանրաքվեի միջոցով՝ հանրաքվեի արդյունքները ճանաչելու միջազգային հանրության երաշխիքներով։

Իսկ ի՞նչն էր խանգարում ընդհանուր մշակված նույն այդ մոտեցումը ցուցաբերել Մերձդնեստրի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Ղրիմի, Դոնբասի խնդիրների նկատմամբ։ Ի՞նչն էր խանգարում հիմք ընդունել այդ խելամիտ մոտեցումը։ Ի՞նչ մի հրեշավոր բան կա դրա մեջ։

Ի վերջո, հայտնի է, որ ՄԱԿ-ի այսօրվա անդամ երկրների մեծամասնությունը հենց այդպես է դարձել անկախ պետություն՝ իրականացնելով ինքնորոշման իր իրավունքը, ընդ որում այդ երկրներից շատերը՝ մետրոպոլիաների դեմ իրենց զինված պայքարից տարիներ անց։

Ըստ էության, նույն ԱՄՆ-ը անկախ պետություն է դարձել՝ իրացնելով ինքնորոշման սեփական իրավունքը Անգլիայի դեմ պատերազմում։ Եվ ամերիկյան գաղութների այդ պայքարին այն ժամանակ աջակցում էր ողջ «առաջադեմ մարդկությունը», այդ թվում՝ Ռուսաստանը։ Ներկա օրվա հեռավորությունից գրեթե ֆանտաստիկ է հնչում. Ռուսաստանը աջակցում էր Բրիտանիայի դեմ ամերիկյան գաղութների ազատագրական պատերազմին

Իսկ գուցե ամեն ինչ պա՞րզ է, և հենց դա ոչ մի կերպ չի՛ կարողանում է ներել Ռուսաստանին ոխակալ Լոնդոնը։