ՁԱԽՈՂՎԱԾ ԲՐՅՈՒՍԵԼ

Ինչ վերաբերում է Բրյուսելում Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի բանակցությունների արդյունքներին։ Հայկական կողմի համար ամենադրականն այն է, որ համատեղ ճեպազրույց չեղավ։ Այդպիսի ճեպազրույցների ժամանակ Փաշինյանն Ալիևի կողքին ողորմելի է դիտվում։ Համատեղ ասուլիսի բացակայությունը բոնուս է Փաշինյանի համար, որը դժվար թե ասելիք ունենար՝ ի պատասխան հայ հասարակայնությանը հուզող հարցերին։

ԿՀԱՐՑՆԵՔ՝ ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ԱՅԴՊԵՍ ԿԱՐԾՈՒՄ: Ադրբեջանի ԱԳՆ-ը արդեն մեկնաբանել է բրյուսելյան արդյունքներն այն ոգով, որ բանակցություններն ընթացել են ադրբեջանական սցենարով: Ասել է թե՝ որոշում է կայացվել խաղաղ պայմանագրի նախապատրաստման մասին՝ ադրբեջանական կողմի առաջարկած սկզբունքների հիման վրա։ Բայց բանը միայն Բաքվի գնահատականը չէ։ Դիտարկենք, թե ինչպես է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը մատուցում մոտ հինգ ժամ տևած բանակցությունների արդյունքը։

Նախ, ասվում է, որ կողմերը պայմանավորվել են մինչև ամսվա վերջ ստեղծել պետական սահմանի գծանշման համատեղ հանձնաժողով։ Բայց հիշենք, որ նման պայմանավորվածություն եղել է դեռևս անցած տարի Սոչիում Ալիևի, Փաշինյանի և Պուտինի բանակցությունների արդյունքներով։ Այն ժամանակ ասվում էր, որ այդպիսի հանձնաժողով կստեղծվի մինչև 2021 թվականի վերջը։ Դա տեղի չունեցավ։ Հայկական կողմը փաստարկավորում էր, որ Բաքուն սաբոտաժի է ենթարկում գործընթացը, քանի որ Սոչիում նաև վերապահում է արվել, որ հանձնաժողովի աշխատանքի պայմանների ստեղծման համար անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել սահմանի անվտանգության ապահովման ուղղությամբ, սակայն Բաքուն հրաժարվում է ընդունել Հայաստանի առաջարկություններն այդ առնչությամբ: Նկատի էին առնվում զորքերը հետ քաշելու, սահմանի վրա խաղաղապահ ուժեր տեղակայելու Երևանի առաջարկները։

Բաքուն դեմ էր նման նախաձեռնություններին և, ինչպես տեսնում ենք, այժմ սահմանագծման հանձնաժողովի ստեղծումից առաջ անվտանգության լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին ոչինչ չի ասվում: Նշվում է միայն, որ հենց հանձնաժողովն է զբաղվելու նաև անվտանգության հարցերով։ Այսինքն Բրյուսելում Ալիևն առաջ մղեց հանձնաժողով ստեղծելու իր դիրքորոշումը՝ առանց հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովմանն ուղղված որևէ նախնական քայլերի։

Այնուհետ ասվում է, որ Ալիևն ու Փաշինյանը հանձնարարելու են իրենց արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներին աշխատանքներ սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ: Թվում է, թե ոչ մի առանձնակի բան այստեղ չկա, հասկանալի է, որ Երևանն ու Բաքուն առանց այդ էլ ակտիվորեն զբաղվում են տվյալ հարցով... Բայց այստեղ կա մեկ այլ նրբություն։ Հիշեցնենք, որ ի պատասխան խաղաղության պայմանագրի պարագայում Բաքվի հայտարարած «սկզբունքների», Երևանը հայտարարել էր, որ որոշ լրացումներով «սկզբունքներն» ընդունելի են, և Երևանը դիմում է Մինսկի խմբի համանախագահությանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթաց սկսելու առաջարկով։ Համանախագահները չէին առարկում, սակայն Բաքվին նման սցենարը դուր չէր գալիս։

Հիմա, ինչպես տեսնում ենք, Երևանը պարզապես մոռացել է իր այդ «հանճարեղ» դիվանագիտական քայլի մասին։ Բրյուսելի արդյունքներով ոչինչ չի ասվում ոչ միայն այն մասին, որ խաղաղության պայմանագիրը պատրաստվելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի հովանու ներքո։ Մինսկի խմբի մասին ընդհանրապես ոչինչ չի ասվում…

Այսինքն Երևանն ընդունեց Բաքվի և... Անկարայի մոտեցումները։ Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն պնդում էր նաև, որ Երևանը պետք է ընդունի Բաքվի «սկզբունքները» խաղաղ պայմանագրի պատրաստման հարցում և սկսի դրա նախապատրաստումն առանց միջնորդների: Նկատի ունենալով հենց Մինսկի խումբը։

ԵՎ ԱՅՍՊԵՍ, ԲՐՅՈՒՍԵԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՉԻ ՀԻՇԱՏԱԿՎՈՒՄ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ։ Ինչպես որ չի հիշատակվում նաև Լեռնային Ղարաբաղը ... Դա նույնպես Բաքվի հայտնի դիրքորոշումն է, թե չկա Լեռնային Ղարաբաղի խնդիր, չկա ընդհանրապես Լեռնային Ղարաբաղ, այլ կա միայն Ադրբեջանի որոշակի տարածք, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները: Ասել է թե՝ դա Ադրբեջանի ներքին գործն է, և Հայաստանի հետ առաջիկա խաղաղ պայմանագրի համատեքստում՝ գոյություն չունեցող Լեռնային Ղարաբաղի հարցն ընդհանրապես բացառված է։ Դե, մոտավորապես այդպես... Եվ, ինչպես տեսնում ենք, Բրյուսելում Ալիևի և Փաշինյանի բանակցությունների արդյունքներով Շառլ Միշելի հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղը չի հիշատակվում։ Չի եղել նման թեմա...

Այսպիսով, դատելով Շառլ Միշելի հայտարարությունից, Փաշինյանն ընդունել է Բաքվի մոտեցումները միջպետական սահմանի գծանշման, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման մեթոդաբանության, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացակայության և Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերի վերաբերյալ…

Հավելենք, որ ռազմագերիների թեման Միշելի հայտարարության մեջ անչափ մշուշոտ է, և ոչ մի տեղեկատվություն չկա Հայաստանի կառավարության նիստի մասին, որը սովորաբար տեղի է ունենում հինգշաբթի օրերին, և որտեղ Փաշինյանն այնքա՜ն սիրում է հանդես գալ ճոռոմ հայտարարություններով ու առկա զարգացումների վերաբերյալ մեկնաբանություններով: Պետք է մտածել, որ վարչապետը դեռ չի կողմնորոշվել, թե ինչ հաղթական սոուսով է հայ հասարակայնությանը ներկայացնելու իր բրյուսելյան զիջումներն Ալիևին։

Основная тема:
Теги: