ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿԱՆ, ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

Սերգեյ Լավրովի այն սենսացիոն հայտարարությունից հետո, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան փաստացի փլուզել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, հրաժարվելով աշխատել Ռուսաստանի հետ, բոլորն արձագանքի էին սպասում Փարիզից և Վաշինգտոնից: Արձագանքը հաջորդեց. ապրիլի 12-ին երկու երկրների արտգործնախարարությունները հանդես եկան հայտարարություններով, որոնք թեև հավաստիացումներ էին բովանդակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ Մինսկի խմբի ձևաչափում աշխատելու ցանկության մասին, սակայն, ըստ էության, հաստատեցին Ռուսաստանի ԱԳ նախարարի խոսքերը։

Դեռեվս ապրիլի 9-ին, պատասխանելով հայկական լրատվամիջոցներից մեկի համապատասխան հարցին, Պետդեպարտամենտի մամլո ծառայությունը բավական մշուշոտ հայտարարել էր, թե «Միացյալ Նահանգները շարունակում է պատրաստակամություն ցուցաբերել աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին այդ նախաձեռնություններում, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ-ում մեր հնարավորությունների շրջանակներում»: Իսկ ամսի 11-ին անսպասելիորեն Երևան ժամանեց ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆեյը, որը հայ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ շտապեց ընդգծել «Ֆրանսիայի շահագրգռվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի պահպանման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում»։

Ապրիլի 12-ին Ֆրանսիայի ԱԳՆ-ը, պատասխանելով «Արմենպրես»-ի այն հարցին, թե ինչ դիրքորոշում ունի երկիրը Մինսկի խմբի ապագայի վերաբերյալ, հաստատեց իր «լիակատար հանձնառությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը ինչպես երկկողմ հիմքով, այնպես էլ որպես Եվրամիության խորհրդի նախագահ և Մինսկի խմբի համանախագահ»:

«Այդ կարգավիճակով Ֆրանսիան շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ, որպեսզի առաջընթաց գրանցվի հումանիտար հարցերում, և շարունակում է աջակցել սահմանների սահմանազատման աշխատանքներին, տարածաշրջանի մեկուսացումը վերացնելու գործընթացին, ժառանգության պահպանմանը, երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքմանը և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը»,-ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Պատասխանելով համանման հարցին՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը հավաստիացրեցին, որ «Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվելու երկկողմ ձևաչափով և նույն կերպ մտածող գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, օգնելու այդ երկրներին տևական և համապարփակ խաղաղության հասնելու հարցում»:

Երկու հայտարարություններն էլ բավական ցուցանշական են և բովանդակում են մի շարք կարևոր տեսանկյուններ։ Նախ, նշելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում աշխատելու պատրաստակամությունը, Փարիզն ու Վաշինգտոնը ոչ մի բառով չեն հիշատակում երրորդ համանախագահին՝ Ռուսաստանին, առանց որի «եռյակը» կորցնում է ոչ միայն ամբողջականությունն ու տրամաբանությունը, այլև այն մասնակցին, որի առանցքային դերն այսօր հակամարտության համատեքստում էապես գերազանցում է մյուս երկու համանախագահներինը՝ միասին վերցրած։ Ավելին, ԱՄՆ դեսպանատունը հատուկ նշում է «նույն կերպ մտածող գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ» աշխատելու պատրաստակամությունը, ինչը նշանակում է, որ փաստացի հրաժարվում է փոխգործակցել Մոսկվայի հետ։

Բացի այդ, երկու երկրներն էլ շեշտադրում են ապրիլի 6-ի բրյուսելյան հանդիպման արդյունքները, որի ամփոփիչ հայտարարության մեջ, հիշեցնենք, Մինսկի խումբը չի հիշատակվել ընդհանրապես: Զարմանալի է, բայց ԵԱՀԿ-ն ողջունեց այդ հանդիպումն ու դրա արդյունքները, ասես չնկատելով, որ Եվրամիությունը ջանում է իր վրա ձգել «վերմակը»։ Դա առավելևս տարօրինակ էր, եթե նկատի առնենք, որ դեռևս ապրիլի 1-ին ԵԱՀԿ գործող համանախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի Երևան կատարած այցի ընթացքում ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման կարևորությունը։

Իսկ ապրիլի 5-ին ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակն ընդհանրապես հայտարարեց, որ «ԵԱՀԿ կարևոր նպատակն է՝ վերականգնել Մինսկի խմբի համանախագահների համագործակցությունը»։ Հաջորդ օրը տեղի ունեցավ հանդիպումը Բրյուսելում, որտեղ, կրկնեմ, մի բառ անգամ չասվեց ԵԱՀԿ-ի վճռորոշ դերի և ՄԽ-ի մանդատի մասին: Ինչպե՞ս հասկանալ նման կազուսները կարծես թե լուրջ ու հեղինակավոր կազմակերպության կատարմամբ: Ոչ այլ ինչ, քան հակառուսական եռանդն է ստիպում ԵԱՀԿ-ին գնալ այդչափ նվաստացուցիչ և իր հեղինակությանն ակնհայտորեն հարվածող քայլերի…

Վերադառնանք ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հայտարարություններին։ Հատկանշական է, որ, պատասխանելով Մինսկի խմբի ապագայի վերաբերյալ կոնկրետ հարցին, երկու երկրներն էլ հայտարարում են, թե մտադիր են ընդհանուր առմամբ ակտիվորեն մասնակցել տարածաշրջանում նոր թափով ծավալվող գործընթացներին։ Այսինքն հաստատում են այն, ինչը նախկինում կանխատեսվել և հստակ ասվել է Բրյուսելում. Արևմուտքը գիտակցաբար ընդարձակում է Ռուսաստանի հետ դիմակայությունը դեպի Հարավային Կովկասի տարածաշրջան, և համանախագահության ձևաչափում Մոսկվայի հետ փոխգործակցությունից հրաժարումն այդ բազմաշերտ հարցի տեսանկյուններից լոկ մեկն է։

Եվ այսպես, ինչպիսի՞ն է պատկերն այսօրվա դրությամբ։ Բոլոր երեք համանախագահներն էլ միանշանակ հաստատում են, որ հակամարտությունը կարգավորված չէ, և Մինսկի խմբի անհրաժեշտությունը պահպանվում է։ Այդ տեսանկյունը հստակ որսաց նաև Ալիևը, որը երեկ երեկոյան կրկին նյարդայնացած հայտարարեց, թե իբր՝ «Մինսկի խմբին տրված մանդատը գուցե դե յուրե վավեր է, բայց դե ֆակտո՝ կարող է անվավեր համարվել»։ Եվ ընդգծեց իր աջակցությունը բրյուսելյան հանդիպման արդյունքներին։ Իսկ այնուհետ հաջորդեց ռուսական սառը ցնցուղը Փաշինյանի ու Միրզոյանի և իրենց արևմտյան ընկերների համար։

Ալիևի հետ կարելի է համաձայնել մեկ բանում. դե յուրե Մինսկի խումբը, որը բաղկացած է, հիշեցնենք, 11 անդամ երկրներից (ներառյալ Հայաստանն ու Ադրբեջանը), շարունակում է գոյություն ունենալ, նրա մանդատը ոչ ոք չի չեղարկել։ Եվ դժվար թե ԵԱՀԿ-ն լուծարի խումբը նույնիսկ ներկա իրավիճակում։ Ակնհայտ է, որ համանախագահներից առաջիկայում որևէ սպասելիք չի կարող լինել համատեղ գործողությունների առումով, քանզի «եռյակի» ձևաչափը որպես այդպիսին փլուզվել է և չի վերականգնվի առնվազն մինչև ուկրաինական ճգնաժամի ավարտը։ Այդուհանդերձ, ամենայն հավանականությամբ կարելի է պնդել, որ լուծարման մասին պաշտոնական հայտարարություն չի լինի եռանախագահներից ոչ մեկի կողմից։ Ավելին, և՛ ՌԴ-ն, և՛ ԱՄՆ-ը, և՛ Ֆրանսիան, թեկուզև լոկ խոսքերով, բայց ջրի երեսին կպահեն ձևաչափը, այդ թվում՝ որպես տարածաշրջանում իրենց ուրույն դերակատարության վկայություն։

Եվ վերջապես, ևս մեկ ակներև փաստ. իրավիճակը տարածաշրջանում և Արցախի շուրջ կշարունակի զարգանալ բացառապես ռուս-արևմտյան դիմակայության կոշտ համատեքստում։ Որում Հայաստանի իշխանությունները զբաղեցնում են այնպիսի դիրքորոշում, որը չի համընկնում հայ հասարակության մեծամասնության տրամադրության հետ։ Եվ խնդիրն այստեղ ամենևին էլ աշխարհաքաղաքական կողմնորոշումը չէ, այլ առաջին հերթին՝ հայ ժողովրդի և պետականության կենսական շահերը։