ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ-ՍՓՅՈՒՌՔ ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՀԻՄՔՆ Է

«Կոնսենսուս մինուս Փաշինյանը» արդեն կայացել է...»

Չորս տարի շարունակ հայերին ներշնչել են, թե մինչև 2018 թվականը ապրել են տնտեսապես հետամնաց և կոռումպացված երկրում, որն ի վիճակի չէր իրենց կերակրել ու պաշտպանել։ Այդ ներշնչումը հետապնդում էր կոնկրետ նպատակ. ժողովուրդը չպետք է ափսոսա, երբ այդչափ «վատ» երկիրը սկսեն պատառ-պատառ անել։ Հենց դա է տեղի ունենում այսօր մեր աչքի առաջ։

ԱՐևՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 107-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ նվիրված ջահերով երթերը Երևանում և Ստեփանակերտում, հայկական Սփյուռքում տեղի ունեցած ակցիաներն ու միջոցառումները ցույց տվեցին աշխարհին, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը ազգային-ազատագրական շարժման վերածննդի հիմքն է: Ողջ աշխարհի հայերը հանդես են գալիս ադրբեջանական բռնազավթումից Հայաստանի և Արցախի ազատագրման օգտին, ընդդեմ իշխող ռեժիմի դավաճանական ծրագրերի՝ «խաղաղության դարաշրջան» ցուցանակի տակ։

Ստեփանակերտում ջահերով երթին մասնակցել են Արցախի երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, Երևանում՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք» և այլ կուսակցությունների ղեկավարության անդամները: Ազգային-ազատագրական շարժումն ի սկզբանե եղել է վերկուսակցական, շատերն անցած դարում էլ դեմ էին դրա վերածմանը կուսակցության։ Ապրիլի 23-ին ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Կոնսենսուս մինուս Փաշինյանը» արդեն կայացել է... Մնում է միայն քաղաքական ձև տալ դրան»։

Երևանի Ազատության հրապարակում մարդիկ հիշում են, թե ինչպես էին նստած Օպերայի և բալետի թատրոնի մուտքի աստիճաններին 1988 թվականին, երբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դեռ նոր բարձրացնում էին «Կենսագործե՛լ մարզային խորհրդի 1988 թ. փետրվարյան նստաշրջանի որոշումը» գրությամբ ցուցապաստառը։ Ազգային-ազատագրական շարժման վերածնունդն աջակցություն է ստացել հայկական Սփյուռքի համայնքներից, մասնավորապես՝ ՀՅԴ երիտասարդական թևի անդամների ակցիայի տեսքով, որոնք հետապնդել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին «դավաճա՛ն» վանկարկումներով։ «Հայ համայնքներն ակտիվանում են ողջ աշխարհում։ Ամենուրեք հնչում են Փաշինյանի հրաժարականի կոչեր, դրանք հասնում են նաև Ուկրաինայից, որտեղ հայ համայնքը զուրկ է մնացել պաշտոնական Երևանի իրական աջակցությունից։ Փաշինյանը մատը մատին չտվեց, որպեսզի ապահովի ռազմական հատուկ գործողության գոտում հայտնված հայրենակիցների փոխադրումը Հայաստան։

Սփյուռքի ներկայիս ակտիվությունը հիշեցնում է այն, ինչը 1999թ.սեպտեմբերին հանգեցրեց «Հայաստան-Սփյուռք» համահայկական առաջին համաժողովի անցկացմանը։ Այն ժամանակ առաջին անգամ պատմական հայրենիքում հավաքվեցին ողջ հայ ժողովրդի ներկայացուցիչները, ընդունվեց Հռչակագիր, որը հաստատեց ազգի եռամիասնությունն ու նպատակների միասնականությունը։ Դա այն իրական քաղաքականությունն էր, որն այսօր փորձում են խեղաթյուրել՝ տալով այլ իմաստ։

Ժամանակակից քաղաքական գործիչները (ոչ միայն Հայաստանում) հաճախ են գործածում «իրական քաղաքականություն» ձևակերպումը՝ համարելով, թե դա քաղաքական կշիռ ու պատկառելիություն է հաղորդում իրենց խոսքերին։ Մեծամասնությունն այդ բառակապակցության մեջ ներդնում է բնավ ոչ այն իմաստը, որ նկատի է ունեցել տերմինի հեղինակը՝ կանցլեր (1871-1890) Օտտո ֆոն Բիսմարկը: Նա իրական քաղաքականություն է անվանել այն, ինչը համապատասխանում էր Պրուսիայի շահերին։ Մերօրյա քաղաքական գործիչներն այդ տերմինն օգտագործում են որպես քաղաքական իրողությունների և օտար շահերի հետ հաշվի նստելու անհրաժեշտության հոմանիշ:

Այնինչ իրական քաղաքականությունը միշտ ելնում է միայն սեփական քաղաքական շահերից։ Իսկ ողջ աշխարհի հայերի շահերն Արցախի և Հայաստանի բռնազավթման պայմաններում թելադրում են համախմբման անհրաժեշտություն։ Դրանք թելադրում են բանակի ու սահմանների ամրապնդում, այլ ոչ թե քիմեռների հետապնդում՝ Բաքվի ու Անկարայի պայմաններով «տևական խաղաղության» տեսքով։ Ալիևն ու Էրդողանը բացահայտ խոսում են իրենց տարածքային նկրտումների մասին, իսկ Փաշինյանը արթմնի երազում է մեզ ոչնչացնել ցանկացողների հետ խաղաղության մասին։

Դիմադրությունը պատվերով համերգ չէ

Այն մարդիկ, որոնք ցանցային ապակենտրոնացված պայքար են մղում դավաճանի ռեժիմի դեմ, վտանգում են իրենց՝ ոստիկանական աննախադեպ տեռորի պայմաններում: Սա պայքար է բնավ ոչ իշխանության համար, սա պայքար է հանուն ազատության և ազգային արժանապատվության, ընդդեմ Ալիևի և Էրդողանի առջև բերանքսիվայր ծնկի իջած «հարբած ծաղրածուի» դավաճանական քաղաքականության։ Այդ դիրքով անհնար է բանակցել ու պաշտպանել Արցախի և Հայաստանի շահերը։

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՇՏԱՊ ՓՈԽԵԼ ԲԱՆԱԿՑՈՂԻՆ։ Դա հասկանում են հայերը Ստեփանակերտում, Երևանում, Բեյրութում, Լոս Անջելեսում, Մոսկվայում և Փարիզում... Այս խորապատկերին առանձին գործիչների այն խոսքերը, թե իբր՝ շարժման ակտիվացման համար պետք է, որ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը համատեղ հայտարարություն ստորագրեն իշխանության նկատմամբ հավակնությունների բացակայության մասին, սրտխառնոց են առաջացնում։ Մի՞թե այսօր այդ մասին է պետք մտածել։ Իսկ առանց ստորագրություններով թղթի դուք Հայաստանի և Արցախի ապագայի համար չե՞ք պայքարի։

Այսօր «հաղթանակած հեղափոխության երկրի հպարտ քաղաքացիներին» փորձում են ներշնչել, թե շարժման թիկունքում կանգնած են Մոսկվան ու ռևանշիստները։ Շտապում ենք հավաստիացնել, որ կարգավիճակի նշաձողը մինչև Ադրբեջանի կազմում Արցախի անվտանգության ճանաչում իջեցնելու կապիտուլյանտի ծրագրերին ցուցաբերվող դիմադրությունը պատվերով համերգ չէ, մանավանդ եթե հաշվի առնենք, որ ՌԴ-ն այսօր զբաղված է Ուկրաինայում նացիստական ռեժիմի ապառազմականացման և ապանացիստականացման հատուկ գործողությամբ։

Ո՞ւմ են ռևանշիստներ անվանում վիգենխաչատրյանները, վահագնալեքսանյաններն ու էդմոնմարուքյանները: Այն տղաների՞ն, որոնք սեփական արյան գնով կռվել են 44-օրյա պատերազմում։ Ինչ է, «Սև հովազներ» ջոկատի անդամնե՞րն են ռևանշիստներ, որոնք այս օրերին մշտապես հրապարակում են, թե՞ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։ Կամ գուցե զոհված զինվորի մայր Կարին Տոնոյանն ու «5165» շարժման անդամնե՞րն են ռևանշիստներ։ Նախագահները, գեներալները, Արցախի շարքային ազատարարները համախմբվում են դավաճանի ռեժիմը տապալելու պայքարում, իսկ քաղաքական թուրքերն այդ համախմբման մեջ տեսնում են միայն իշխանության համար պայքար։ Յուրաքանչյուր ոք տեսնում է այն, ինչ ցանկանում է տեսնել…

Պետության ամենաբարձր ամբիոնից արդեն հայտարարություններ են հնչել, թե արցախահայության անվտանգությանը ոչինչ չի սպառնում Ադրբեջանի կազմում։ Ո՞ւր մնաց այն որոշումը, որը «պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար»։ Կապիտուլյանտն այն աստիճան է լկտիացել, որ հայտարարեց զոհվածների, գերիների և անհայտ կորածների ծնողներին, որ կարող էր փրկել նրանց երեխաներին, բայց չի փրկել: Արթուր Վանեցյանի կոչով հրապարակ եկած մարդիկ հարց են տալիս. ինչի՞ մասին է Փաշինյանը բանակցում Էրդողանի հետ իր հատուկ ներկայացուցչի միջոցով։ Ո՞վ կարող է բացառել ժողովրդի թիկունքում կնքվող նոր սեպարատ պայմանավորվածությունները: Վերջերս Թուրքիայի խորհրդարանը վավերացրեց Շուշիի հռչակագիրը, որտեղ ուղղակի հղում կա Զանգեզուրի միջանցքին, Ալիևը սպառնում է նոր պատերազմով, եթե Փաշինյանը հրաժարվի ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Սուլթանը բացահայտ խոսում է Սյունիքի ու Երևանի նկատմամբ նկրտումների մասին։

Ի՞նչ կարող է հակադրել այդ նկրտումներին Փաշինյանը։ Սուտը «խաղաղության դարաշրջանի» մոտենալու մասի՞ն: Մի՞թե համբերության բաժակը դեռ չեն լցրել այն խոսքերը, թե՝ «Արցախի վերաբերյալ ցանկացած առաջարկ կդրվի հանրային քննարկման», «Առանց Արցախի ժողովրդի ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվելու», «Արցախը Հայաստան է, և վերջ», «Արցախը իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես»։

Ժամանակն է վերջ դնել 4-ամյա քաղաքական խևությանն ու իրար ոսկորներ լվանալուն։ Դուրս եկեք փողոց, հարգելի հայրենակիցներ, միացե՛ք ցանցային ապակենտրոնացված պայքարին ձեր համայնքում կամ եկեք Ազատության հրապարակ: Ելե՛ք պայքարի, մի՛ մնացեք տանը, և կարևոր չէ, թե որտեղ է ձեր տունը. Հայաստանում, Արցախում, Արգենտինայում, թե Ուրուգվայում։ Մենք բոլորս այսօր պետք ենք Հայաստանին և Արցախին, իսկ երբ միասին ենք, մեզ հետ է Աստվա՛ծ։