ՄԱՆԴԱՏԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՓՈՐՁ

Արցախի կառավարությունը ընդլայնված նիստ է անցկացրել նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ, հայտնում է ԱՌԿԱ-ն:

Ինչպես հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը, Հարությունյանն ընդգծել է, որ այս փուլում չի քննարկվում Արցախի կարգավիճակի վերաբերյալ որևէ փաստաթուղթ, և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կոնկրետ պայմանավորվածություն կա, որ միջազգային մակարդակով Արցախի ապագա կարգավիճակի ցանկացած քննարկման դեպքում հայկական կողմի դիրքորոշումը պետք է համաձայնեցվի Արցախի իշխանությունների և ժողովրդի կարծիքի հետ:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. այնքան էլ հասկանալի չէ՝ հանգստացրեց արդյոք Հարությունյանն այդ հայտարարությամբ արցախցիներին, թե է՛լ ավելի մտահոգեց։ Իրականում հանգստացնող բան նրա խոսքերում, մեղմ ասած, քիչ կա։

Նախ՝ այն փաստը, որ այսօր Արցախի կարգավիճակի մասին որևէ փաստաթուղթ չի քննարկվում, արդեն ինքնին մեծ վտանգ է պարունակում։ Եթե ոմանք մոռացել են, ապա հիշեցնենք, որ ամենամոտ ժամանակներս հավանական է հայ-ադրբեջանական, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստորագրում։ Բաքվի մշակած ու թելադրած և 5 հիմնարար կետեր բովանդակող փաստաթուղթ։

Կետերով վերապահվում է. 1) տրանսպորտի և այլ հաղորդակցությունների բացում, այլ հաղորդակցությունների հաստատում և համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, 2) սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում, 3) զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնացող, միմյանց քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիք և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ գործողություններից, 4) պետությունների միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում, 5) ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում։

Ահա ուրեմն, այդ փաստաթղթում ոչ մի ակնարկ չկա Արցախի, նրա կարգավիճակի և ապագայի մասին։ Եվ հենց այդ փաստաթղթում է արտահայտվում, բացի ամենից, ստորագրման նախապատրաստվող պայմանագրի կապիտուլյանտային էությունը հայկական կողմի պարագայում։

Հիմա Արայիկ Հարությունյանն ասում է, թե տեսնեք-տեսեք, Արցախի մասին փաստաթուղթ գոյություն չունի։ Իհա՛րկե գոյություն չունի, Ադրբեջանը համարում է այն (Արցախը) իր վարչական շրջան, ինչպիսին, ասենք, Ապշերոնն է։ Ինչո՞ւ պիտի Բաքուն խաղաղության միջպետական պայմանագիր ստորագրի՝ իր վարչատարածքային միավորների հիշատակումով: Այդ Երևանը պետք է պնդի Արցախի կարգավիճակի վերաբերյալ, այդ Երևանը պետք է պահանջի Արցախի առնչությամբ առանձին կետի կամ փաստաթղթի առկայություն։

Այստեղ արժե հիշեցնել ևս մեկ փաստ։ Ստեղծված իրավիճակի կապակցությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը ապրիլի 14-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Արցախի Հանրապետության ներկայիս իրավա-քաղաքական կարգավիճակը ձևավորվել է համաժողովրդական կամքի արտահայտությամբ՝ երեք հանրաքվեների, դրանց արդյունքում ընդունված Սահմանադրության ազդեցությամբ և հայության բոլոր հատվածների միջև նախընթաց տարիներին հաստատված համազգային համաձայնության ճանապարհով։ Արցախահայությունը քաջ գիտակցում է խաղաղության գինը: Արցախի պետականությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են, և դրանցից անգամ պատերազմի սպառնալիքը չի կարող մեզ հետ պահել: Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» օրակարգով՝ Արցախը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած բանակցային գործընթաց ինքնին, ինչպես նաև դրանից բխող փաստաթղթի ստորագրումը, տապալում է ոչ միայն Արցախի պետականությունը, այլև արցախահայության` իր պատմական հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքը:

Պահանջում ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես այս արժեքներով: Ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու»։

Թվում էր, թե ամեն ինչ առավել քան կոնկրետ ու հստակ է։ Բայց պարզվեց, որ Փաշինյանի հետ շփվելուց հետո Հարությունյանը որոշել է այլ հստակություն մտցնել։ Այլընտրանքային, ըստ որի՝ հայ-ադրբեջանական պայմանագրում Արցախի մասին հիշատակումների բացակայությունը հանգստացնող գործոն է։

ԲԱՅՑ ԴԱ, ԻՆՉՊԵՍ ԱՍՈՒՄ ԵՆ, ԴԺԲԱԽՏՈՒԹՅԱՆ ԿԵՍՆ Է։ Շատ ավելի հետաքրքիր է, որ Արայիկ Հարությունյանը ամենայն լրջությամբ վկայակոչում է Նիկոլ Փաշինյանի խոստումը։ Ասել է թե՝ իրենք պայմանավորվել են, որ միջազգային մակարդակով Արցախի ապագա կարգավիճակի ցանկացած քննարկման դեպքում հայկական կողմի դիրքորոշումը պետք է համաձայնեցվի Արցախի իշխանությունների և ժողովրդի կարծիքի հետ։

Պայմանավորվել է Փաշինյանի՞ հետ։ Նույն այն Փաշինյանի, որը ժամանակին խոստացել էր, թե ղարաբաղյան հիմնախնդրի լուծման տարբերակ առաջանալու դեպքում հանրահավաք է հրավիրելու հրապարակում և ժողովրդին է հարցնելու, թե ինչպես վարվել։ Նույն այն Փաշինյանի, որը խորհրդարանի ամբիոնից հայտարարում էր. «Ինչի մասին որ պետք ա, էն էլ բանակցում ենք»: Արայիկ Հարությունյանը արցախցիներին առաջարկում է հավատալ մի մարդու խոստմանը, որի յուրաքանչյուր քայլը քաղաքական դաշտում խարխլել ու խարխլում է Հայաստանի և Արցախի շահերը, ժողովրդի հավատը պետության նկատմամբ:

Թե ուրիշ ինչի մասին են պայմանավորվել Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը, դժվար է ասել։ Բայց ակնհայտ է, որ Արցախի ԱԺ-ի հայտարարությունից, ինչպես նաև Բաքվի սցենարով հայ-ադրբեջանական կարգավորմանը Երևանի համաձայնության վերաբերյալ ընդհանրապես արցախցիների արձագանքից հետո Փաշինյանը կորցրել է բանակցային հարթակներում Արցախի շահերը ներկայացնելու իրավունքն ու հնարավորությունը։ Այդ իրավունքը, իմիջիայլոց, փաշինյանական իշխանությանը ցուցաբերվող արտաքին (թուրք-ադրբեջանական) աջակցության հիմնարար տարրն է։ Ահա և փորձում է նա վերականգնել կորցրած մանդատը, տվյալ գործընթացում ներգրավելով Արայիկ Հարությունյանին։ Իսկ վերջինս, դատելով ամենից, հաճույքով ներգրավվում է։