«ԳՈՐՇ ԳԱՅԼ» ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒՆ ԵՎ ՓԱՇԻՆՅԱՆԻ «ԿԱՐՄԻՐ ԲԵՐԵՏԱՎՈՐՆԵՐԸ»

Երկիրը փոթորկում է, Դիմադրության շարժման ակցիաները դառնում են գնալով ավելի մասշտաբային և զանգվածային, քաղաքացիները բարձրաձայն և վճռական «ոչ» են ասում Արցախին հանձնմանն ու Հայաստանի թրքացմանը։ Դրանով իսկ իրապես հաստատելով վերջին մի քանի սոցհարցումների արդյունքները, որոնց համաձայն՝ բնակչության ճնշող մեծամասնությունը չի ցանկանում բացել սահմանը Թուրքիայի հետ, համարելով թշնամական պետություն։ Այս խորապատկերին ակնհայտորեն արագացվում են «հարաբերությունների կարգավորման» և «խաղաղության դարաշրջանի» հաստատման գործընթացները. գրեթե միաժամանակ տեղի ունեցան Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպումը Բրյուսելում և հատուկ ներկայացուցիչներ Քըլըչի ու Ռուբինյանի հանդիպումը Վիեննայում։

Զուգահեռաբար ընթանում է Արարատ Միրզոյանի այցն ԱՄՆ, որտեղ ՀՀ իշխանությունների քաղաքականությունն արժանանում է ամերիկյան Պետդեպարտամենտի ամենաբարձր դրվատանքին, որի դավանած ժողովրդավարությունն ակնհայտորեն հաշվի չի առնում ժողովրդի հստակ և բազմիցս արտահայտած կարծիքը: «Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների» հապճեպ հաստատման առթիվ նույնքան ուրախ է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, որը ջանադրաբար «չի նկատում» գործընթացի արհեստականությունն ու ցինիզմը 2020թ.աշնան հրեշավոր ռազմական ագրեսիայից ընդամենը մեկուկես տարի անց և Ադրբեջանի ցուցադրական ցեղասպան գործողությունների պայմաններում։ Ո՛չ Բլինկենը, ո՛չ Կլաարը համառորեն չեն ցանկանում տեսնել հայ ժողովրդին սպառնացող գոյաբանական վտանգը և թուրքերի անթաքույց նկրտումները Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի հանդեպ։ Իսկ ավելի շուտ նրանք պարզապես թքած ունեն դրա վրա:

Աշխարհաքաղաքական խաղի մասնակիցներից յուրաքանչյուրն իր խաղն է վարում, ինչպես միշտ հաշվի չառնելով ո՛չ իրավունք, ո՛չ էլ բարոյականություն։ Ընդ որում տուժում է նա, ում դրել են զոհասեղանին։ Մեր դեպքում ամեն ինչ է՛լ ավելի վատթար է. Հայաստանի իշխանություններն իրենք են գամում իրենց իսկ ժողովրդին այդ սեղանին, հրավիրելով տարածաշրջանում շահեր ունեցող բոլորին հաշվեհարդար տեսնելու նրա հետ։ Նիկոլը շտապում է՝ դեսուդեն ուղարկելով իր պատվիրակներին և իսպառ անտեսելով ինչպես փորձագետների կարծիքը, այնպես էլ սոցհարցումների արդյունքները։ Իսկ վերջին օրերին՝ նաև տասնյակ հազարավոր քաղաքացիների հստակ արտահայտած դիրքորոշումը։ Այս շտապողականության և միանգամից բոլոր տերերին հաճոյանալու ձգտման մեջ իշխանությունները թույլ են տալիս ակնհայտ սխալներ՝ ցուցադրելով սեփական ապիկարությունը, ապաշնորհությունն ու պրոֆեսիոնալ հմտությունների իսպառ բացակայությունը։

Այսպես. երկու հանդիպումներն էլ՝ Բրյուսելում և Վիեննայում, նշանավորվեցին արտառոց դրվագներով, որոնք ապացուցեցին նաև որևէ համակարգվածության բացակայությունը իշխանությունների գործողություններում։ Ի լրումն ամենի, նրանց թուրք յուզգյարները հանրային տարածք են նետում կուլիսային բանակցությունների ինչ-որ կարևոր մանրամասներ, որոնց մասին Փաշինյանը, բնականաբար, նախընտրում է լռել։ Առավելևս՝ բողոքի աննախադեպ ակցիաների խորապատկերին, որոնք ամեն րոպե մոտեցնում են իր հանցավոր ծրագրերի և ընդհանրապես իշխանության տապալումը։

Հաջիևի հետ Գրիգորյանի հանդիպման նախօրեին Ալիևը հայտնեց, որ պատրաստվում են նույն Բրյուսելում կայանալիք բարձր մակարդակի հանդիպմանը՝ դրանով իսկ քար նետելով հայկական և միաժամանակ նաև ռուսական բոստանը: Բառացիորեն մեկ ժամ անց ՀՀ ԱԳՆ անվանումով միրզոյանական գրասենյակը հերքեց այդ հաղորդագրությունը՝ հայտարարելով, թե չի տիրապետում այդ հարցի վերաբերյալ որևէ տեղեկատվության։ Եվս մի քանի ժամ անց Արմեն Գրիգորյանը, ասես ծաղրելով Միրզոյանին, հայտնեց, որ մեկնում է Բրյուսել՝ Հաջիևի հետ քննարկելու բացի ամենից նաև Ալիևի ու Փաշինյանի առաջիկա հանդիպումը:

ԻՆՉՊԵՍ ԱՍՈՒՄ ԵՆ, ՈՒԶԵՆԱՅԻՐ ԷԼ՝ ՉԷԻՐ ԿԱՐՈՂԱՆԱ ՀՈՐԻՆԵԼ ՆՄԱՆ ԲԱՆ։ Գուցե Նիկոլը պառակտում է իր թիմակիցներին՝ թաքցնելով այդքան լուրջ տեղեկությունը մեկից և վստահելով մյուսին, իսկ գուցեև այդ երկուսը՝ Միրզոյանն ու Գրիգորյանը, ծառայում են տարբեր տերերի, և նրանց գործակալական շահերը ոչ միշտ են համընկնում։ Ամեն դեպքում տուժում է պետությունը, որի երկու կարևորագույն պետական ինստիտուտները՝ ԱԳՆ-ը և ԱԽ-ն, միմյանց հակասում են երկրի համար կարևորագույն հարցերում։ Ինչն, ի վերջո, նշանակում է մեկ բան. ընթանում են ինչ-որ գաղտնի գործընթացներ, իրենց էությամբ՝ այն աստիճան հակահայկական, որ իշխանություններն ամեն կերպ ձգտում են թաքցնել դրանք հասարակայնությունից։

Երկրորդ միջադեպը տեղի ունեցավ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի նախաձեռնությամբ։ Վիեննայում հանդիպման նախօրեին սույն պարոնը, որը չի թաքցնում իր անմիջական կապը «Գորշ գայլեր» ծայրահեղական ազգայնական և ահաբեկչական կազմակերպության հետ, Նիկոլի համար տհաճ կերպով մատնեց ևս մեկ գաղտնիք։ Նա հայտարարեց «սահմանի հստակեցման» վերաբերյալ պայմանավորվածության մասին, որն, իբր, քննարկման առարկա է դառնալու Վիեննայում հանդիպման շրջանակներում։ «Այդ հանդիպման ընթացքում քննարկվելու են տարբեր քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել առաջիկա ժամանակահատվածում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ պետք է վերասահմանագծում անցկացնել։ Ինչպե՞ս է դա արվելու։ Օրինակ, ստեղծվելո՞ւ է համատեղ հանձնաժողով։ Որոշում է կայացվել Ադրբեջանի հետ համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին»,- հայտարարեց նա։

ՀՀ ԱԳՆ-ը կրկին շտապեց հանդես գալ հերքումով, թե իբր՝ «Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա»։ Վիեննայի հանդիպումից մեկ օր անց Փաշինյանի մեկ այլ ուսապարկ՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նույնպես հերքեց թուրքի հայտարարությունը։ Ավելին, պարզվեց, որ «Թուրքիայից կարճաժամկետ հեռանկարում քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն Երևանում չեն տեսնում», քանի որ «թուրքական կողմը կոնկրետ քայլերի հետ կապված դրական ազդակ չի տվել»:

Մեկնաբանելով Չավուշօղլուի հայտարարությունը՝ Աղաջանյանը հայտարարեց, թե նման ակնարկ արվել է նաև Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների բանակցությունների ընթացքում, սակայն հայկական կողմը կտրականապես մերժել է այն: «Այստեղ անելիք չկա, սահմանները ճշգրտվել են ԽՍՀՄ ժամանակ և նոր քարտեզը նպատակահարմար չէ։ Ինչո՞ւ է Թուրքիան բարձրացնում այս հարցը՝ կարելի է կռահել»,- ասել է պատգամավորը ՍիվիլՆեթ-ին տված հարցազրույցում։

Մինչդեռ Վիեննայում հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրությունն ամենևին չի համապատասխանում հարաբերությունների կարգավորման Թուրքիայի պատրաստակամության բացակայության մասին Աղաջանյանի ասածին։ Միրզոյանական գերատեսչության մամուլի ծառայության տեղեկատվությունը անխռով-վարդագույն երանգ ունի, և հարցն այստեղ ակնհայտորեն դիվանագիտական զսպվածությունը չէ։ « Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են այս գործընթացի միջոցով իրենց երկրների միջև լիարժեք կարգավորման հասնելու նպատակը»,- ասվում է հայտարարության մեջ: Ընդգծվում է նաև, թե «նրանք ունեցել են հստակ տեսակետների անկեղծ ու արդյունավետ փոխանակում և քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ` շոշափելի առաջընթացի հասնելու համար», և կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու գործընթացն առանց նախապայմանների:

Ինչպե՞ս հասկանալ իշխանության ներկայացուցիչների հայտարարությունների այս հակասականությունը։ Դե, ճիշտ նույն կերպ, ինչպես որ փորձենք հասկանալ կառավարությանը, որ համաձայնում է հանդիպման գնալ այն գերատեսչության աշխատակցի հետ, որի ղեկավարը դրանից մի քանի օր առաջ Ուրուգվայում հայ ցուցարարներին ծայրահեղ աջ ազգայնականների նշանն է ցույց տվել հաղթական ժպիտով։ Հիշեցնեմ, որ «Գորշ գայլեր» կազմակերպության գրոհայինները մեղադրվում են մի քանի սպանությունների և ահաբեկչական գործողությունների մեջ և արգելված են Եվրոպայի մի շարք երկրներում: Հիշեցնեմ նաև, որ այդ կազմակերպության անդամները երբեք չեն թաքցրել իրենց թշնամանքը, ատելությունն ու ագրեսիան հայերի և Հայաստանի նկատմամբ, ինչպես նաև Ցեղասպանությունը կրկնելու մտադրությունը։ Մի՞թե պատահական է, որ Չավուշօղլուն ծայրահեղ ազգայնականների դիրքորոշմանն իր համերաշխությունը ցույց տվեց հենց ապրիլի 24-ին. սա հռետորական հարց է։

Փաշինյանն ու իր ընկերախումբը ծպտուն անգամ չհանեցին այդ մասին. համապատասխան արձագանք հաջորդեց միայն Ուրուգվայի ԱԳՆ-ից, որը պատասխան պահանջեց Թուրքիայի դեսպանից։ Իսկ սրանք չե՞ն հասկացել, թե՞ համամիտ են թուրքի հետ։ Մեկ շաբաթ անց քաղաքական թյուրիմացությունը՝ Ռուբեն Ռուբինյանը մեկնեց Վիեննա, հանդիպելու Չավուշօղլուի աշխատակից Քըլըչի հետ։ Այնտեղ սեղմում էր նրա ձեռքը, ժպտում, որից հետո ԱԳՆ-ը հայտարարեց ազնիվ ու արդյունավետ բանակցությունների մասին

Դա տեղի էր ունենում հենց այն ժամանակ, երբ «կարմիր բերետավորները» Փաշինյանի հրամանով, ծեծում, թևերը ոլորում ու ոստիկանություն էին տանում նրանց, ովքեր փորձում են փրկել Հայրենիքը գորշ գայլերից։ Թերևս միայն թուրքական յաթաղաններ չկային փաշինյանական ենիչերիների ձեռքին։ Հայաստանը և հակաՀայաստանը, համաձայնեք, չէին կարող բախվել դրանից ավելի ցուցանշական, ցուցադրական և ակնառու կերպով։