ՔԱՂՑԱԾ 1990-ԱԿԱՆՆԵՐԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ

Մսի և կաթի քանակը գնալով նվազում է, բայց ձկան ու ձվի առումով ամեն ինչ կարգին է

Օրերս Երևանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության և «Սկոլկովո» հիմնադրամի հովանու ներքո տեղի ունեցավ խորհրդաժողով՝ նվիրված եվրասիական ինտեգրմանը աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական նոր պայմաններում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերական և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը խորհրդաժողովում ընդգծեց, որ ԵԱՏՄ երկրներին արդեն հաջողվել է իրականացնել մի շարք կարևոր խնդիրներ և, մասնավորապես, որոշակի արդյունքների հասնել ԱԱՀ-ում:

Նրա խոսքերով, այդ ոլորտում աշխատանքի շրջանակներում հետևողականորեն իրականացվում է տնտեսական միության պետությունների ռեսուրսային ներուժի արդյունավետ օգտագործման համատեղ միջոցառումների համակարգ՝ մրցունակ գյուղատնտեսական արտադրանքի ծավալների օպտիմալացման, ընդհանուր ագրարային շուկայի պահանջների բավարարման և ագրոպարենային արտահանման աճի համար:

Ստեղծված պայմաններում, երբ շարունակվում է ռազմական սրացումն Ուկրաինայում, խնդիրը, համաձայնեք, հույժ կարևոր է, քանի որ գնալով ավելի մեծ թվով մասնագետներ և միջազգային փորձագետներ են խոսում սպասվող գլոբալ պարենային ճգնաժամի և նույնիսկ սովի սպառնալիքի մասին։ Սակայն, դատելով ամենից, Հայաստանի կառավարությանը առանձնապես չեն մտահոգում երկրի պարենային անվտանգությանը սպառնացող վտանգի ահագնացումն ու առհասարակ երկրի պարենային անվտանգության խնդիրները։ Դատեք ինքներդ…

2021 թվականի արդյունքներով գյուղատնտեսության ոլորտը հետընթաց է արձանագրել. համախառն արտադրությունը նախորդ տարվա համեմատ նվազել է 1,1%-ով: Եվ դա՝ ոլորտի պետական աջակցության բազմաթիվ ծրագրերի իրականացման մասին բարձրաստիճան պաշտոնյաների մշտական հայտարարությունների խորապատկերին։ Չնայած այն բանին, որ ոլորտի կարգավորիչը, այն է՝ էկոնոմիկայի նախարարությունը, ըստ գերատեսչության ղեկավար Վահան Քերոբյանի հայտարարությունների՝ բառացիորեն կաշվից դուրս է գալիս ագրարային ապրանքների արտադրության աճի բարձր ցուցանիշներ ապահովելու նպատակով, արդեն այս տարվա առաջին եռամսյակում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 5,4%-ով պակաս է կազմել 2021 թվականի առաջին եռամսյակի համեմատ, իսկ նախորդ ժամանակաշրջանի համեմատ ընդհանրապես փլուզվել է ավելի քան 77%-ով։

Բուսաբուծության ոլորտում արտադրությունը կազմել է ընդամենը 75,6%, անասնաբուծության ոլորտում՝ 96,9%: Իրավիճակը փոքր-ինչ փրկում է ձկնորսության և ձկնաբուծության վիճակը, որտեղ արտադրության ծավալը կազմել է տպավորիչ 127%՝ 18,8 մլրդ դրամ ընդհանուր գումարի, բայց այստեղ հարց է ծագում, թե այդ դեպքում ինչու են ձկնամթերքի գները շարունակ աճում: Ինչևէ, տպավորություն է ստեղծվում, որ երկիրը վերադարձել է քաղցած 1990-ականներ, երբ միայն Սևանի ձուկը փրկեց մարդկանց թերսնումից։

Բուսաբուծության վերաբերյալ ավելի մանրամասն տվյալներ Հայաստանի վիճակագրական կոմիտեն խոստանում է հրապարակել միայն հաջորդ եռամսյակից, իսկ այ անասնաբուծության վերաբերյալ որոշ տեղեկություններ արդեն հասանելի են: Այսպես, առաջին անհրաժեշտության կարևորագույն մթերքներ են համարվում միսը և կաթը։ Երկրում անասունների և թռչունների մորթը ս.թ. առաջին եռամսյակում (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ) կազմել է 15,5 հազար տոննա (կենդանի քաշով) կամ 97,5%: Առավել մեծ քանակությամբ միս արտադրել են Արմավիրում (2,8 հազար տոննա), Լոռիում և Կոտայքում (2 հազարական տոննա), ամենից քիչ՝ Վայոց Ձորում (0,5 հազար տոննա)։ Ցուցանշական է, որ հազար տոննա միս արտադրել են Երևան քաղաքում։ Հայաստանի 10 մարզերից միայն երկուսում՝ Արմավիրում և Կոտայքում է մսի արտադրությունը գերազանցել 2021 թվականի ցուցանիշը։

Շատ ավելի վատ է վիճակը կաթի պարագայում։ Ընդհանուր առմամբ արտադրվել է 134,5 հազար տոննա, ինչը կազմում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 91,7%-ը: Արտադրության անկում է գրանցվել անխտիր բոլոր մարզերում։

Այս խորապատկերին թույլ մխիթարանք է ձուն, որի արտադրությամբ մեր երկիրն արդեն երկար տարիներ ինքնաբավ է։ Այսպես, առաջին եռամսյակում Հայաստանում արտադրվել է 123,1 մլն հատ ձու, ինչը 14,7%-ով ավելի շատ է, քան 2021 թվականի նույն ժամանակահատվածում։ Այդ առումով աչքի են ընկել Շիրակի և Արագածոտնի ֆերմերները. համապատասխանաբար՝ 10,4 մլն հատ (196,2%) և 17,2 մլն հատ (179,2%)։ Իսկ բացարձակ ցուցանիշներով ամենից շատ ձու արտադրվել է Կոտայքում (32,6 մլն հատ) և Արմավիրում (31,9 մլն հատ) ։