ՍՈՒԳԸ ՀԱՎԵՐԺ Է, ԵԹԵ ՉԿԱ ՊԱՅՔԱՐ

Փաշինյանի թիմը փոքր-ինչ տրտմել է վերջին շրջանում, բայց հույսը չի կորցնում, թե Դիմադրության շարժումը շուտով շնչասպառ կլինի, ընդդիմության ռեսուրսները կսպառվեն։ Նույնին անհամբերությամբ սպասում են նաև Բաքվում, որպեսզի հնարավորինս շուտ շարունակեն հայկական կողմից միակողմանի զիջումներով Երևանին պարտադրված «խաղաղ օրակարգի» իրականացումը։

Ընդ որում, Բաքվից գրեթե ուղիղ տեքստով հայտարարում են, թե Երևանը պետք է ընդունի Ադրբեջանի մոտեցումները, թե Լեռնային Ղարաբաղի ոչ մի խնդիր գոյություն չունի, կարգավիճակի հարցը չի քննարկվում, Արցախը Ադրբեջանի տարածաշրջաններից մեկի մասն է: Բաքուն պահանջում է, որ Երևանն ընդունի այդ դիրքորոշումը, որից հետո խաղաղության պայմանագիր կկնքվի Հայաստանի հետ։ Դրա հիման վրա Ադրբեջանին կհանձնվեն Տավուշի մարզի ևս յոթ գյուղեր և Տիգրանաշենը՝ Արարատի մարզում, Հայաստանի տարածքի միջով Թուրքիան Ադրբեջանի հետ կապող «Զանգեզուրի միջանցքի» կարգավիճակի հետագա քննարկմամբ... Հակառակ դեպքում, զգուշացնում են ադրբեջանական իշխանությունների պաշտոնական և ոչ պաշտոնական խոսնակները, Բաքուն պարզապես շուտով կպահանջի ռուսական խաղաղապահների դուրսբերում Արցախից, իսկ նրանց հետ միասին կհեռանան նաև այնտեղ մնացած հայերը…

Բաքվում վստահ են, թե իրենց կհաջողվի առաջ մղել սեփական օրակարգը, քանի որ Փաշինյանի հետ հարաբերություններում իրենց միակ խնդիրը հակակառավարական ելույթներն են Երևանում: Դա էապես խանգարում է այսօր Ալիևի ծրագրերի իրականացմանը, թեև Բաքվում իրենց հանգստացնում են Փաշինյանի թիմի թեզերով, թե իբր՝ խոչընդոտը ժամանակավոր է, առանձնապես ոչինչ տեղի չի ունենում, «5-6 հազար մարդ ցույց են անում իրենց համար, բայց շարժումը շնչահեղձ է լինում» և այլն... Փաշինյանի թեզերի հիման վրա Բաքվում համոզում են իրենք իրենց, թե իրականում Հայաստանի ժողովուրդը միայն խաղաղություն է ուզում ցանկացած գնով։ Նույնիսկ այդ խաղաղության թուրք-ադրբեջանական բոլոր նախապայմանների ընդունմամբ։

Այստեղ հարկ է նշել, որ գաղափարախոսական առումով Դիմադրության շարժման գլխավոր խնդիրն առաջվանն է. համոզել քաղաքական գործընթացներից մի կողմ քաշված համաքաղաքացիներին, որ իրականում նոր պատերազմի սպառնալիքը, որով վախեցնում է իշխանությունը, նախ՝ սաստիկ չափազանցված է, երկրորդ՝ բխում է ոչ թե ընդդիմության գործողություններից ու ծրագրերից, այլ Փաշինյանի տխրահռչակ «խաղաղ օրակարգից», որը միայն գրգռում է Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիվ ախորժակը և Հայաստանից վանում դաշնակիցներին. առկա և հավանական։ Մեր նորագույն պատմության չոր փաստերը վկայում են այն մասին, որ Հայաստանի և Արցախի համար ամենախաղաղ տարիները եղել են այն ժամանակ, երբ Երևանում ու Ստեփանակերտում միանշանակ մերժել են ագրեսորներին միակողմանի զիջումներ անելու քաղաքականությունը։

Ի՞նչ կձեռնարկի Փաշինյանի թիմը։ Ինչպես արդեն ասել ենք, սկզբում հաշվարկ էին կառուցում նրա վրա, թե Դիմադրությունը կմարի ինքնաբերաբար։ Չմարեց։ Հասկանալի է, որ ակտիվիստները երկաթից չեն, հոգնում են, բայց Շարժումը դրանից չի թուլանում. միանում են այլ ռեզերվներ։

Ուժային մեթոդնե՞ր։ Դրանք իշխանության պարագայում անսահմանափակ չեն, նույնիսկ իր ուժայիններին Նիկոլի նետած շռայլ կերակուրով հանդերձ։ Սկզբում ակտիվիստների դեմ դուրս էին բերում հասարակ ոստիկաններին։ Հետո հայտնվեցին «կարմիր բերետավորները»։ Նրանց արդեն օգնության են եկել «սև բերետավորները», որոնք իրենց դրսևորել են նրանով, որ շատ լավ... թքում են։ Դիմադրության շարժումը հրապարակել է ակտիվիստների վրա մի այդպիսի ականավոր թքողի տվյալները. ինչպես պարզվել է, դա ներքին զորքերի 1032 գնդի պայմանագրային զինծառայող, հատուկ ստորաբաժանման հրամանատար Հովհաննես Զաքարյանն է

Իսկ հետո՞։ Ուրիշ էլ ի՞նչ գույների բերետներ կան Նիկոլի ձեռքի տակ։ Թե՞ արդեն եկել է, գուցե, ԱԱԾ հատուկ նշանակության ջոկատայինների կամ «Ալֆայի» հերթը։

... «Հավերժական» հարցը Դիմադրության առաջնորդներին. «Այնուամենայնիվ, եթե, չնայած շարժման ծավալներին, ակտիվիստների տոկունությանը, Նիկոլը չհեռանա, ապա այդ դեպքում՝ ի՞նչ»։ Պետք չէ վախենալ այդ հարցից։ Պետք է բացատրել, որ լավ աճեցված ու սնուցված չարիքը հեշտությամբ չի հեռանում, հենց դրա համար էլ չարիք է։ Բայց նա վախկոտ է, առաջին առնետները շուտով կճողոպրեն նավից: Եվ երբ մի արևոտ օր չարը հեռանա, շատերը կզարմանան, թե այդ ինչպե՞ս ստացվեց։ Մինչդեռ ամեն ինչ շատ պարզ է. շնորհիվ այն մարդկանց տոկունության, որոնք հրապարակում են։ Քանզի, ինչպես ուսուցանել է մեր մեծ հայրենակիցներից մեկը, սուգը հավերժ է, եթե պայքար չկա