Ուկրաինայից Գերմանիա տեղափոխված և ՀՀ վերադառնալ ցանկացողներին ԳԴՀ-ն կաջակցի

Ուկրաինայից Գերմանիա տեղափոխված և Հայաստանի Հանրապետություն վերադառնալ ցանկացող մեր հայրենակիցների ճամփորդական ծախսերը կհոգա Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը։ Տեղեկությունը հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը` հավելելով, որ սույն ինֆորմացիան ստացել են Գերմանիայի ներքին գործերի դաշնային նախարարությունից։

«Գերմանիայում գտնվող, Ուկրաինայի քաղաքացի չհանդիսացող երրորդ պետության քաղաքացիները, որպես այլընտրանք կարող են ինքնակամ որոշում կայացնել՝ վերադառնալու իրենց հայրենիք։

Այդ դեպքում, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն օժանդակում է նրանց ճամփորդական ծախսերը հոգալու հարցում։ Առանձին դեպքերում հնարավոր են նաև աջակցության այլ ձևեր»,–ասված է հաղորդագրության մեջ։

Տեղեկացվում է, որ անձնական խորհրդատվության ժամանակ հնարավոր է տեղեկանալ աջակցության առկա հնարավորությունների մասին։ Դրա համար կարելի է կապ հաստատել վերադարձի հարցերով խորհրդատվական իրավասու մարմինների հետ, որոնց հասցեները հասանելի են www.returningfromgermany.de կայքէջում նաև ռուսերեն լեզվով։

Հնարավոր է կապ հաստատել նաև +374 43150025 հեռախոսահամարով (WhatsApp), տեղեկացնում է Sputnik Արմենիա: