ԲԱՔՎԻ ԵՎ ԱՆԿԱՐԱՅԻ ՓՈԽԱՆՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՍՏՐՈՒԿՆԵՐ ԵՆ, ՈՐՈՆՑ ԿԱՐԵԼԻ Է ԾԵԾԵԼ ՈՒ ՍՊԱՆԵԼ

Մեր աչքի առաջ խեղում են երեխաներին ու ծերերին, իսկ մենք գոռում ենք «Ամո՛թ»

«Հաղթանակած հեղափոխության երկրի հպարտ քաղաքացիներին»՝ ավտոերթի մասնակիցների թվից, բերման են ենթարկել հայկական հանրապետությունների պետական դրոշների համար: Անցորդների աչքի առաջ ոստիկանները կանգնեցրել են դրոշներով մեքենաները, քաշքշելով իջեցրել վարորդներին, անձրևային ջրափոսերի միջով քարշ տվել ոստիկանական ավտոբուս, չարձագանքելով այն հարցին, թե «ինչի՞ համար, ի՞նչ խախտում եմ արել»։

Երբ մոտակայքում հեռուստախցիկներ չկային, ոստիկանները պատասխանում էին՝ մատնացույց անելով դրոշները. «Բա էս ի՞նչ ա»։ Այսօր Հայաստանում բերման են ենթարկում թեկուզև առանց խախտումների, բայց Հայաստանի և Արցախի դրոշների տակ երթևեկելու համար։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը մատնանշել է ոստիկանների կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահումը, ինչպես նաև մարդկանց առևանգման հատկանիշները:

Բողոքի փողոցային ակցիաների մասնակիցներն անշեղորեն կատարում են ոստիկանների բոլոր պահանջները, բայց նրանց հանդեպ, միևնույն է, ուժ են կիրառում առանց օրինական պահանջներ ներկայացնելու։ Գուցե բավակա՞ն է արդեն աչք փակել այն բանի վրա, որ Բաքվի և Անկարայի փոխանորդի հրամանով ոստիկանները վարվում են քաղաքացիների հետ ինչպես ստրուկների, որոնց կարելի է ծեծել ու սպանել։ Ամեն օր մեր աչքի առաջ ասֆալտին են տապալում, ծեծում ու խեղում ծերերին և դեռահասներին, իսկ մենք ի պատասխան միայն գոռում ենք. «Ամո՛թ»։ Ո՞ւմ ենք դա գոռում։ Կարմիր բերետավոր ճիվաղի՞ն, որը խցկելով տղամարդուն ոստիկանական ավտոբուս՝ թքում է նրա դեմքին, իսկ հետո սրբում բերանը տեսախցիկների առջև։

Փաշինյանը հատել է բոլոր կարմիր գծերը, խախտել բոլոր տաբուներն ու բռնել ժողովրդի դեմ պատերազմի արահետը։ Այն ոստիկանները, որոնք դա հասկացել են, արդեն լքել են ծառայությունը։ Չեն կարող ուսադիրավոր մարդիկ չգիտակցել, որ իրենց ստիպում են կատարել ապօրինի հրամաններ, բերման ենթարկելով անմեղ քաղաքացիներին Հայաստանի և Արցախի պետական դրոշների ներքո ընդդիմության ակցիաներին մասնակցելու համար։ Սանձարձակ կամայականությունը մոլեգնում է Բաքվի և Անկարայի սևեռուն հայացքի ներքո։ Նույն հայացքը գոհունակությամբ հետևում էր, թե ինչպես է Վահագն Ալեքսանյանը խորհրդարանի ամբիոնից հեռացնում Արցախի դրոշը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ոչ մի պատգամավոր չընդվզեց այդ ստոր ակցիայի դեմ, այդ թվում՝ Հովիկ Աղազարյանը, որն օրերս վստահ հայտարարեց, թե Փաշինյանի սպանությունը պահանջված ակցիա է, որին պատրաստ են մասնակցել 200 հոգի։

Ապշեցնում է այդ պարոնի «իրազեկվածությունը». որտեղի՞ց է նրան հայտնի է 200 մարդու ստույգ մտադրությունը, իսկ եթե նա կոնկրետ փաստեր ունի, ապա ինչո՞ւ է լռում Արմեն Աբազյանը։ Բողոքի փողոցային ակցիաների ժամանակ ոստիկանները քաշքշելով բազմության միջից դուրս են բերում ու բերման ենթարկում ուսերին Հայաստանի և Արցախի դրոշներ կրող աղջիկներին։ Նախապես ոստիկանները ուշադիր նայում են շուրջը, թե չկա՞ն արդյոք մոտակայքում տեսախցիկներ...

Փաշինյանը առիթ է փնտրում պատժիչ միջոցների խստացման համար

Փաշինյանը բռնաճնշումներն ուժգնացնելու առիթ է փնտրում, Բաքվի և Անկարայի փոխանորդը պատերազմ է մղում սեփական ժողովրդի դեմ և պատժիչ միջոցների խստացման կարիք ունի։ Հիշո՞ւմ եք, երբ Կիրովին սպանեցին, սկսվեցին բռնաճնշումները։ Ստալինը սկսեց վրեժ լուծել իր սիրելիի մահվան համար, և միայն վերակառուցման շրջանում լայն զանգվածներին հասանելի դարձավ ճշմարտությունն այն մասին, որ Կիրովին սպանել են ոչ թե ժողովրդի թշնամիները, այլ նրա սիրուհու խաբված ամուսինը։

Այսօր ռեժիմի պարագլուխն ուզում է բռնաճնշումների խստացման համար օգտագործել իր դեմ իբր նախապատրաստվող մահափորձի մասին ասեկոսեները, թեև ակնհայտ է, որ ընդդիմությունը ոչ մի մահափորձ չի ծրագրում: Օրինական իշխանափոխությունից հետո ռազմական հանցագործին ու դավաճանին սպասում են մեղադրյալի աթոռն ու օրինական դատավճիռը։

Այդ դատավճիռը հետաձգելու համար ռեժիմի պարագլուխն ու նրա ենթակայության տակ գտնվող ոստիկանությունը՝ Վահե Ղազարյանի ղեկավարությամբ, ամեն օր կատարում ու գերակատարում են փողոցային պայքարի մասնակիցների ֆիզիկական խոշտանգման ծրագիրը։ Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի զեկույցում հավաքված են քաղաքացիների իրավունքների և ազատությունների կոպտագույն խախտումների փաստերը։ Զեկույցն ուղարկվելու է արևմտյան իրավապաշտպան կազմակերպություններին։

Ակնհայտ է, որ բողոքի իրենց սահմանադրական իրավունքն իրականացնող քաղաքացիներին նվաստացնելու, ծեծելու, ոսկորները կոտրելու և դեմքին թքելու հրամանը բխում է Բաքվից և Անկարայից, իսկ Փաշինյանը լոկ փոխանցում է այդ հրամանը Վահե Ղազարյանին ու Արմեն Աբազյանին։ Երևանյան առօրյայի սովորական պատկերն է. կանգնեցրին մեքենան, առանց մի բառ ասելու իջեցրին վարորդին, ասֆալտին քարշ տալով տարան ոստիկանական ավտոբուս, ճանապարհին աննկատ կոտրեցին ատամները։ Ընդ որում՝ ոչ մի բացատրություն. դե, մի՞թե ստրուկներին հարկ կա ինչ-որ բան բացատրել։ Պատկերացնում եմ, թե ի՜նչ հաճույք են զգում Ալիևն ու Էրդողանը՝ հետևելով իրենց փոխանորդի գործողություններին։

Կորցնում ենք ոչ միայն երկիրը, կորցնում ենք ժողովրդի՛ն

Ընդդիմությունը կոչ է անում քաղաքացիներին դուրս գալ փողոց, քանզի կորցնում ենք երկիրը։ Իրականում կորցնում ենք ոչ միայն երկիրը, այլև ժողովրդին։ Ինչո՞ւ քաղաքացիների մեծամասնությունը, դիտելով ոստիկանության ամենօրյա վայրագություններն իրենց հեռուստացույցների էկրանին, չի ձգտում միանալ փողոցային ակցիաներին: Այդ ինչպե՞ս պատահեց, որ մենք կորցրեցինք միաբան լինելու զգացումը, երբ մեկը բոլորի համար է, և բոլորը՝ ընդդեմ մարդու իրավունքների և ազատությունների ոտնահարման։

ԱՆՑԵԼ Է ԸՆԴԱՄԵՆԸ 4 ՏԱՐԻ, ԻՍԿ ՄԵԶ ՀԵՏ ԱՐԴԵՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ԵՆ ՏԵՍՆՈՒՄ ԻԼՀԱՄ ՀԵՅԴԱՐԻՉԻ ՀՐԱՀԱՆԳՆԵՐՈՎ: Ասաց Ապշերոնի սուլթանը, որ Հայաստանին ուժեղ բանակ պետք չէ, և ահա արդեն տեղեկություններ են ստացվում այն մասին, որ Նիկոլը ծրագրում է կրճատել ԶՈՒ թվաքանակը 10 հազարով։ Դա տեղի է ունենում հետևյալ սխեմայով. պաշտոնաթող զինվորականների տեղերը չեն լրացվում…

Ահավասիկ ասաց Ալիևը, որ հայ ժողովրդի թվաքանակը չպետք է ավելանա, և Նիկոլին ուղեկցող մեքենայի անիվների տակ հղի կին զոհվեց։ Ասաց Ալիևը, որ Հայաստանի առաջին դեմքերը չպետք է այցելեն Ստեփանակերտ, և ահա Նիկոլը ոտք չի դնում այնտեղ։ Փաշինյանը պարում է «կիրթ» ու «կառուցողական տրամադրված» Ալիևի դուդուկի տակ, որը չի դադարում կրկնել, թե Երևանը պատկանում է իրեն։ Գուցե այդ առնչությամբ արդեն բանավոր պայմանավորվածություննե՞ր ունի Փաշինյանի հետ։ Գուցե դա՞ է պատճառը, որը քաղաքացիների հետ վարվում են այնպես, ասես նրանք իրենց իրավունքների օգտին հանդես են գալիս բռնազավթված տարածքում։ Նրանց, ում թվում է, թե տողերիս հեղինակը խտացնում է գույները, հիշեցնեմ, որ 2021թ. մայիսի 12-ից Ադրբեջանը իրականացնում է Հայաստանի սողացող բռնազավթում, և ո՞ւր է երաշխիքը, որ Սյունիքի դարպասները բացած Փաշինյանը չի բացի նաև Երևանի դռները։ Զավթիչները կրակում են հայոց մայրաքաղաքից 60 կմ հեռավորության վրա…

Իսկ մենք շարունակում ենք հարց տալ ինքներս մեզ. ո՞վ թույլ տվեց, որ մեր երկրում մենք և մեր երեխաները հայտնվենք դիպուկահարների նշանառության տակ։ Ինչո՞ւ են ոստիկանները համարձակվում ձեռք բարձրացնել մեզ վրա, ծեծել, ոսկորները կոտրել, թքել մեր դեմքին։ Պատասխանը պարզ է՝ «Գուդոկ» թերթի պես. Բաքվի և Անկարայի փոխանորդը վերջնականապես լկտիացել է անպատժելիությունից։ Նա մոռացել է, թե ինչպես էր սիրո երդումներ տալիս ու ասում, թե խոնարհվում է ժողովրդի առաջ։ Իշխանության հակասահմանադրական զավթումից 4 տարի անց ժողովրդին փորձում են վերածել անլեզու ստրուկների, որոնց կարելի է անպատիժ բռնության ենթարկել։

Բաքվի և Անկարայի թելադրանքով իրականացվող այս տոտալ ծանակմանը կարող ենք վերջ տալ միայն մենք, մեզանից յուրաքանչյուրը։ Այլապես մեզ սպառնում է մարդկային կերպարանքը և ժողովուրդ կոչվելու իրավունքը կորցնելու վտանգը։ Ալիևը, Էրդողանն ու Փաշինյանը հայերից խլեցին Արցախի տարածքի 75%-ը, կյանքից զրկեցին 5 հազար երեխայի, բռնազավթեցին ինքնիշխան Հայաստանի 45 քառ. կմ տարածք, իսկ հիմա շարունակում են խեղել ու սպանել մեզ մեր իսկ քաղաքում։ Սպասելու ենք, թե ե՞րբ են մեր երեխաներին ու ծերերին ծեծելու արդեն մեր տներում։ Իսկ մենք գոռալու ենք «Ամո՛թ», ինչպես որ գոռում ենք այսօր, երբ փողոցներում հաշմանդամ են դարձնում ուսանողներին, դեռահասներին, տարեց կանանց ու տղամարդկանց։ Ալիևը բացահայտ խոսում է այն մասին, թե հայերը ապրելու իրավունք չունեն, իսկ Նիկոլն իրականացնում է այդ հրահանգը՝ զրկելով մեզ մարդկային տարրական իրավունքներից։

Մենք բաց թողեցինք այն պահը, երբ մեզ հետ սկսեցին վարվել ստրուկների պես։ Էրդողանի ու Ալիևի արյունոտ ծաղրածուն գերեզման դրեց մեր 5000 երեխաների, իսկ հետո ցինիկաբար հայտարարեց երկրի ամենաբարձր ամբիոնից, որ կարող էր փրկել նրանց ու չի փրկել։ 44-օրյա պատերազմի մասնակից երիտասարդ տղաներին մեր աչքի առաջ ծեծում են, բերման ենթարկում ու ձերբակալում, իսկ մենք գոռում ենք «Ամո՛թ» և վրդովվում հիմնարար իրավունքների ու ազատությունների խախտումից, դիմելով մինչև արմունկները հայի արյան մեջ թաթախված ձեռքերով մարդուն…

Ժամանակն է, վերջապես, դադարել ձևեր թափել, ժամանակն է կոչել իրերն իրենց անուններով. հայ ժողովրդին դիմակայում է Բաքվի և Անկարայի փոխանորդը, Երևանի փողոցներում պատժարարները կատարում են Ալիևի և Էրդողանի հրահանգները։ Որքան ավելի երկար թաքցնենք գլուխն ավազի մեջ, այնքան ավելի սարսափելի են լինելու հետևանքները: