ԹԱՆԿԱՐԺԵՔ ՉԱԳՈՒՃ

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի օրը կայացած նիստում 790 մլն դրամ է հատկացրել մարզերում սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար, հաղորդում է ԱՌԿԱ-ն:

Ինչպես նշել է նիստում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, այդ գումարից Արագածոտնի մարզին կհատկացվի 33 մլն դրամ, Արմավիրին՝ 52 մլն դրամ, Գեղարքունիքին՝ 84 մլն դրամ, Լոռիին՝ 147 մլն դրամ, Կոտայքին՝ 98 մլն դրամ, Շիրակին՝ 39 մլն դրամ, Սյունիքին՝ 268 մլն դրամ, Վայոց ձորին՝ 42 մլն դրամ և Տավուշին՝ 26 մլն դրամ:

Նա նշել է, որ բոլոր նախագծերն արդեն իրականացվել են, և կառավարությունն այդ որոշմամբ լոկ կատարում է համաֆինանսավորման իր ստանձնած պարտավորությունները։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. թե ինչ նախագծեր են իրականացվել այդ գումարով, իհարկե, չի հստակեցվում։ Դե, կառավարությունն առանձնապես շահագրգռված էլ չէ դրանում։ Գործադիր իշխանության համար դա ճղճիմ առօրյա է: Եվ գումարների հատկացումն էլ՝ ընդամենը տաղտկալի պարտավորություն։ Իսկ ռոմանտիկան միանգամայն ուրիշ տեղում է։ Այն է՝ Երևանի փողոցներում, որտեղ տարբեր գույների գլխարկներով ոստիկանական ստորաբաժանումները ստախանովյան էնտուզիազմով ցրում են քաղաքացիական անհնազանդության ակցիաները։ Այստեղ ընթերցողի մոտ կարող է միանգամայն հիմնավորված հարց առաջանալ. ի՞նչ կապ կարող է լինել երկրի մարզերում սուբվենցիոն ծրագրերի և մայրաքաղաքում ուժայինների գործողությունների միջև: Ընդհանուրն այստեղ մեկն է. պետական գանձարանից դուրս բերված հայկական դրամը։ Պարզապես առաջին դեպքում, ինչպես արդեն նշվեց, խոսքը մարզերի առջև գանձարանի պարտավորությունների մասին է, իսկ երկրորդում՝ երկրի քաղաքացիների նկատմամբ բռնության խրախուսման։

Չորեքշաբթի օրը Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ Իշխան Սաղաթելյանը, հղում կատարելով պաշտոնական տվյալներին, հաղորդեց. «Մայիսի 16-ին ոստիկանությունը ստացել է 2 միլիարդ 180 միլիոն դրամ պարգևավճար: Պաշտոնական թիվ եմ ասում՝ մոտ 5 միլիոն դոլար, ոստիկանությունը Նիկոլի կողմից ստացել է պարգևավճար: Ավելին՝ մայիսի 11-ին ևս ոստիկանությունը 700 միլիոն դրամ պարգևավճար է ստացել։ Մեկ շաբաթվա մեջ մոտ 3 միլիարդ դրամ՝ շուրջ 6, 5 միլիոն դոլար, Նիկոլը ոստիկանությանը պարգևատրել է այս ապօրինությունները գործելու համար»։

Ըստ էության, ասվածը նշանակում է, որ ոստիկաններին շնորհված միայն մայիսյան պարգևավճարների գումարով կառավարությունը կարող էր, օրինակ, ավելի քան երեք անգամ միջոցներ հատկացնել մարզերում սուբվենցիոն ծրագրերի համար։ Բայց «ժողովրդավարության օրրանում», իհարկե, առաջնահերթությունները միանգամայն այլ են. երկրի մարզերի խնդիրների մասին հոգալու փոխարեն՝ նախապատվությունը տրվում է դաժանության ու կամայականության եզակի նմուշներ ցուցադրող ուժայինների խրախուսական ֆինանսավորմանը։ Եվ էլի մի հետաքրքիր բան։ Փաստորեն, մրցանակները հատկացվում են հարկատուների միջոցներից, որոնց մի մասի նկատմամբ կիրառվում է պարգևավճարներով խրախուսվող բռնություն։ Այսինքն մարդիկ հարկեր են վճարում, իսկ հետո այդ միջոցների հաշվին կոտրում են նույն այդ հարկատուների ձեռքերը, ոտքերը։ Աբսո՞ւրդ է։ Ամենևին։ Սրանք մերօրյա Հայաստանի իրողություններն են։

Երբ վերջին նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը թափահարում էր չագուճը, նրա կողմնակիցները կարծում էին, թե այդ գործիքն օգտագործվելու է միայն իշխանության հակառակորդների դեմ։ Բայց չագուճը մշտական ֆինանսական սնուցում պահանջող բան է: Դա (չագուճը) պետք է իրենց հաշվին պահեն և՛ սևերը, և՛ սպիտակները, ողջ հասարակությունը։ Ե՛վ նրանք, ովքեր այսօր հայտնվել են այդ չագուճի թիրախում, և՛ նրանք, ովքեր ժամանակին ուրախանում էին Փաշինյանի ձեռքում այդ գործիքի առկայությամբ, չկասկածելով, որ պողպատե մանդատ շնորհելով իրենց կուռքին՝ ավելի լավ չեն ապրելու։