Երեք պատերազմների մասնակից Արայիկ Մուրադյանին ծեծելու դեպքով հաղորդում է ներկայացվել ԱԱԾ

Պահեստազորի մի խումբ սպաներ հավաքվել են ԱԱԾ շենքի դիմաց և պահանջում են գործողություններ ձեռնարկել պահեստազորի գնդապետ, արցախյան երեք պատերազմների մասնակից Արայիկ Մուրադյանի դեմ բռնի գործողություններ իրականացրած ոստիկանության մայոր Միքայել Այվազյանի նկատմամբ։

Նրանք հաղորդում են ներկայացրել քրեական օրենսգրքի 308 (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309 (պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 137 (առողջությանը ծանր վնաս պատճառելը) հոդվածներով, սակայն քրեական գործ դեռ չի հարուցվել։

Ներկաների մեջ է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նրա խոսքով` ԱԱԾ–ն ուղղակի աչք է փակում կատարվածի վրա։

«Պաշտոնաթող բարձրաստիճան գեներալները, զինվորականները, իրավապահ համակարգի վետերանները հայտարարություն են անում, որ կարմիր բերետավորները բռնություն են գործադրել պաշտոնաթող գնդապետի նկատմամբ , երկու շաբաթ է անցել, բերանները ջուր են առել, կանգնել են»,– ասաց Մանուկյանը` ընդգծելով, որ պետք է հարգել նրանց, տեղեկացնում է Sputnik Արմենիա։