Հակոբ Ավետյանն ազատ է արձակվել

Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ Ավետյանը, որին այսօր՝ մայիսի 27-ին, ոստիկանները բերման էին ենթարկել Սոթք-Վարդենիս ավտոճանապարհը փակելիս, ազատ է արձակվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հակոբ Ավետյանը։

«Ես ոստիկանական բաժնում բառացի ասել եմ՝ մեր բողոքի ակցիան օրինական է՝ ի աջակցություն Հայաստանի և Արցախի։ Մենք չենք հանդուրժում ցանկացած բան, որը կարող է վնասել Հայաստանին և Արցախին։ Ես աջակցում եմ «Դիմադրություն» շարժմանը»,- նշեց Ավետյանը։

Ավետյանի դիտարկմամբ՝ իշխանությունը ցուցարարներին բերման ենթարկելով և կալանավորելով հույս ունի ճնշել շարժում։

«Դա իրենց չի հաջողվելու։ Մենք շարունակելու ենք մեր պայքարը։ Այժմ ոստիկանական ամբողջ համակարգը ծառայում է «Քաղաքացիական պայմանագրին»։ Իրենք իշխանության հրահանգով շատ վատ են վերաբերում ցուցարարներին։ Ոստիկաններից շատերն են լկտի պահում իրենց, ու տպավորություն է ստեղծվում, թե այս ազգից չեն իրենք»,- ընդգծեց Հակոբ Ավետյանը։

Հակոբ Ավետյանի խոսքով՝ Վարդենիս համայնքում բնակիչների մեծ մասը դեմ է գործող իշխանությանը։

«Իրենք տեսնում են, որ Արցախի գոյությունը հարցականի տակ է, և որ մեր սահմաններ են արդեն վտանգի առջև։ Մեզ մոտ մարդկանց քիչ մասն է թնջուկի մեջ մնացել»,- հավելեց Ավետյանը։