ՊԵՏՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԵՐԺՅԱԼՆԵՐԸ

Հայաստանը օտարերկրյա դրամաշնորհներից ավելի քիչ է կախված, քան նախորդ տարիներին, սակայն ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այնքան էլ գոհ չէ, հաղորդում Է Sputnik Արմենիան: Եթե 2020 թվականին բյուջեի ընդհանուր եկամուտներում օտարերկրյա դրամաշնորհները կազմել են 3,41% (մոտավորապես նախորդ տարիների մակարդակով), ապա 2021-ին՝ արդեն 0,74% կամ 12,4 մլրդ դրամ։ «Մի կողմից մենք ավելի շատ կախված ենք մեր սեփական եկամուտներից, մյուս կողմից՝ բաց ենք թողնում լրացուցիչ միջոցներ ներգրավելու հնարավորությունը, երբ նման հնարավորություն կա»,- հայտարարել Է նախարարը 2021 թվականի բյուջեի կատարողականի նախագծի նախնական քննարկման ժամանակ:

2021 թվականին կառավարությունն ավելացրել է ընթացիկ ծախսերի ծավալը տնտեսության հետճգնաժամային վերականգնման համար։ Մասնավորապես, ծախսերը փաստացի գերազանցել են ծրագիրը շուրջ 153 մլրդ դրամով (մոտավորապես 325 մլն դոլար), որից 42,7 մլրդ դրամը հատկացվել է նպաստներին ու կենսաթոշակներին, 19,4 մլրդ՝ վարկային սուբսիդիաներին, 54,6 մլրդ՝ կորոնավիրուսային համավարակի հետևանքների մեղմացմանը:

Ընդհանուր առմամբ, բյուջեի ծախսերը կազմել են 2 տրլն 4 մլրդ դրամ կամ մոտ 4,26 մլրդ դոլար (պլանով նախատեսված 1 տրլն 851 մլրդ դրամի կամ 3,94 մլրդ դոլարի համեմատ)։ Դրա հետ մեկտեղ, աճել են նաև եկամուտները. նախատեսվող 1 տրլն 509 մլրդ դրամի կամ 3,21 մլրդ դոլարի համեմատ՝ հավաքվել է 1 տրլն 684 մլրդ դրամ կամ 3,58 մլրդ դոլար:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. իսկապես, արտաքին պաշտոնական տրանսֆերտների մասնաբաժինը նախորդ տարվա բյուջեի եկամուտների կառուցվածքում նվազել է։ Միայն թե նախարարն ակնհայտորեն չափազանցում է՝ խոսելով արտաքին ֆինանսական աղբյուրներից Հայաստանի կախվածության նվազման մասին։ Բավական է նայել, թե որքան է անցած տարի աճել երկրի արտաքին պարտքը՝ համոզվելու համար, որ այդ կախվածությունն աճում է։ Իսկ աճել է դա 2021-ին 583 մլն դոլարով։ Այսպես, 2020 թվականի դեկտեմբերի 31-ին Հայաստանի արտաքին պարտքը կազմել է 6 մլրդ 59 մլն դոլար, իսկ 2021 թվականի դեկտեմբերի 31-ին տվյալ ցուցանիշը հասել է 6 մլրդ 642 մլն դոլարի։ Հենց սա է արտաքին աղբյուրներից Հայաստանի ֆինանսական կախվածության հիմնական չափորոշիչը։

Ասենք, տվյալ դեպքում խոսքը հայկական բյուջեի նախորդ տարվա ոչ թե եկամուտների, այլ ծախսերի մասին է։ Ահավասիկ նախարարը պատմում է 2021 թվականի պլանի գերակատարման, նախորդ տարվա համեմատ ծախսերի աճի, կորոնավիրուսի հետևանքների մեղմացման գործընթացին ուղղված պետական ծախսերի մասին և այլն։ Բայց կա մի չափազանց կարևոր պահ, որը հնարավոր չէ չհիշատակել պետական ծախսերի նպատակադրման և իրականացման համատեքստում։

Ահա ուրեմն, ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների, հայկական բյուջեի նախորդ տարվա ծախսերի 10 հիմնական ուղղությունների ցանկում ֆունկցիոնալ դասակարգման 8 կետով աճ է գրանցվել։ Դրանք են՝ և՛ ընդհանուր նշանակության հանրային ծառայությունների ֆինանսավորումը (10,7%), և՛ հասարակական կարգի ապահովման, անվտանգության և դատական համակարգի ֆինանսավորումը (5,7%), և՛ շրջակա միջավայրի պահպանության գծով ֆինանսավորումը (36,1%) և այլն:

Իսկ այ բյուջեի ծախսերի կրճատում արձանագրվել է միայն պաշտպանության (-17,6%) և «հանգիստ, մշակույթ, կրոն» (-9,5%) գծով։ Այսպիսով, կարելի է արձանագրել, մեղմ ասած, աներևակայելի փաստ. սարսափելի պատերազմ վերապրած երկրում, որին օդ ու ջրի պես անհրաժեշտ է վերականգնել զինված ուժերը, պաշտպանության ոլորտը գործնականում մերժյալ է դարձել պետական ֆինանսավորման առումով։ Այն, որ կրճատել են կրոնի, մշակույթի և հանգստի ֆինանսավորումը, իհարկե, շատ վատ է։ Մանավանդ որ այդ խորապատկերին մեծապես ավելացրել են ընդհանուր պետապարատի ծախսերը։ Բայց պաշտպանության ֆինանսավորման կրճատումը, դա պարզապես արտառոց է։ Ավաղ, այդպիսիք են Հայաստանի կառավարության առաջնահերթությունները։ Նա ավելացնում է իրավակարգի և ներքին անվտանգության ապահովման պետական ծախսերն, ըստ էության, արտաքին անվտանգության հաշվին։ Իմիջիայլոց, դժվար թե հնարավոր է նկատել իրավակարգի ապահովման հետ կապված իրավիճակի բարելավում, երբ հազարավոր ոստիկաններ զօրուգիշեր զբաղված են պետական շենքերի հսկումով, բողոքի ակցիաները ցրելով և ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելով։

Այս տարվա ապրիլին առաջին եռամսյակի արդյունքներով խորհրդակցության ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարեց. «Կարծում եմ, որ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար պետք է վերջ դնել Հայաստանի սպառազինմանը: Հայաստանը զենքի փող չունի և երբեք չի ունեցել։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում մենք ոչնչացրել ենք 4-5 մլրդ դոլարի հայկական տեխնիկա։ Հարց է ծագում. որտեղի՞ց աղքատ Հայաստանին այդքան փող։ Որտեղի՞ց են այդ վարկերը։ Մարվել են արդյոք այդ վարկերը, թե՞ ոչ։ Թե՞ դրանք չեղարկված են։ Եթե այդ վարկերը չլինեին, ապա, լիովին համոզված եմ, ղարաբաղյան երկրորդ պատերազմի անհրաժեշտություն չէր լինի»։ Թշնամական պետության ղեկավարի նման հայտարարությունների խորապատկերին Հայաստանի կառավարությունը կրճատում է պաշտպանական ծախսերը։

Օրերս, մեկնաբանելով սահմանի վրա ադրբեջանական հերթական սադրանքը, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ներկայացրեց ժամկետային զինծառայող Դավիթ Վարդանյանի վիրավորվելու հանգամանքները, ինչի հետևանքով նա ավելի ուշ մահացել է: Աբրահամյանը նշեց, որ զինվորի զոհվելու օրվանից ի վեր ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են տարածում, որտեղ երևում են վրանները: Պատգամավորի տվյալներով, վիրավորվելու պահին Վարդանյանը գտնվել է դրանցից մեկում։ «Առհասարակ զորքերի պահպանության այդ հատվածում զինծառայողները վրանում են ծառայություն կրում։ Հիշեցի այս իշխանությունների հավաստիացումները, թե առաջնագիծն ապահովված է համապատասխան կացարաններով։ Եթե նույնիսկ վրան տեղադրվել է, ապա ի՞նչ որոշումների հիման վրա է այն տեղադրվել խոցելի, տեսանելի, թշնամու կրակի համար հասանելի հատվածում,- ընդգծեց Աբրահամյանը։

Եվ այս պայմաններում Հայաստանի կառավարությունն անցած տարի 68 մլրդ դրամով կրճատել է պաշտպանական բյուջեի ծախսերը։ 2020թ. բյուջետային ծախսերի կառուցվածքում պաշտպանության ոլորտի մասնաբաժինը կազմել է 20,5%։ Մեկ տարի անց դա (մասնաբաժինը) կրճատվել է մինչև 16,1%-ի: Նման տեմպերով և երկրի պաշտպանունակության նկատմամբ իշխանության նման վերաբերմունքի պարագայում արդեն 5 տարի անց ոլորտի ֆինանսավորումը կարող է ընդհանրապես դադարեցվել։ Ինչպե՞ս այստեղ չհիշես առաջիկա 30 տարիների համար Փաշինյանի մեգախնդիրները, որոնցից էր նաև հետևյալը. «Բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին 20-յակում»։ Դատելով ամենից՝ Փաշինյանը մտափոխվել է, հիմա նա նախընտրում է տեղ չզբաղեցնել ոչ մի 20-յակում ու վերջնականապես կործանել դեռևս 4 տարի առաջ մարտունակ և ուժեղ բանակը…