ՀՀ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԸ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱԶՄԱԹԻՎ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՊԱՐԶԵԼ

Հայաստանի Հաշվեքննիչ պալատը 2 731 դեպք է պարզել, երբ ՊՇՌ-թեստերի արդյունքները դրանք ստանալուց մի քանի րոպե, անգամ մի քանի օր առաջ մտցվել են տվյալների ընդհանուր համակարգ։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ, COVID-19 համավարակի հետ կապված՝ առողջապահության նախարարությանը հատկացված բյուջետային միջոցների ծախսման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ավելի վաղ իրականացրած արդյունքների ստուգման հաշվետվության քննարկման ընթացքում, հունիսի 10-ին ասել է Հաշվեքննիչ պալատի 7-րդ վարչության պետ Խաչիկ Փափազյանը։

Ներկայացված հաշվետվության համաձայն՝ պետության հատկացրած միջոցները նպատակային և արդյունավետ չեն օգտագործվել խնայողության տեսակետից։

«Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարող բուժհաստատությունների ցուցակ չմտնող հիվանդանոցների աշխատակիցներին, ընդհանուր առմամբ, վճարվել է աշխատավարձ 974 մլն դրամի չափով։ Վերոնշյալ աշխատակիցներին վճարվել են նաև պարգևավճարներ 148 մլն դրամի չափով»,- տեղեկացրել է Փափազյանը։

Բացի այդ, նշված ցուցակ չմտած հաստատություններին շինարարության և գույքի ձեռքբերման համար հատկացվել է մոտ 1,8 մլրդ դրամ։ Իսկ ըստ էության առողջապահության նախարարության համակարգ չմտնող կառույցներին հատկացվել է 448 մլն դրամ։

«Եզրակացության համաձայն՝ 26,5 մլրդ դրամից 2,6 մլրդ-ն հատկացվել է ոչ թե պացիենտների բուժմանը, այլ պարգևավճարներին և շինարարական աշխատանքներին»,- նշել է տեսչական գերատեսչության ներկայացուցիչը։

Բացի այդ, վերապրոֆիլավորված բուժհաստատությունների աշխատակիցներին վճարել են 152 մլն դրամով ավելի, քան նախապես ծրագրված էր։ Այս դեպքում խոսքը սովորական աշխատավարձերի մասին է։ Ըստ էության, նշյալ հաստատությունների աշխատակիցներին վճարել են բարձրացված աշխատավարձ։

News.am