ԻՐ ԵՎ ԱՅՆ ՏՂԱՅԻ ՀԱՄԱՐ

Թուրքական ավիացիոն իշխանությունները չեն տրամադրել իրենց երկրի օդային տարածքը FLYONE ARMENIA ավիաընկերությանը՝ դեպի Լիբանան չվերթների իրականացման (overflight) համար: Այս մասին ասվում է փոխադրողի հաղորդագրության մեջ։

Ստեղծված իրավիճակի հետևանքով ավիաընկերությունը ստիպված է մինչև հուլիսի 21-ը չեղարկել Երևան-Բեյրութ-Երևան չվերթները: Տվյալ երթուղով թռիչքների վերսկսման մասին կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն։

Ավիաընկերությունը ուղևորներին առաջարկում է հետևյալ այլընտրանքները. թռիչքի ամսաթվի փոփոխություն, չեղարկված թռիչքի գումարի ամբողջական վերադարձ: Եթե ավիատոմսը ձեռք է բերվել տուրիստական գործակալությունում, ավիաընկերությունն առաջարկում է կապ հաստատել գործակալության հետ՝ ներկայացված տարբերակներից մեկն ընտրելու համար: Միևնույն ժամանակ նշվում է, որ Երևան-Ստամբուլ-Երևան, Երևան-Փարիզ-Երևան և Երևան-Լիոն-Երևան չվերթները իրականացվում են ըստ չվացուցակի, հաղորդում է armeniatoday.news։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. թե հատկապես ինչի հետ է կապված թուրքական ավիացիոն իշխանությունների այս որոշումը, ստույգ դժվար է ասել։ Սակայն առաջին բանը, որին հարկ է լինում ուշադրություն դարձնել հայ-թուրքական օրակարգի հաղորդակցական հարցերում, դրանց քաղաքական տեսանկյան առաջնայնությունն է Անկարայի համար։ Այսինքն բիզնեսը՝ բիզնես, ավիացիան՝ ավիացիա, օդային հաղորդակցությունը՝ օդային հաղորդակցություն, բայց կարևորը քաղաքականությունն է։ Թուրքիայի համար գլխավորը փոքրիկ լոգիստիկ ողորմություններ նետելն է Երևանին՝ դրանց դիմաց մեծ ու լուրջ զիջումներ ստանալու նպատակով։ Այդպես եղել է, այդպես կա և այդպես կլինի, քանի դեռ Հայաստանում գործում է ներկայիս իշխանությունը՝ հայ ժողովրդի և պետության համար գոյաբանական սպառնալիքի պայմաններում խաղաղության դարաշրջան հաստատելու իր «սևեռուն գաղափարով»։

Այս տարվա փետրվարին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Անկարան գոհ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի ցուցաբերած կամքից։ Էրդողանը, մասնավորապես, նշեց. «Մենք գիտենք, որ Հայաստանն ակնկալում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում և սահմանների բացում։ Եթե նա շարունակի վճռականություն ցուցաբերել սկսված գործընթացում, ապա սահմանների բացումը խնդիր չի լինի։ Մենք թույլատրել ենք չարտերային չվերթները և դրական շարունակություն ենք ակնկալում նաև Հայաստանից»։ Էրդողանը, բնականաբար, չմանրամասնեց ու չհստակեցրեց, որ Հայաստանի և Թուրքիայի միջև չարտերային չվերթներ իրականացվել են նաև նախկինում, որ այդ չվերթներով հայ զբոսաշրջիկները թռչում էին, օրինակ, Անթալիա՝ իրենց ավանդը ներդնելով թուրքական զբոսաշրջային ոլորտի զարգացման գործում։ Որ այդ չվերթներով հայ առևտրականները հայկական շուկա էին բերում թուրքական արտադրանք։ Էրդողանը չէր կարող դա ասել, քանի որ պետք էր ներկայացնել չարտերային չվերթի բացումը որպես Թուրքիայի կողմից մեծ լավություն Հայաստանին։

Սակայն Թուրքիայի նախագահի այդ հայտարարության մեջ կար ևս մեկ կարևոր նրբերանգ։ Նա ընդգծեց. «Այս համատեքստում հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներն առաջ են մղվում՝ աջակցելով միմյանց։ Ինչպես մինչ օրս, այնպես էլ այսուհետ ամեն ինչ իրականացնելու ենք Ադրբեջանի հետ համաձայնեցված»։ Այլ կերպ ասած՝ անգամ հենց նույն աննշանակալի չարտերային թռիչքը Էրդողանը պարզապես «վաճառել» է Երևանին, բայց վաճառել երկու անգամ։ Իր և այն տղայի համար: Այսինքն՝ Ալիևի։

Մինչ Էրդողանն իրականացնում էր այդ գործարքը և համաձայնեցնում դա Ալիևի հետ, Երևանը սեփական կամքով, անհատույց, առանց որևէ շահաբաժինների բացեց հայկական օդային տարածքը դեպի Նախիջևան ադրբեջանական ավիացիայի թռիչքների համար։ Այստեղ նկատենք, որ չեն եղել ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական շահաբաժիններ։ Դժվար թե կարելի է այդպիսին (շահաբաժին) անվանել այն ողորմելի գրոշները, որ Հայաստանը ստանում է Ադրբեջանի ազգային ավիափոխադրող AZAL-ից՝ նշյալ երթուղով թռիչքներ իրականացնելիս աերոնավիգացիոն ծառայությունների համար։ Օրինակ, Բաքու-Նախիջևան և հակադարձ թռիչքների իրականացման 4 ամիսների ընթացքում AZAL-ը Հայաստանին վճարել է ընդամենը 32 հազար եվրո։ Կրկնեմ, դա շահաբաժին անվանելը Երևանի կողմից պարզապես ծիծաղելի կլինի։ Է՛լ ավելի ծիծաղելի է, որ շահաբաժին անվանելու ուրիշ ոչինչ չկա։

Վերջին շրջանում Բաքվից սկսել են մշտապես դժգոհություններ հնչել Երևանի հասցեին։ Իբր՝ հայկական կողմը ձգձգում է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը, չի շտապում տալ տխրահռչակ «Զանգեզուրի միջանցքը», չի շտապում հրաժարվել Արցախից ու իր տարածքի մի մասից և այլն։ Իսկ եթե «այն տղան» գոհ չէ, ուրեմն գոհ չէ նաև այս մեկը։ Այսինքն Էրդողանը։ Արժե՞ արդյոք այս խորապատկերին զարմանալ, որ Թուրքիան փակում է իր օդային տարածքը Բեյրութ թռչող հայկական օդանավերի համար։

Այստեղ, իհարկե, կարող է այլ հարց առաջանալ. եթե այդ օդային միջանցքի փակումով Անկարան պատժում է Երևանին Բաքվի հետ երկխոսության մեջ կամակորության համար, ապա ավելի տրամաբանական չէ՞ր լինի արդյոք նախևառաջ արգելել Երևան-Ստամբուլ չվերթները։ Ոչ, իհարկե։ Անկարային անհրաժեշտ է այդ չվերթը։ Այն լրացնում է Հայաստան զավթախուժելու թուրքական ուղեգիծը։ Ինչո՞ւ զրկվել այդ գործիքից, թող աշխատի։ Իսկ Փաշինյանից Էրդողանի և Ալիևի դժգոհությունը կարելի է արտահայտել Անկարայի շահերն ընդհանրապես չշոշափող լծակներով։ Չէ՞ որ վերջինս ընդհանրապես թքած ունի՝ թռչում են արդյոք հայկական ինքնաթիռները Լիբանան, թե ոչ։