ԳՆԵՐ. ՏԱԳՆԱՊԱԼԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ ԵՆ

Չնայած այն բանին, որ ՀՀ ԿԲ-ն դրամի ամրապնդմանն իր չդիմադրելով փորձում է զսպել գնաճը, այդուհանդերձ թանկացումը կասեցնել չի հաջողվում: Այստեղ, իհարկե, կա արդարացուցիչ ավանդական գիծը։ Ասել է թե՝ կարող էր և ավելի վատ լինել։ Այդ մոտեցումը սկզբունքորեն համապիտանի է և գործածվում է այն ամենի նկատմամբ, ինչը բացասական հատկանիշներ է կրում: Ինչևէ, հասարակական ընկալման մեջ «կարող էր և ավելի վատ լինել» արդարացումն արդեն վաղուց չի գործում որպես մխիթարական ազդակ։ Հասարակական ընկալման մեջ գործում է «այստեղ և այս պահին» բանաձևը։ Ահա ուրեմն, անկախ նրանից, թե ինչպես կարող էր լինել, այս պահին գների առումով վիճակը վատ է։

Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, ընթացիկ տարվա հունիսին Հայաստանում սպառողական գները նախորդ տարվա հունիսի համեմատ աճել են 10,3%-ով: Ընդ որում, տարվա ընթացքում գների առավել քան տպավորիչ աճ է գրանցվել պարենամթերքի և ոչ ալկոհոլային ըմպելիքների մասով. 17,1%։ Կրկնեմ, և դա դեռ այն պայմաններում, երբ «ամուր» դրամը արգելակում է գնաճը։ Պատկերացնելն անգամ սարսափելի է, թե ինչ կկատարվի գների հետ, երբ դրամը կսկսի թուլանալ։ Իսկ դա, այսպես թե այնպես, եթե ոչ այսօր, ապա վաղը տեղի կունենա։

Բայց վերադառնանք գներին, ավելի ճիշտ՝ դրանց դինամիկային։ Անցած տարվա հունիսից մինչև այս տարվա հունիս երկրում զգալիորեն՝ 10,5%-ով թանկացել են կոշկեղենն ու հագուստը, 14,7%-ով աճել են հանգստի և մշակութային օբյեկտների այցելության գները, 9%-ով թանկացել է տրանսպորտը, 6,7%-ով աճել են կոմունալ ծառայությունների գները: Թվերը, ուղիղն ասենք, մտահոգիչ են։ Բայց բնավ ոչ ամենասարսափելի։ Ի վերջո, կարելի է ինչ-որ կերպ յոլա գնալ առանց զգեստապահարանի թարմացման։ Շատ ավելի սարսափելի է, օրինակ, այն, որ նախորդ տարվա հունիսի համեմատ 2022-ի հունիսին 19,9%-ով թանկացել են հացամթերքն ու ձավարեղենը, 11%-ով՝ միսը, ձկնեղենը, կաթնամթերքը, ձուն։ 16,2%-ով աճել են մրգի գները, իսկ բանջարեղենն ընդհանրապես դարձել է նրբախորտիկ՝ թանկանալով 45,8%-ով։

Վիճակագրական կոմիտեի զեկույցում տվյալներ են ներկայացված այլ երկրներում գնային փոփոխությունների մասին։ Ըստ երևույթին, համարել են, թե աշխարհում առկա իրավիճակին ծանոթանալը որոշակի հանգստացնող ազդեցություն կունենա գներից շոկ ապրող հայ հասարակության վրա։ Իսկապես, գների աճի հարցում Հայաստանը բնավ ամենածանր վիճակում չէ։ Օրինակ, Թուրքիայում գների աճի տեմպը համադրելի է ավտոմրցարշավային ուղու վրա բացվող արագությունների հետ։ Այնպես որ նրանք, ովքեր առաջվա պես հավատում են, թե «ապագա կա», միանգամայն կարող են զուգահեռներ անցկացնել Թուրքիայի հետ և ինքնամխիթարվել։

Իսկ ընդհանուր առմամբ գների առումով իրավիճակը Հայաստանում վատթարանում է ամսեամիս։ Ընդ որում բնակչության խոցելի խավերին աջակցության պետական ծրագրերի բացակայությունը, զուգորդվելով գների անսանձ աճի հետ, նպատակաուղղված ավելացնում է աղքատության մակարդակը երկրում։

Այո, ամուր դրամն ինչ-որ կերպ նվազեցնում է գնաճի տեմպը։ Բայց այդ արժութային արգելակը կարող է գերտաքանալ։ Ի վերջո, չմոռանանք, որ դրամի փոխարժեքի բարձրացման պատճառներից մեկը արտարժույթի իրավիճակային ներհոսքն է երկիր։ Երևույթն այդ բացառապես ժամանակավոր է։ Իսկ ի՞նչ է լինելու հետո։ Իսկ հետո՝ դրամի անկում և գնաճային արգելակների խափանում…