ՌԴ-ն և Ուկրաինան պայմանավորվել են` ցորենով բեռնված նավերին հարվածներ չպետք է հասցվեն

Ռուսաստանը և Ուկրաինան, համաձայն ռուսական ապրանքների մատակարարման սահմանափակումների վերացման և ուկրաինական հացահատիկի արտահանմանը Մոսկվայի աջակցության մասին փաստաթղթերի, պայմանավորվել են, որ Ուկրաինայից հացահատիկով բեռնված նավերը չպետք է հարձակումների ենթարկվեն: Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՄԱԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կողմերից ոչ մեկը չպետք է հարձակվի նավերի վրա, որոնք տարածքային ջրերից դուրս են գալիս դեպի Սև ծով և այլն։ Այնպես որ, անվտանգ անցնումը կապահովվի։ Դրան կհետևի Ստամբուլում Համատեղ համակարգող կենտրոնի ստեղծումը։ Մենք ՄԱԿ-ում արդեն սկսել ենք որոշել` ով կլինի այդ կենտրոնում մեր ներկայացուցիչը»,- ասել է նա։

Համաշխարհային կազմակերպության բարձրաստիճան ներկայացուցչի խոսքով՝ հացահատիկի բեռնմանը կհետևեն ՄԱԿ-ը, Թուրքիան և Ուկրաինան:

Նա ընդգծել է, որ Ստամբուլում Համատեղ համակարգող կենտրոնը, որը պետք է ստեղծվի ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի դուրսբերումն ապահովելու համար, կհամալրվի առավելապես զինվորականներով:

ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքով՝ հացահատիկով բեռնված նավերը համաձայնեցված միջանցքով Ուկրաինայից դուրս կգան Սև ծով:

Նա նաև ընդգծել է, որ Սև ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման մասին համաձայնագրի գործողության ժամկետը 120 օր է՝ երկարաձգման հնարավորությամբ:

Հայտնել ենք, որ Ստամբուլում այսօր Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի մասնակցությամբ ստորագրվեց Սև ծովի ափերից միջազգային շուկա հացահատիկի արտահանման վերաբերյալ համաձայնագիրը։

Հիշեցնենք, որ փաստաթղթով նախատեսվում է հացահատիկի արտահանման համար անվտանգության միջանցք ստեղծել։ Այդ է պատճառը, որ փաստաթուղթը ստորագրում են պաշտպանության նախարարները։ Այդ միջանցքով հացահատիկով բեռնված նավերը պետք է դուրս գան նավահանգիստներից և, անցնելով Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները, սահմանված ուղով մեկնեն համապատասխան երկրներ։ Նախատեսվում է, որ գործընթացի համակարգման համար Ստամբուլում կստեղծվի համապատասխան կենտրոն։ Նավերը Թուրքիայի կողմից սահմանված կետերում կանգնեցվելու և ստուգվելու են։ Դրանց մասնակցություն է ունենալու նաև ռուսական կողմը։

ՄԱԿ-ում բազմիցս հայտարարել են, որ հացահատիկի պակասի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիք է հասունացել, Արևմուտքը Ռուսաստանին է մեղադրում ուկրաինական հացահատիկի մատակարարումները խոչընդոտելու համար։ Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքները։

Sputnik Արմենիա