Պետք է միասնաբար պայքարել օրենքի գերակայության հաստատման համար. Չալաբյանի ուղերձը ՔԿՀ-ից

«Համախմբում» շարժման անդամ, ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից ուղերձ է հղել, որն այսօր հրավիրված ասուլիսում ներկայացրեց նրա կինը` Անահիտ Ադամյանը։

Չալաբյանը նշում է, որ արդեն 2.5 ամիս է` պատանդի կարգավիճակում է։

«Եթե այս ամենի սկզբում կասկածներ կարող էին լինել կատարողի էության մասին, ապա հիմա փաստերն ակնհայտ են դարձնում իմ և ընտանիքիս հետ տեղի ունեցող հաշվեհարդարը։ Բիրտ բռնաճնշումներ կան եղբորս` Արա Չալաբյանի նկատմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով։ Այս ամենը տեղի է ունենում արևմտյան կառույցների լուռ հայացքի ներքո»,- ասում է Չալաբյանն իր ուղերձում։

Նա շեշտում է, որ իրեն առաջադրված մեղադրանքը կեղծ է, կալանքի որոշումը` օրենքի խախտումներով։ Չալաբյանի խոսքով` բռնության ալիքը կարող է կանգնեցնել հասարակության միասնական պայքարը սեփական իրավունքների համար։

Ըստ նրա` եթե չենք ցանկանում դառնալ Հայաստանում գործող վարչակարգի հերթական զոհը, պետք է մի կողմ թողնել երկմտանքը և անտարբերությունը, միասնաբար պայքարել օրենքի գերակայության հաստատման, իրապես անկախ դատարանների և արդարադատության համար։

Նա շնորհակալություն է հայտնում բոլորին, ովքեր այս ընթացքում կանգնած են եղել իր ընտանիքի կողքին։

«Վստահեցնում եմ ձեզ, որ շարունակելու եմ իմ պայքարը մինչև հաղթական ավարտ` հանուն հայրենիքի ազատության»,- ասում է Չալաբյանը։

Sputnik Արմենիա