ԱՌԱՆՑ ՊԱՏՃԱՌԻ. ԻՆՉՈ՞Ւ Է ԲԱՔՈՒՆ ԱՐԳԵԼՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԱՃՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՈՒՄԸ

Արցախի ՆԳՆ ղեկավարի մամլո խոսնակ Հունան Թադևոսյանը հաղորդել է 168.am պարբերականին, որ բռնազավթված տարածքներում զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքները դադարեցված են և արդեն երկար ժամանակ չեն անցկացվում, քանի որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս: Նրա խոսքերով, ռուսական կողմի միջնորդությամբ բանակցություններ են ընթանում որոնումների վերսկսման շուրջ, սակայն դրական ազդակներ դեռևս չկան:

Թադեվոսյանը նշեց նաեվ, որ Բաքուն որոնողական աշխատանքների արգելման որևէ պատճառ չի բերում: «Ինչպես նախկինում, երբ որոնումներն ընթացքի մեջ էին, և ժամանակ առ ժամանակ Ադրբեջանն այս աշխատանքները կանգնեցնում էր առանց որևէ պատճառի, հիմա էլ նույնն է անում։ Նույնիսկ ենթադրությունների մակարդակում չկա որևէ կարծիք, որ կոնկրետ այս կամ այն խնդրի պատճառով չեն թողնում»,- ասաց նա։ Եվ հավելեց, որ որոնումների ընթացքում հայկական և ադրբեջանական կողմերի միջև եղել են դիակների և մասունքների փոխանակման դեպքեր։

Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների՝ հրադադարից հետո որոնողական աշխատանքների ողջ ընթացքում հայկական կողմին հաջողվել է հայտնաբերել 1711 դիակ և մասունք, որոնք ուղարկվել են դատաբժշկական փորձաքննության:

Վերջին անգամ այդ թեմայով լուր է ստացվել փետրվարի 23-ին։ «Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում, փրկարարները հայտնաբերել ու տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի (ռազմական գործողությունների մասնակից պահեստազորային, կամավորական) աճյուն»,- ասված էր Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդագրության մեջ: Այսինքն ստացվում է, որ «երկար ժամանակը», որի մասին խոսում է Թադևոսյանը, 5 ամիս է։

Այս ողջ ընթացքում պաշտոնական Երևանը լռում է. ոչ մի անգամ Փաշինյանի իշխանության որևէ ներկայացուցիչ չի բարձրացրել այս խնդիրը, որ Ադրբեջանը թույլ չի տալիս իրականացնել այն, ինչն ամրագրված է միջազգային մարդասիրական իրավունքով։ Ավելին, արդեն ամբողջությամբ խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության տխրահռչակ 8-րդ կետը. «Կատարվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում»։ Եթե նախկինում դա վերաբերում էր միայն ռազմագերիներին, ապա այժմ Բաքուն հրաժարվում է կատարել նաև «զոհվածների դիակների փոխանակման» պարտավորությունը։ Բայց Հայաստանի իշխանությունները դա անտեսում և լռում են։

Լռում են, թեև խոսքը կարևոր և շատ ցավոտ խնդրի մասին է. պարզելու անհայտ կորածների ճակատագիրը, ընդ որում ոչ միայն արցախցիների, այլև Հայաստանի քաղաքացիների, լինեն զինծառայողներ, թե կամավորներ։ Լռում են, թեև դա նաև բարոյական շատ կարևոր խնդիր է. գտնել և քրիստոնեաբար հողին հանձնել ԲՈԼՈՐԻՆ, ովքեր կռվել ու զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքը։ Որպեսզի հանգիստ ննջեն նրանց հոգիները, որպեսզի հարազատներին ու մտերիմներին չտանջի տառապանքներից ամենասարսափելին՝ անհայտությունը։

Բայց ի՞նչ իրավական և բարոյական հարցերի ու պարտավորությունների մասին կարելի է խոսել, երբ խոսքը վերաբերում է հենց մարմնացյալ անբարոյականությանը, անգթությանը, անպատասխանատվությանն ու ցինիզմին՝ Հայաստանը բռնազավթած փաշինյանական ավազակախմբին։

Հայրենիքի ի՞նչ պաշտպանության եվ զոհվածների հանդեպ ի՞նչ պարտքի մասին կարելի է խոսել նրանց լիակատար բարեկեցության, կյանքի և սեփական արտոնությունների ցուցադրական ըմբոշխման, նյութական բարիքների հետևից ընչաքաղց վազքի և սեփական կուշտ փորի ու լիքը քսակի համար ամեն ինչի, ընդհուպ մինչև ամենն ու ամենքին դավաճանելու նրանց պատրաստակամության խորապատկերին։ Խղճի չնչին իսկ խայթ չզգալով բանի համար, որ մինչ օրս, պատերազմից մեկ տարի և 10 ամիս անց, հայտնի չեն բոլոր զոհվածների անունները, հողին հանձնված չեն գրավյալ տարածքներում մնացած բոլորի աճյունները և պարզված չէ բոլոր անհայտ կորածների ճակատագիրը։

Այնպես որ հարցի բարոյական կողմը, իրոք, պետք է մի կողմ դնենք։ Այլ հարց է քաղաքական տեսանկյունը։ Կրկնեմ. նույնիսկ եթե ռեժիմն անթաքույց անջրպետվում է Արցախի հետ կապված ամեն ինչից՝ համարելով, թե դա վերաբերում է միայն արցախցիներին ու ռուսական կողմին, խոսքը նաև Հայաստանի Հանրապետության զոհված քաղաքացիների մասին է։ Սա զուտ հումանիտար խնդիր է, որն անմիջականորեն չի շոշափում քաղաքական տեսանկյունները։ Բայց ո՛չ անձամբ կապիտուլյանտը, ո՛չ էլ Հայաստանի ԱԳՆ ղեկավար ու Անվտանգության խորհրդի քարտուղար կոչեցյալները, որոնք ամեն առիթով ու առանց առիթի զեկուցում են թուրքերի հետ խաղաղության սեփական պատրաստակամության մասին, ոչ մի անգամ այս 5 ամիսների ողջ ընթացքում մի բառ անգամ չեն ասել այն մասին, որ Ադրբեջանն առանց որևէ պատճառի արգելում է որոնողական աշխատանքներ անցկացնել։

Ասենք, իսկ առհասարակ տեղյա՞կ են արդյոք նրանք այդ մասին։ Հարցն ամենևին էլ հռետորական չէ, եթե հաշվի առնենք, որ բոլորովին վերջերս ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը բացարձակ պատրաստակամություն հայտնեց «դուրս բերել հայ զինծառայողներին» Արցախի տարածքից՝ համաձայն նոյեմբերի 9-10-ի հայտարարության, բայց ծպտուն անգամ չհանեց, որ Բաքուն շարունակում է խախտել նույն այդ փաստաթուղթը գերիների վերադարձի, իսկ այժմ ՝ նաև դիակների որոնման և փոխանակման մասով։ Ծպտուն չհանեց, թեև դրանից մեկ-երկու օր առաջ Ալիևն ինքն էր կրկին մեղադրել Հայաստանին հայտարարության կետերը չկատարելու մեջ։

Քիչ ավելի վաղ՝ հուլիսի 16-ին, Միրզոյանը Թբիլիսիում հանդիպել էր իր գործընկեր Բայրամովի հետ։ Հաղորդագրության մեջ ասվում էր, որ նա «շեշտել է հումանիտար խնդիրների, այդ թվում` հայ ռազմագերիների ազատ արձակման ու հայրենադարձման և անհետ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման խնդիրների կարևորությունը»: Եվ ոչ մի բառ՝ աճյունների որոնման հինգամսյա արգելքի մասին։ Եվ դա այն խորապատկերին, երբ «Բայրամովը կարևորել է շուրջ 4000 անհայտ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզումը». խոսքը, ընդգծեմ, Արցախյան առաջին պատերազմի մասին է։ Ընդ որում այդ թեման Բաքուն բարձրացնում է բնավ ոչ առաջին անգամ։

Այստեղ երուսից մեկն է. կա՛մ Գրիգորյանն ու Միրզոյանը, ինչպեսև իրենց բոլոր հանցակիցները, խորապես թքած ունեն Հայաստանի և Արցախի անհայտ կորած քաղաքացիների ճակատագրի վրա, կա՛մ նրանք որոնման արգելքի մասին իսկապես չգիտեն պարզապես այն պատճառով, որ դա նրանց կրկին իսկ անհետաքրքիր է:

Փաշինյանի, Գրիգորյանի, Միրզոյանի եվ այս ողջ հանցախմբի համար պատերազմը ոչ միայն պարզապես ավարտված է. այն մոռացված է, թաղված և ենթակա իսպառ մոռացության, քանզի այն ամենը, ինչ կապված է պատերազմի և Արցախի հետ, խանգարում է իրենց «խաղաղ» ծրագրերին։ Դեռ երկու տարի էլ (!!!) չի անցել հայ ժողովրդի համար գլոբալ աղետից, բայց միակ բանը, որ երբեմն հիշատակվում է իշխանության կողմից պատերազմի համատեքստում, այն էլ զուտ ձևականորեն, Ադրբեջանի կողմից պահվող ռազմագերիներն ու պատանդներն են: Մնացյալ ամենը, այդ թվում՝ Արցախի գրավյալ տարածքներում մնացած մեր տղաների անթաղ մարմինները, լռության են մատնվում՝ միտումնավոր և միանգամայն կոնկրետ քաղաքական նպատակներով։ Սրանք այնպես են պահում իրենց, ասես ոչինչ չի պատահել, և նույնպիսի կենսակերպ ու պահելաոճ են պարտադրում մեզ ամենքիս, նույնիսկ նրանց, ովքեր այս սարսափելի պատերազմում կորցրել են ամենահարազատ ու մտերիմ մարդկանց:

Այնպես որ թույլ կտանք մեզ չհամաձայնել Հունան Թադևոսյանի հետ այն պատճառների հարցում, որոնք դրդում են Բաքվին արգելել աճյունների որոնումը. այնտեղ վստահ են, որ ո՛չ Փաշինյանը, ո՛չ էլ Երևանից որևէ այլ մեկը երբեք չի բարձրացնի այդ հարցը։ Ադրբեջանը կարիք չունի պատճառներ փնտրելու, որպեսզի հրաժարվի անել այն, ինչ պարտավոր է անել համաձայն փաստաթղթերի, պարտավորությունների կամ պարզապես համամարդկային հումանիտար նորմերի ու պահվածքի կանոնների: Այդ երկիրը վաղուց դուրս է դրել իրեն այդ նորմերից և մտադիր չէ փոխվել։

Մանավանդ երբ նրան ոչ ոք չի պարտադրում դա անել, չի պնդում ու նույնիսկ չի հիշեցնում։ Փաշինյանը, Գրիգորյանն ու Միրզոյանը նույնքան անտարբեր են զոհված և կորած հայերի ճակատագրի նկատմամբ, որքան Ալիևն ու Բայրամովը։