Հաստատվել է Արցախի բռնազավթված տարածքներում մնացած թանգարանների և ցուցասրահների ցանկը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ հուլիսի 28-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի երկրորդ նիստը: Այս մասին հայտնում է Արցախի կառավարության մամուլի ծառայությունը։

Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել խորհրդի ձևավորումից հետո կարճ ժամանակահատվածում իրականացված փաստահավաք աշխատանքը և խորհրդի անդամների հետ քննարկել առաջիկա աշխատանքների ուղղվածությանն ու ծավալներին առնչվող հարցեր:

Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի միջոցառումների պլանի կատարման ընթացքի մասին զեկույցով հանդես է եկել խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը: Օրակարգի հերթական հարցով հաստատվել է Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքներում մնացած թանգարանների և ցուցասրահների հավաքածուների ցանկը:

Շահագրգիռ քննարկում է ծավալվել հետազոտական և տեղեկատվական տարբեր միջոցառումների իրականացման ընթացքի հետ կապված՝ հստակեցնելով խորհրդի ու լիազոր մարմինների առաջիկա անելիքները:

Armenia Today