ՄԻԵԴ-ն արձագանքել է Բերձորի և Աղավնոյի բնակիչների իրավունքների պահպանման հարցին

ՄԻԵԴ-ը վերահաստատել է Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության համար կիրառված միջանկյալ միջոցը, տեղեկանում ենք միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջից։

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ իրականացվող զինված հարձակումների, Բերձոր և Աղավնո համայնքների բնակչության տեղահանման սպառնալիքների նկատմամբ կիրառելի է 2020 թվականի սեպտեմբերի 29-ի կայացված և մինչ օրս ուժի մեջ գտնվող որոշումը, այն է`ՄԻԵԴ-ը կողմերին հրավիրել է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության`կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների խախտմանը։

Մասնավորապես, խոսքը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք), 3-րդ (խոշտանգումների արգելում) և 8-րդ (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) հոդվածներով պաշտպանվող իրավունքները վտանգի տակ դնելու մասին է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ի միջազգային դատարանը որոշել է, որ Ադրբեջանը պետք է միջոցներ ձեռնարկի հայերի նկատմամբ ռասայական ատելության հրահրումը կանխելու համար։ Դատարանը նույն պահանջն է ներկայացրել նաև Հայաստանին և կողմերին կոչ է արել ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է իրավիճակի վատթարացման հանգեցնել։

Հավելենք` Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը հայտարարել է, որ տեղափոխվող արցախցիները նախ ժամանակավոր կացարաններ, վարձի փոխհատուցում կստանան, իսկ հետո` տուն գնելու սերտիֆիկատ։

Sputnik Արմենիա