ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ։ ԱԶԳԱՅԻՆ (ԱՆ)ՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՌ Է ԵՎ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՎԱԾ

ԱԻՆ-ի համար մոլերը և առևտրի կենտրոնները բարձր ռիսկի օբյեկտներ են, հայտարարել է նախարարության ղեկավար Արմեն Փամբուխչյանը ասուլիսում՝ պատասխանելով այն հարցին, թե «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունից հետո անցկացվո՞ւմ են արդյոք լրացուցիչ ստուգումներ համանման օբյեկտներում: Եվ հավելել, որ ԱԻՆ-ը ծրագրեր ունի տարբեր սցենարներով միջադեպերի պարագայում։ Այն մասին, թե ինչ է ձեռնարկվում իշխանությունների կողմից, որպեսզի այդ «միջադեպերը» տեղի չունենան, նախարարը, դատելով մամուլի հրապարակումներից, ոչ մի բառ չի ասել։ Ասենք, և դա բնավ նրա իրավասությունը չէ, եթե անկեղծ։

Հենց նույն օրը՝ օգոստոսի 22-ին, ԱԻՆ-ը ահազանգ է ստացել, որ Երևանի Շոպրոնի փողոցում գտնվող բնակելի շենքի նկուղում կասկածելի պայթուցիկ սարք կա: Թե ինչ սարք էր դա, իսկապես վտանգ ներկայացնում էր արդյոք բնակիչների համար և այլ մանրամասներ ո՛չ նույն, ո՛չ էլ հաջորդ օրը չհաղորդվեցին: Ոչինչ չասվեց նաև այն մասին, թե սկսվել է արդյոք հետաքննություն՝ պարզելու համար մայրաքաղաքում բնակելի շենքի նկուղում պայթուցիկ սարքի հայտնվելու հանգամանքները։ Ասես դա սովորական երևույթ է՝ մի ամբողջ շենքի համար հավանական վտանգ ներկայացնող առարկա հայտնաբերելը։

Թեպետ, մեր կյանքը վաղուց է վերածվել տարբեր աստիճանի նշանակալիության պատահարների մի անվերջանալի շարանի՝ ընդհուպ մինչև համազգային մասշտաբի ողբերգություններ ու աղետներ, և անհամար հարցերի բազմության, որոնց ոչ ոք, և նախևառաջ իրավասու կառույցները, մտադիր չեն պատասխանել։ Մեծ հաշվով, այդ լռությունը հենց մեծ, գլոբալ պատասխանն է այսօրվա Հայաստանի գոյաբանական կարևորության խնդիրների՝ նրա բնակչության կյանքի և առողջության վերաբերյալ հարցին։

Եվ այդ պատասխանը հանգում է նույնիսկ տարրական անվտանգության երաշխիքների իսպառ բացակայությանը, քանզի իրավասու կառույցներն իսպառ զուրկ են դա ապահովելու կարողությունից ու ցանկությունից։

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունը գուցեև պայմանավորված էր այլ, ոչ ահաբեկչական գործողության բնույթի պատճառներով։ Այո, դյուրավառ պիտույքների մեծ պահեստը և դրա սեփականատերերի (ինչպեսև ողջ առևտրի կենտրոնի սեփականատերերի) փաստացի հրաժարումը նախազգուշական անհրաժեշտ միջոցները պահպանելուց, գումարած տեսչական մարմինների անփութությունն ու դիլետանտիզմը իսկապես կարող էին պայթյունի պատճառ դառնալ, ոչ ոք չի վիճում։ Բայց նույնքան ակնհայտ է, որ նախարարի ծայրահեղ հապճեպ, դեռ մեկ օր էլ չանցած, հայտարարությունն այն մասին, թե ահաբեկչության վարկածը բացառվում է, ինչպեսև նրա ներկայացրած բացատրությունը, չեն դիմանում ոչ մի քննադատության։ Ճիշտ ինչպեսև այդ վարկածի բացառման Փաշինյանի ներկայացրած և սոցցանցերում ու մամուլում ծաղրի և հեգնանքի հերթական տարափը հարուցած հիմնավորումները։

Ազնիվ լինենք. Նիկոլը միանգամայն արժանի է բոլոր այն և շատ ավելի վատթար գնահատականներին ու մակդիրներին, որոնց նրան արդեն 4 տարի շարունակ առատորեն արժանացնում են իրական և վիրտուալ հնարավոր բոլոր հարթակներում: Բայց նա ամենևին էլ հիմար չէ և, անշուշտ, շատ լավ հասկանում է իր ներկայացրած բացատրության անհեթեթությունը. «վիզուալ տեղեկատվությունը, ծուխ կա, փախնող մարդիկ կան...»։ Ավելին, նա հրամցնում է այդ անհեթեթությունը միտումնավոր, ինչպես որ հետևողականորեն ու նպատակաուղղված է գործում բոլոր այլ իրավիճակներում, հետամտելով իր սեփական, ազգային, պետական և հանրային շահերի հետ ոչ մի առնչություն չունեցող նպատակները։ Միայն այս տեսանկյունից դիտարկումն է միանգամայն պարզ ու հստակ դարձնում մեր և մեր երկրի հետ տեղի ունեցող ամենը, և իր տեղը դնում ամեն ինչ։

Նույնքան գիտակցված էր նաև «փողոցային առևտրի», փոխզիջումների, կարուսելների ու այլևայլ բաների մասին նրա թվացյալ անիմաստ հաջորդ բառահեղեղը, մինչև որ բանը հասավ առանցքային արտահայտությանը ՝ «...մոտ ապագայում, իքս պահին մի աղետ ունենալու ենք»։ Այստեղ, պետք է խոստովանել, «վարչապետը» միանգամայն իրավացի է։

Այն մասին, որ հայ ժողովրդի համար առանձնակի աղետալի և պետության անվտանգության տեսանկյունից առանցքային իրադարձությունների պահերին տեղի է ունենում ինչ-որ բան, որը կարող է ամբողջությամբ իր վրա շեղել հասարակության ուշադրությունը, շատ է խոսվել ու գրվել։ Դա արդեն այնքան ակնհայտ է, որ պատահականությունների և զուգադիպությունների մասին խոսք անգամ լինել չի կարող։ Խոսակցություններն այն մասին, թե, իբր՝ չափազանց թանկ է գինը, այդ թվում՝ մարդկային կյանքերի տեսքով, նույնպես դժվար թե կարելի է լուրջ ընդունել առնվազն վերջին 2 տարվա ընթացքում մեզ հետ տեղի ունեցող ամենի խորապատկերին։ Այս իշխանություններն ընդունակ են ամեն ինչի, և հայի կյանքը նրանց համար ոչ մի արժեք չունի հանցավոր ազգադավ նպատակների իրականացման ճանապարհին.այս կանխադրույթը վաղուց կասկածի տակ չի առնում ցանկացած ողջամիտ մարդ։ Այդ իսկ պատճառով կառավարության գործողությունները գնահատելն ու Փաշինյանի հանցավոր ռեժիմից ազգային կողմնորոշում ունեցող ցանկացած իշխանության համար տրամաբանական և բնական գործողություններ պահանջելն անհնար է, անիրատեսական և, կարելի է ասել, պարզապես ծիծաղելի։

Վարչական տարբեր շենքերում, ինչպես նաև մետրոյում տեղադրված ռումբի մասին քանի՞ ահազանգ է ստացել ԱԻՆ-ը վերջին ամսվա ընթացքում: Նույնիսկ առանց հատուկ հաշվարկի, կարելի է վստահորեն ասել, որ դա տեղի է ունեցել միջինը երկու-երեք օր պարբերականությամբ։ Ի դեպ, «Սուրմալուի» պայթյունի օրը նույնպես. Երևանի մետրոյի բոլոր 10 կայարանները փակվել են, մարդիկ տարհանվել, տարածքը ստուգվել։ Դա՞ էլ Էր պատահականություն։ Թե՞ խուճապի, վախի, համընդհանուր քաոսի զգացողության կանխամտածված ահագնացում՝ իշխանությունների անգործության հրապարակային ցուցադրման խորապատկերին։

Հանրահայտ փաստ է, որ անընդհատ կրկնվող ինչ-որ բան անխուսափելիորեն առաջացնում է ընտելացում, ընդհուպ մինչև մարդու մեջ ինքնապահպանման բնազդի և վտանգի զգացումի բթացում: Ուրեմն ո՞վ կարող է երաշխավորել, որ այդ կրկնվող ազդանշանները՝ հենց նույն մետրոյից ուղևորների պարբերական տարահանմամբ, ոչ միայն հոգեբանական տեռորի մասն են կառավարվող քաոսի պայմաններում, այլև կոչված են բթացնելու մարդկանց զգոնությունը, որպեսզի «ճիշտ» օրը Երևանի գետնուղիում իսկապես պայթյուն դղրդա։ Կամ էլ ոչ գետնուղիում, այլ մեկ ուրիշ մարդաշատ վայրում, այդ թվում՝ բնակելի շենքում։

Ի՞նչ պետք է անեն նորմալ պետության համապատասխան կառույցները նման պայմաններում, առաջին հերթին՝ Ազգային անվտանգության ծառայությունը։ Այստեղ հեծանիվ հորինելու հարկ չկա, ամեն ինչ վաղուց մշակված և փորձարկված է համաշխարհային պրակտիկայում. նախազգուշական միջոցների առավելագույն ուժգնացում, ոստիկանության և ԱԱԾ-ի աշխատանքի հատուկ ռեժիմ, տեղեկատվական աշխատանք բնակչության հետ, կանոնավոր ստուգումներ առանձնակի խոցելի օբյեկտներում, ավելի մեծ թվով տեսախցիկների տեղադրում և տեսահսկում, առաջին հերթին՝ մարդաշատ վայրերում, երկիր ժամանող մարդկանց հոսքի վերահսկում... Հարկ կա՞ նշել, որ մեր պայմաններում, ադրբեջանցիներին ու թուրքերին հասցեագրված փաշինյանական «բարի գալուստ»-ի խորապատկերին, թվարկած ամենն ու էլի բազմաթիվ միջոցներ պետք է գործեն տասնապատկված։ Բայց մերօրյա Հայաստանում այդ ուղղությամբ գործնականում ՈՉԻՆՉ չի արվում։

Պարզապես այն պատճառով, որ չկա եվ չի դրվում նման նպատակ. մարդկանց անվտանգության ապահովում հնարավոր առավելագույն մակարդակով, այսինքն՝ պետության հիմնական գործառույթներից մեկի պրոֆեսիոնալ կատարում։ Պարզապես այն պատճառով, որ գործող իշխանություններին հետաքրքրում է միայն իրենց անձնական անվտանգությունը սեփական քաղաքացիներից, և համապատասխան ծառայությունների գլխավոր խնդիրը հենց դա է, նախևառաջ՝ առաջին դեմքի համատեքստում։ Իսկ այն փաստը, որ արդեն ոչ միայն Արցախի, Հայաստանի սահմանամերձ գյուղերի, այլև մայրաքաղաքի բնակչությունն է գնալով ավելի հստակ զգում իր անպաշտպանությունը ամեն տեսակի աղետներից ու միջադեպերից, այդ թվում՝ արհեստական պատճառներ ունեցող, այդ թվում՝ ահաբեկչական գործողություններից, քչերին է հուզում։

Այլ կերպ չի էլ լինում, երբ խարխլված, փլուզված ու անգործության են մատնված պետական հիմնական ինստիտուտներն ու կառույցները, իսկ դրանց ղեկավարների աթոռին նստած են շառլատան-դավաճաններ։ Բայց գլխավորը. այլ կերպ չի էլ կարող լինել, երբ պետությունը հայտնվում է այն մարդկանց ձեռքում, որոնց նպատակը հենց վախի մթնոլորտի, ապագայի հանդեպ սարսափի, ամենուրեք և նույնիսկ սեփական տանը վտանգի զգացումի, մի խոսքով՝ կառավարելի քաոսի ստեղծումն է, որի պայմաններում ավելի հեշտ է իրագործել երկիրը թշնամուն հանձնելու բոլոր ծրագրերը։