Ի՞ՆՉ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԱԼԻԵՎ ՈՒ ԻՐ ՀԵՏԵՎՈՒՄ ԿԱՆԳՆԱԾՆԵՐԸ

Որո՞նք են սահմանի վրա ադրբեջանական հարձակողական գործողությունների նպատակները: Ո՞րն է այն խաղաքարը, որն Ալիևը պատրաստվում է կրկին խաղարկել։ Այս հարցերն այսօր տալիս են բոլորը, փորձելով հասկանալ Բաքվի բռնապետի գործողությունների իրական շարժառիթները։ Հարկ է նշել, որ վարկածների սպեկտրը շատ ու շատ ընդարձակ է. սկսած ամենապարզից՝ «աչքաթող արված» հերթական հայկական տարածքները հափռելու Բաքվի ցանկությունից, վերջացրած կոնսպիրոլոգիական այն տարբերակով, որ Ալիևն ու Փաշինյանը պայմանավորվել են նախաձեռնել լայնամասշտաբ բախումներ՝ հայ հասարակությանը վախեցնելու և «միջանցքի» կամ նմանատիպ այլ բաների վերաբերյալ զիջումների հետ համակերպվել նրան ստիպելու նպատակով։

Չենք վերլուծի ալիեվյան շարժառիթների հիպոթետիկ տարբերակների ողջ բազմազանությունը (օբյեկտիվորեն դրան պետք է ձեռնամուխ լինել միայն Ադրբեջանի գործողությունների արդյունքներով, որոնք քիչ թե շատ հասկանալի կդառնան միայն որոշ ժամանակ անց), այլ միայն կհամալրենք առկա տարբերակների ցանկը ևս մեկ, գուցե ոչ ամենից ինքնօրինակ, բայց, հավատացեք, անչափ հետաքրքիր վարկածով։ Ավելի ճիշտ՝ ոչ թե վարկածով, այլ յուրօրինակ դիտարկումով։

Բանն այն է, որ քաղաքական ռազմավարության տեսանկյունից ընդհանուր առմամբ կարևոր չէ՝ գրավեց Ալիևը մի քանի բարձունք, թե չկարողացավ, խաթարեց արդյոք Հայոց բանակի պաշտպանունակությունը, թե իզուր կերավ իր երկու-երեք հարյուր հատուկջոկատային ասկյարների գլուխը։ Ալիևի կամ նրա հետևում կանգնած ու ականջին խորհուրդներ շշնջացողների համար բնավ այնքան կարևոր չէ, որ մեր տարածքներն և մեր զինված ուժերի թվաքանակը նվազի, որքան այն, որ կրկին նկատելիորեն պակասի Հայաստանի այն քաղաքացիների տոկոսային բաժինը, որոնք իրենց քաղաքական համոզմունքներում դեռևս ռուսամետ կողմնորոշում ունեն։

Ալիևը, նրա հետևում կանգնածները և (կհամարձակվենք ենթադրել) նրանք, ովքեր իր հետ դավադրության մեջ են սահմանի այս կողմում, մի խոսքով՝ այս մարտական բախումների բոլոր հրահրիչները, չէին կարող չիմանալ, որ արյունալի արկածախնդրության արդեն հաջորդ օրը հայ հասարակության զգալի մասը հուսահատության մեջ կշտամբանքի ակնկալելի խոսքեր կհասցեագրի Մոսկվային... Եվ, իհարկե, նրանք չէին կարող չիմանալ, որ դրա համար պատճառ կծառայի Մոսկվայի կողմից ղեկավարվող ՀԱՊԿ քարտուղարության մի որևէ անհեթեթ «խոստումիկ», այն է՝ «պայմանավորվածություն է ձեռք բերվել իրավիճակը գնահատելու համար Հայաստան ուղարկել կազմակերպության առաքելություն՝ գլխավոր քարտուղար Զասի գլխավորությամբ»։

Նրանք չէին կարող չիմանալ, թե ինչ հիմար վիճակի մեջ են դնում ՌԴ փոխարտգործնախարար պարոն Կարասինին, որը շտապեց շեփորել ողջ աշխարհին, թե միայն Մոսկվայի և ոչ այլ մեկի ջանքերով արդեն իսկ հրադադար է հաստատվել սահմանի վրա, մինչդեռ այդ պայմանավորվածությունները Բաքվի ջանքերով չեն պահպանվել անգամ 15 րոպե։

Նրանք չէին կարող չիմանալ, որ սահմանին արյունալի մարտերի մասին լուրն ստանալուց անմիջապես հետո կրեմլյան մերձիշխանական շրջանակներում պտտվող և ռուս հայրենասերներ ձևացող թուրք-ադրբեջանական կորոտչենկո-մարկովյան ռեզիդենտուրան վայրահաչով հարձակվելու է ՀՀ պաշտպանության նախարարության վրա, որն, իբր, սադրանք է հրահրել ԱՄՆ-ի ու Եվրամիության թելադրանքով։

Մի խոսքով, նրանք չէին կարող չիմանալ և չհաշվարկել սկսված բախումների բոլոր հետևանքները, որոնք հերթական անգամ բնավ լավագույնս չեն անդրադառնա Երևանի գլխավոր դաշնակցի հեղինակության վրա։ Առավելևս այն պայմաններում, երբ Հայաստանի իշխանությունները, ի հեճուկս ողջախոհության և ստանձնած պարտավորությունների, շարունակում են Հարավային Կովկասում իբր «հեռահավասարության և հավասարակշռության» տխրահռչակ հեղհեղուկ քաղաքականությունը։

Անհասկանալի է, թե երբ վերջապես Մոսկվան կհասկանա պարզ ճշմարտությունը. այո, իրոք, Փաշինյանը Ռուսաստանի բարեկամը չէ, ինչպեսև, ասենք, բարեկամ չէ հենց Հայաստանին, բայց չեզոքացնել նրա չարակամությունը հնարավոր է միայն տարածաշրջանում դաշնակիցների և թշնամիների նկատմամբ հստակ ու երկակի չափանիշները բացառող քաղաքականության մշակմամբ։ Եվ որ անորոշ, իրավիճակային և երբեմն անսկզբունքայինի տպավորություն թողնող դիվանագիտության դիմաց Ռուսաստանը կարող է հատուցել նույն այդ տարածաշրջանի վերջնական կորստով։

Մեր ռուս բարեկամներն ու դաշնակիցները չպետք է նեղանան նման խոսքերից, քանզի դրանք, ցավոք, արտացոլում են օբյեկտիվ իրականությունը Հարավային Կովկասում. Վրաստանում ռուսամետ հատվածը գրեթե զրոյացած է, Ադրբեջանում իշխանությունների կողմից սքողված, բայց համակարգված կերպով ատելություն է սերմանվում ռուսական պետության նկատմամբ, իսկ հիմա արդեն Հայաստանում էլ ռուսամետությունն օրըստօրե նվազում է։

Անհրաժեշտ է շտապ կասեցնել այդ գործընթացը: